Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման համար սահմանել տուգանքների առավել պարզ ու արդյունավետ մեխանիզմ

Փետրվար 24,2022 21:01

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնության նպատակն է կանոնակարգել եւ հստակեցնել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերը, վերանայել օրենսգրքի առանձին դրույթները, դրանցում կատարել բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ, սահմանել նոր կարգավորումներ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով` նախագծով առաջարկվում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման համար սահմանել տուգանքների նոր` առավել պարզ ու արդյունավետ մեխանիզմ: Նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել մի շարք դրույթներ:

Ապրանք մատակարարող, սակայն փաստաթուղթ չունեցող սուբյեկտների շրջանում համապատասխան վարքագիծ ձեւավորելու համար նախատեսվում է բարձրացնել տուգանքների համար սահմանված նվազագույն շեմերը. 1-ին դեպքի համար` 200 հազար դրամի փոխարեն սահմանել 500 հազար դրամ, 2-րդ դեպքի համար` 500 հազար դրամի փոխարեն` 2 միլիոն դրամ, 3-րդ եւ ավելի դեպքերի համար` 1 միլիոն դրամի փոխարեն` 10 միլիոն դրամ:

Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը ներկայացրել է առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել են:

Նախաձեռնության լրամշակված տարբերակն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է Կառավարության հեղինակած ««Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի քննարկումը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել