Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրահարույց է և տխուր տեսնել, թե ինչպես է Հայաստանը հետընթաց ապրում խոսքի քրեականացման հարցում․ Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 24,2022 18:33

«Ամերիկայի ձայն». Հայաստանում շարունակում են զգացվել Ադրբեջանի հետ 2020 թվականի պատերազմի հետևանքները, նշում է հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը իր «Ավտորիտար կառավարման գլոբալ աճ» անունը կրող զեկույցում` անցած տարի աշխարհում ժողովրդավարության զարգացման միտումների մասին: Ըստ զեկույցի, Հայաստանում հաստատվել են ընտրական օրենսգրքի այնպիսի բարեփոխումներ, որոնք բարելավում են թափանցիկությունն ու արդարությունը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրի քաղաքական համակարգը որոշակիորեն կայունացավ:

Այդուհանդերձ տարեվերջին ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը մտավախություն առաջացրեցին, որ երկրում ժողովրդավարության վիճակը մնում է անկայուն, պնդում է Freedom House-ի զեկույցը:

Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդետը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում կարևորում է Հայաստանում, ինչպես շատ անցումային երկրներում, դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը: Սակայն, փորձագետը շեշտում է՝ այս հարցում չպետք է ցուցաբերել շտապողականություն:

«Մենք համաշխարհային փորձից շատ օրինակներ ենք տեսել, երբ չափազանց արագ բարեփոխումները, նոր դատավորների վեթինգն ու նոր մարդկանց նշանակումն այդ պահին եղած ցանկացած իրադարձությունների պարագայում արագորեն վերածվում է դատական համակարգը վերաքաղաքականացնելու կամ իշխանությունների օգտին ավելի քաղաքականացնելու միջոցի»,- ասում է Բերենդետը:

Freedom House-ի փորձագետը կրկին մտահոգություն հայտնեց Հայաստանում վիրավորանքի քրեականացման և այս օրենքի կիրառման կապակցությամբ:

«Հայաստանը վերջին 10 տարում առաջ է անցել 15 միավորով, որը ամենամեծ առաջընթացն է եվրասիական տարածաշրջանում, ուստի խնդրահարույց է և տխուր տեսնել, թե ինչպես է այս երկիրը հետընթաց ապրում խոսքի քրեականացման հարցում»,- ասում է նա:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանի հարևան և տարածաշրջանային այլ երկրներին: Ադրբեջանը ներառվել է Freedom House-ի ոչ ազատ երկրների վատագույն ցուցանիշ ունեցողների ցանկում՝ վերջին տաս տարում նահանջելով 14 միավորով։ Վրաստանում, որն ըստ Freedom House-ի, Եվրասիայի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է, ևս արձանագրվում են խնդիրներ՝ կապված լրագրողների, ԼԳԲՏ+ համայնքի, ընդդիմության կողմնակիցների նկատմամբ աճող ահաբեկման և բռնության հետ: Ըստ Freedom House-ի ՝ ՌԴ-ում նախագահ Պուտինի ռեժիմը մեծացրել է ճնշումը քաղաքական ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նկատմամբ՝ վերացնելով ցանկացած իրական մրցակցություն սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում։

Իր հերթին Թուրքիան, ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, վերջին տաս տարիներին արձանագրել է հսկայական նահանջ ժողովրդավարական սկզբունքների ու ազատությունների հարցում: Կորցնելով 31 միավոր` Թուրքիան ամենամեծ նահանջ արձանագրած երկրների եռյակում է` զիջելով միայն Մալիին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը: Թուրքիայում ևս անցած տարում արձանագրվել են բռնաճնշումներ ուսանողների, միասեռականների ու կանանց նկատմամբ:

Կազմակերպության զեկույցը պնդում է, որ այսօր գլոբալ ազատությունը առերեսվում է լուրջ սպառնալիքների. ավտորիտար վարչակարգերն ավելի արդյունավետ են շրջանցում կամ անտեսում այն նորմերը և ինստիտուտները, որոնք նախատեսված են աջակցելու ազատության հիմնարար սկզբունքներին: Ըստ Freedom House-ի, սա համաշխարհային ազատության ցուցանիշի 16 տարվա անընդմեջ անկման արդյունք է: 60 երկիր վերջին մեկ տարվա ընթացքում հետընթաց է ապրել ժողովրդավարության զարգացման ոլորտում, մինչդեռ միայն 25-ը բարելավվել է իր դիրքերը։ Այսօր աշխարհի բնակչության մոտ 38 տոկոսն ապրում է ոչ ազատ երկրներում, որը ամենաբարձր ցուցանիշն է, ըստ իրավապաշտպան կազմակերպության, 1997 թվականից ի վեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28