Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննախադեպ քանակի գերիշխող դիրք ենք սկսել բացահայտել». Գեղամ Գեւորգյանը հակադարձում է մենաշնորհների մասին Արթուր Խաչատրյանի հայտարարությանը

Փետրվար 24,2022 21:33

Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցադրում էր արել. «Ո՞ր մոնոպոլիան է, որը կար 2018-ի հունվարի 1-ին եւ չկա հիմա՝ 2022-ի հունվարի 1-ին: Հիմա ասում են՝ ով ուզի, կարող է բերի շաքարավազ, բայց բերո՞ւմ է, թե՞ չէ: Վառելանյութի շուկան, որ նայենք, ընդամենը 1 նոր խաղացող է մտել վառելանյութի շուկա, բայց այդ ընկերության միակ պայմանագիրը ՊՆ-ի հետ է: Այնպես որ դա էլ շատ հարաբերական է: Իրենք  ասում են՝ շուկան բաց է, կարող են մտնել, բայց եթե որեւէ մեկը չի մտնում, նշանակում է շուկան այդքան էլ բաց չի: Դա նշանակում է, որ ընդամենը ասում են, թե շուկան բաց է, եթե բաց լիներ՝ շաքարավազ ներկրողները կշատանային, բենզին ներկրողները կշատանային: Միայն բանանի գինն է մի քիչ ընկել, բայց կներեք, սա հո բանանային հայրապետություն չի ու իրենց արածն էլ հո բանանային հեղափոխություն չի»:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ: Նա վստահեցրեց, որ բոլոր շուկաները իսկապես բաց են. «Մենք նաեւ հրապարակել ենք, թե որ շուկայում քանի նոր խաղացող ու ինչ մասնաբաժիններով է փոխվել: Կան շուկաներ, որոնք էական փոփոխության են ենթարկվել: Օրինակ, շաքարի շուկայում մեծ քանակի խաղացողներ են հայտնվել եւ առաջին խաղացողի մասնաբաժինը նվազել է: Բենզինի շուկայում եւս նոր խաղացող է հայտնվել եւ իհարկե իր պայմանագիրը միայն ՊՆ-ի հետ չէ: Չգիտեմ իհարկե որ տնտեսվարողի մասին է խոսում, բայց այդ տվյալները հրապարակային են: Մենք ասել ենք, որ այո, կան շուկաներ, որոնք թեկուզ բաց են, բայց գալ-չգալը այդքան էական չէ, որովհետեւ, նայեք, նույն շաքարի շուկայում, որտեղ 2019 կամ 2020-ին 12 նոր խաղացող է մուտք գործել, բայց մենք փաստել ենք, որ այս 12 նոր խաղացողների կշիռն այնքան չէ, որ առաջին տեղի վրա էական ազդեցություն լինի: Մենք պոպուլիստական հայտարարություններ չենք անում, չենք ասում՝ այս շուկայում իրավիճակը A է, բայց իրականությունը B է: Մենք հրապարակում ենք, թե որ շուկայում քանի խաղացող է եկել եւ անկեղծ ասած հարց է՝ բենզինի շուկայում ինչ ժամանակային հատվածում է պետք, որ նոր խաղացողները կարողանան իրենց տեղը գրավեն, ենթակառուցվածքների խնդիր կա, պայմանագրային խնդիրներ: Ընդ որում, ես անընդհատ շեշտել եմ, որ շատ հաճախ կարեւոր է նաեւ  հանգամանքը, որ ոչ թե միայն խաղացողների քանակն ավելանա, այլ որակական փոփոխություններ տեղի ունենան եւ 30-40 տարի նույն խաղացողը չլինի դոմինանտ  նույն շուկայում»:

Գեղամ Գեւորգյանը, որպես օրինակ, նշեց, որ ամբողջ աշխարհում  ինտերնետի համայնքում Google-ը միշտ իր դոմինանտ դերն ունեցել է, չնայած շուկան բաց է:

Պարոն Գեւորգյանը վստահեցրեց, որ պարենային շուկաներում փոփոխություններ կան, օրինակ, հավի մսի շուկայում առաջին խոշոր ներմուծող տնտեսվարող սուբյեկտի կշիռը վերջին 3-4 տարվա ընթացքում նվազել է. «Այսինքն, նոր դեմքեր են մտել, առաջընթաց մենք տեսնում ենք»:

Արթուր Խաչատրյանի այն դիտարկմանը, որ միայն բանանի գինն է իջել, բայց հո մենք բանանային հանրապետությո՞ւն չենք ու բանանի հեղափոխություն չենք արել՝ Գեղամ Գեւորգյանը արձագանքեց, որ քաղաքական հայտարարություն է. «Օրինակ, երբ ասում են՝ բենզինի գներն ինչու չեն իջնում, ասենք, համաշխարհային շուկայում բենզինի ու նավթի գները բարձրացել են, հիմա դա ո՞նց կարող էր Հայաստանում իջնել: Եվ երկրորդը՝ արդյոք դուք պատկերացնում եք, երբ որ բենզինի գինը 2020-ին ՀՀ-ում 240-250 դրամ էր կորոնավիրուսի պատճառով, արդյոք դա մե՞ր շնորհքն էր եւ արդյոք ես դուրս եմ եկել ու ասել եմ՝ տեսե՜ք, ժողովուրդ, ես եկա եւ բենզինի գինը կրկնակի իջա՞վ: Այսինքն, գնի բարձր-ցածր լինելու մասին չէ խոսքը, այլ՝ գնի օբյեկտիվ լինելու մասին է խոսքը: Մենք պետք  է նայենք գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականությունը: Մեզանից անընդհատ պահանջում են, որ շուկայական տնտեսության պարագայում գին կարգավորենք: Բանանի եւ մնացած այլ խնդիրները, եթե ես ճիշտ եմ հիշում, երբ հարցադրումներ էին կատարվում, նրանից էր, որ արհեստական խոչընդոտներ կային եւ այդ պատճառով գինը օբյեկտիվ չէր արտացոլված: Հիմա խնդրում եմ ինձ ասեք մի հատ շուկա, որտեղ կա արհեստական խոչընդոտ եւ գինը օբյեկտիվ չի արտացոլված: Ավելին, ես քարտ-բլանշ եմ տալիս՝ հրապարակում եմ շուկան, ցույց եմ տալիս գնային քաղաքականությունը, ցույց եմ տալիս այն աղբյուրները, որտեղից վերցված են եւ դժվար չի ցանկացած միջին մարդու համար ինտերնետով ստուգել գինն ինչքան է: Ասում են՝ ա՛յ Իրանի իսլամական  հանրապետությունում ինչու է բենզինն էժան, իսկ Հայաստանում՝ թանկ: Ա՛յ ժողովուրդ ջան, բայց Իրանն իր ներքին սպառման համար սուբսիդավորում է: Ինքը արտադրող է եւ ինքը այլ գնով է վաճառք կատարում: Վրաստանի հետ համեմատելուց մի հատ հաշվի առեք Փոթիից Երեւան, Այրում-Երեւան ճանապարհածախսը, գումարեք իրար ու կտեսնեք, որ գինը նույնն է: Հրապարակում ենք ամբողջ աշխարհում բենզինի եւ դիզվառելիքի գները, տեսեք Հայաստանը որ տեղում է՝ նավթամթերք արտադրող երկրներից հետո»:

Գեղամ Գեւորգյանը չի հերքում՝ չարաշահումներ էլ կան. «Բա չարաշահումների պատճառով է, որ ձվի շուկայում տուգանեցինք, բեռնափոխադրումների, շաքարի, կարագի շուկայում տուգանեցինք, առեւտրային խոշոր ցանցերին տուգանեցինք: Աննախադեպ քանակի գերիշխող դիրք ենք սկսել բացահայտել: Հայաստանի պատմության ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնություններ երբեւիցե չէր բացահայտել: Ընդ որում, ե՛ւ հաղթել ենք դատական պրոցեսում, դատարանը պաշտպանել է հանձնաժողովի դիրքորոշումը, ե՛ւ դեպքեր ունենք, որ տնտեսվարողն ընդունել է»:

Գեղամ Գեւորգյանը անդրադարձավ նաեւ Զատիկին ձվի գնի սպասվող փոփոխությանը, մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28