Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 ռազմական ցամաքային օբյեկտ է խոցվել

Փետրվար 24,2022 19:45

«Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են Ուկրաինայի ԶՈՒ հարձակողական գործողությունների դեմ հակահարձակողական գործողությունները՝ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներին կրակային աջակցությամբ»,- քիչ առաջ կայացած ճեպազրույցում հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ հավելելով, որ ներկայումս ռազմական գործողությունների շրջանում, դիմադրություն են ցուցաբերում հիմնականում «ազգայնականները»։

Նրա փոխանցմամբ, Դոնեցկի ԶՈՒ ստորաբաժանումները Վոլնովախ բնակավայրի ուղղությամբ առաջ են գնացել մոտ 7 կիլոմետր: Զինված բախումների արդյունքում 14 ուկրաինացի զինծառայողներ հանձնվել են: Ռուս պաշտոնյան հավաստիացնում է, որ նրանք ազատ կարձակվեն այն բանից հետո, երբ ստորագրություններ տան՝ ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին:

Լուգանսկի ժողովրդական հանրապետության ուղղությամբ ընթացող մարտական գործողություններում, Ստեպովոյե բնակավայրի հատվածում, չնայած ծանր մարտերին, ըստ ՌԴ ՊՆ ներկայացուցչի, նույնպես հաջողվել է մեկ կիլոմետր առաջ գնալ՝ կոտրելով «ազգայնականների» դիմադրությունը: ՌԴ ԶՈՒ հասցրած հարվածների արդյունքում շարքից դուրս են բերվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 ռազմական ցամաքային օբյեկտ, այդ թվում, ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, երեք հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազավորման կետ, ինչպես նաեւ՝ Ս-300 եւ Բուկ-Մ1 զենիթահրթիռային համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայաններ: Խոցվել է մարտական ուղղաթիռ և չորս Բայրաքթար TB-2 գրոհային անօդաչու թռչող սարքեր։

ՌԴ ՊՆ պաշտոնյան ընդգծում է, որ Ուկրաինայի տարածքում ոչ մի հարված չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին, միայն՝ ռազմական ենթակառուցվածքներին, խաղաղ բնակչությանը եւս ոչինչ չի սպառնում։

ՌԴ ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ, Ուկրաինայի ԶՈՒ-ի ստորաբաժանումների ներկայացուցիչները ջանում են շրջանցել զինված բախումները եւ պայմանավորվում են՝ գործողությունների դաշտից առանց սպառազինության եւ անվտանգ դուրս գալու ճանապարհների շուրջ:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ԶՈՒ-ի բոլոր ստորաբաժանումներին հատուկ հրաման է տվել՝ հարգանքով վերաբերվել ուկրաինացի զինծառայողներին: Ըստ բանախոսի, նախարարի հրամանում, մասնավորաբար նշված է՝ նկատի ունենալով այն, որ Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչներն, ի տարբերություն «ազգայնականների», երդում են տվել՝ ծառայել ժողովրդին եւ հիմնականում հրամաններ են կատարել, նրանց վերաբերվել հարգանքով, զենքը վայր դրած զինծառայողների համար տրամադրել մարտական գործողությունների շրջանից անվտանգ միջանցքներ՝ հնարավորություն ստեղծելով նրանց համար՝ ապահով վերադառնալ իրենց ընտանիքների մոտ:

Ավելի վաղ, ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ուկրաինական զինված ուժերը շարունակում են Դոնեցկի եւ Լուգանսկի քաղաքների հրթիռակոծումը, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: Նա տեղեկացրել էր, որ առկա են տվյալներ՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից սադրանքների նախապատրաստության եւ իրականացման մասին: Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ, ուկրաինական քաղաքներում՝ տելեգրամ կանալներով եւ սոցիալական այլ ցանցերով, նախապես նախապատրաստված եւ ֆեյք տեսանյութեր են տարածվում, ուկրաինացի խաղաղ բնակիչների իբր մասսայական զոհերի տեսարաններով: Սա, ըստ ՌԴ ՊՆ ներկայացուցչի նպատակ է հետապնդում՝ խաղաղ բնակչության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու եւ նաեւ մեղադրելու ՌԴ-ին՝ ոչ խտրական մոտեցման համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28