Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը ճանաչեց Ադրբեջանին, որպես հետխորհրդային առաջին երկիր, որի ինքնիշխանությունն անվերապահորեն ճանաչում է»

Փետրվար 24,2022 20:50

Հետխորհրդային պետությունները զգուշորեն են մոտենում Դոնեցկի եւ Լուգանսկի անկախության ճանաչմանը, նրանք նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի որեւէ կողմի համար զորք չեն ուղարկի։ Այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրոատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ «Հոդված-3»-ում քննարկման ժամանակ։

Նրա կարծիքով՝ Պուտինը կգնահատի Ալիեւի քայլը, նա Կրեմլում էր այն օրը եւ ռուս-ադրբեջանական հռչակագիր ստորագրվեց, երբ ՌԴ-ն հայտարարեց, որ ճանաչում է Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները։

«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Շոյգուի հետ է հանդիպում։ Ակնհայտ է, որ ինչ-որ խոսակցություն կլինի, որը չեն հանրայնացնի։ Նկատենք, որ այն օրը, երբ Ալիեւը Կրելում էր, Փաշինյանը չզանգեց Պուտինին, այլ՝ Պուտինը զանգահարեց եւ հրավիրեց նրան Մոսկվա։ Ի տարբերություն Թուրքիայի, որը հստակ բարեկամներ եւ թշնամիներ քաղաքականություն է վարում, Մոսկվան փորձում է միշտ հավասարակշռել։ Հասկանալի է, որ Երեւանը աջակցելով Դոնցեկի եւ Լուգանսկի անկախության ճանաչմանը, հույս ունի ինչ-որ փոխադարձ վերաբերմունքի։ Նախարարների հանդիպումից հետո երեւի ինչ-որ բան կասեն, այստեղ նույնպես որոշակի աջակցության հաշվարկ կլինի»,-ասաց Մարկեդոնովը։

Քննարկման մասնակիցներից ՌԴ գիտությունների ակադեմիայի Կովկասի բաժնի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն էլ ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի մասին ասաց, որ այն պարունակում է չորս հիմնական պայմանավորվածություն․«Հիմա երբ ասում են, որ կլինի եռակողմ հանդիպում, եւ եթե Նիկոլ Փաշինյանն ընդունի պայմանավորվածությունները, ապա Հարավային Կովկասում կարող է խաղաղություն լինի։ Առաջինը հարցը սահմանների ամրագրումն է, այն սահմանների, որոնցով Հայաստանն ու Ադրբեջանն 1992-ի մարտի 2-ին անդամակցեցին ՄԱԿ-ին։ Հայաստանի սահմանադրության մեջ հակասություն կա հետխորհրդային սահմանների եւ այն սահմանների, որոնք ՀՀ-ում օրինական են համարում։ Խոսքը ԼՂ կարգավիճակի մասին է, եւ այն մասին, որ սահմանադրությունը ելնում է նրանից, որ 1989 թվականին ՀՀ ԳԽ-ն եւ ԼՂ դեպուտատների խորհրդի որոշմամբ միավորվում են։ Այս թեման չի շոշափվել ՄԱԿ-ին անդամակցելու ժամանակ, բայց այս թեման մնում է։ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար կարեւոր է, որ Հայաստանն առանց որեւէ նախապայմանի ընդունի հետխորհրդային սահմանները, եւ տեղի ունենա սահմանագծում։ 2-րդը՝ պարզ է, որ ԼՂ-ում հայկական բնակաչությունը չի կարող հենց այնպես մնալ Ադրբեջանի կազմում, եւ խոսքն այն մասին է, թե ինչպես երաշխավորել նրա անվտանգ բնակությունն այնտեղ, եթե ՀՀ-ն ճանաչի սահմաններն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իմ կարծիքով՝ այնտեղ կարող են լինել ոչ միայն միջազգային դիտորդները, այլ նաեւ ռուսական ռազմական կոնտինգենտի մշտական ներկայությունը, հավանաբար ռազմաբազա, որն ունակ կլինի չեզոքացնել բոլոր հնարավոր վտանգները։ Բայց դրա համար պետք է, որպեսզի Ադրբեջանը համաձայնվի, Հայաստանը չի համաձայնվել։ 3-րդ հարցը՝ սահմաններին ռազմական գործողությունների դադարեցումն է, այն սահմանների, որոնք սահմանագծված չեն։ Պարզ է, որ Ադրբեջանը շարունակելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Սահմանագծումը Հայաստանի շահերից է բխում։

4-րդ հարցը ճանապարհների ապաշրջափակումն է, այդ թվում՝ դեպի Նախիջեւան եւ Նախիջեւանից Թուրքիա։ Խոսքն այն մասին չէ, որ Հայաստանից կտրվում է այդ տարածքը եւ զրկվում է այդ ճանապարհների նկատմամբ վերահսկողությունից, բայց այն, որ ճանապարհները պետք է բացել ապահովելով անվտանգության երաշխիքները Հայաստանի եւ մյուս կողմերի համար, ակնհայտ է։ Սա է լինելու օրակարգային հարցը, որը կքննարկվի։ Եթե բոլորը համաձայնության գան այս հարցի շուրջ, ապա կայունություն կլինի»։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասաց՝ ռուս-ադրբեջանական այդ հռչակագրով Պուտինը ճանաչեց Ադրբեջանին, որպես հետխորհրդային առաջին երկիր, որի ինքնիշխանությունն անվերապահորեն ճանաչում է․ «Մնացած տասը երկրներն դեռեւս նման փաստաթուղթ չունեն, հենց սրանով է սկզբունքորեն տարբերվում ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները ռուս-հայկական հարաբերություններից։ Թե ինչ է նշանակում այս հռչակագիրը, պարզ կլինի միայն Պուտինի եւ Ալիեւի ամբողջական խոսակցության բացահայտելուց հետո․ արդյոք եղել է շեշտադրում, որ հարավային Կովկասում պետք է խաղաղ լինի, թե շեշտադրում է եղել, որ Ադրբեջանի ինչ-որ ամբիցիաներ կարող են բավարարվել, գուցե պարզ լինի Սուրեն Պապիկյանի՝ Մոսկվայից վերադառնալուց հետո»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28