Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չափազանցված է, թե ԱՄՆ-ն ասենք Լեհաստանից կամ Ռումինիայից կհարվածի ռուսական քաղաքներին»․ինչ զարգացումների սպասել ռուս-ուկրաինական պատերազմում

Փետրվար 24,2022 18:44

Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայի  դեմ, ինչ զարգացումների սպասել, այսօր  «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրոատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ այս պատերազմը մի քանի պատճառ ունի, ինչպես որ ուկրաինական բազմաշերտ ճգնաժամն է, սկսած՝ ներքին իրավիճակով՝  ուկրաինական ինքնության հետ, որը լուրջ մարտահրավեր էր 2013-2014-ի Մայդանի իրադարձություններով եւ դրանք պատահական չէին, նաեւ՝  ռուս-ուկրաինական հարաբերությունները․  «Ուկրաինայում 2014 թվականից խոսում էին Ռուսաստանի հետ պատերազմի մասին։ Տարբեր պաշտոնյաներ ասում էին՝ ռուսական ագրեսիայի հետ գործ ունենք։ Հիմա, երբ ռուսական զորքերը Ուկրաինայում են, խնդիրն արդեն այլ  մակարդակի վրա է։ Մյուս սցենարը՝ եվրոպական անվտանգությունն է։ ՝ ՌԴ-ն փորձում է դուրս գալ հետյալթյան աշխարհից, որն իրեն չէր տալիս  բավականաչափ արժանի տեղ եվրոպական միջազգային անվտանգության համակարգում, երբ  արեւմուտքը կարծում էր, որ  հաղթողը ստանում է ամեն ինչ, այս ամենը հանգեցրեց ներկա իրավիճակին»։

Մարկեդոնովի խոսքով՝ շատ կարեւոր է դիտարկել պատերազմի պատճառահետեւանքային կապը, թե ինչու Մոսկվան  հիմա սկսեց պատերազմը։ Ըստ բանախոսի, Մինսկի խմբի շրջանակներում խնդրի լուծումը սպառվել էր, մինչ այդ Մոսկվան հույս ուներ, որ արեւմուտքը  ինչ-որ կերպ ճնշում կգործադրի Կիեւի վրա , որպեսզի իրավիճակին սթափ նայի,սակայն այս հույսը ի չիք դարձավ։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Մարկեդոնովը երեք կետ նշեց, որոնք կազդեն ընդհանուր իրավիճակի վրա՝ Ուկրաինայի զինված ուժերի դիմադրության   մակարդակը, որն արտահայտում է քաղաքական վերնախավի կարծիքը, եւ արդյոք  այս վերնախավը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցություններին։

«Իհարկե, Ուկրաինայի, այսպես ասած, քաշն  ավելին է, քան Վրաստանի, Հայաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի, ուստի արեւմտյան  խաղացողների ներգրավումն այստեղ ավելին կլինի։ Սա Եվրոպան է։ Պատժամիջոցներն եւս ազդեցություն կունենան ներռուսական վերնախավի եւ ընդհանուր առմամբ՝ բնակչության տրամադրվածության վրա։ Այս հանգամանքներն են մոտ ապագայում ազդելու  իրավիճակի վրա», -ասաց Մարկեդոնովը։

Քննարկման մյուս մասնակից ՌԴ գիտությունների ակադեմիայի Կովկասի բաժնի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն էլ հիշեցրեց տարիներ առաջ Մյունխենում ՌԴ նախագահի ելույթը,  որով կոչ էր արել հաշվի նստել ՌԴ շահերի հետ․«Չլսեցին։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ պարզ դարձավ, եւ այլեւս հավատ չկա, որ ՆԱՏՕ-ն Մոսկվային չի հարվածի, ինչպես հավաստիացնում էին։ Այս պարագայում հարց է ծագում՝  ինչպե՞ս է խնդիրը լուծվելու եւ ե՞րբ։ Կամ մենք պետք է հնարավոր վտանգը մեր սահմաններից հեռացնենք որքան հնարավոր է հեռու, իհարկե, ոչ մինչեւ Լիսաբոն, բայց հնարավորության սահմաններում։  Նախանշված սահմաններ չկան, կախված է իրավիճակի զարգացումից։  Բայց եթե արեւմուտքը Ուկրաինային աջակցելով սահմանափակվելու է պատժամիջոցներով Դոնեցկի  եւ Լուգանսկի դեմ, ապա պարզ է, որ իրավիճակը կրկնվելու է այնպես, ինչպես եղավ հարյուր տարի առաջ Թուրքիայում,  երբ անգլիացիները, ֆրանսիացիներն ու   իտալացիները հեռացան այնտեղից եւ տեղի բնակիչներին թողեցին  ճակատագրի հույսին։ Արեւմուտքը լրջորեն կխառնվի՞,  պատրա՞ստ է  հայտարարել ընդհանուր մոբիլիզացիա, զորք ուղարկել Ուկրաինա,   կասկածում եմ, բայց 100%-ով էլ վստահ չեմ։ Եթե այդպես լինի, ապա Պուտինն արդեն ասել է՝  պատասխանը շատ դաժան է լինելու եւ այնքան ցավագին, որ նման բան նախկինում չի եղել։ Այս դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմը կարող է իրականություն դառնալ»։ Այդուհանդերձ, ռուս փորձագետի կարծիքով՝  արեւմուտքն այս իրավիճակում իրեն զգուշավոր կպահի, ինչը  հստակ երեւում է նրանց նաեւ հայտարարություններից։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ այս քննարկման ժամանակ ասաց՝ առավոտյան սկսված այս ռազմական գործողություններն էլ ավելի սրեցին հարցը՝ արդոք պատերազմը  խնդիրները լուծելու միջոց է․ «Իմ կարծիքով՝ ոչ»։  Նա օրինակ բերեց 44-oրյա պատերազմը, նշելով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում էին պատերազմի միջոցով  լուծել խնդիրը, Հայաստանը ոչինչ չնախաձեռնեց, որպեսզի նման զարգացումները կանխեր․ «Մոտավոր նույն բանն Ուկրաինայում էր։  44-օրյա  պատերազմը շատ ուժեղ ազդեցություն թողեց Ուկրաինայում, այն իմաստով, որ նույնիսկ շատ ողջախոհ մարդկանցից լսում էինք մտքեր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի օրինակը պետք է Ուկրաինայում էլ կիրառվի եւ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։ Բնական է, որ դա չէր կարող  անարձագանք մնալ Մոսկվայում»։

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝  աշխարհաքաղաքական եւ գլոբալ զարգացումները հանգեցրել են նրան, որ ՌԴ-ն պարտվում է իր հիմնական բոլոր մրցակիցներին, եւ եթե ամեն ինչ գնա էվոլյուցիայի ճանապարհով, վաղ, թե ուշ՝ ՌԴ-ն կդադարի հիմքեր ունենալ գերտերության դերին ձգտելու համար, ուստի այժմ Ռուսաստանը կիրառում է այն ռեսուրսը, որը համոզիչ է՝ ռազմական հնարավորությունները․«Ի՞նչ սպասել։ Գլխավոր գործոնը ժամանակն է․ կդիմանա՞ արդյոք Ուկրաինան երկարաժամկետ ռազմական գործողություններին, որոնք ինչպես հասկանում եմ, այս պահին ընթանում եմ միայն ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման մակարդակով։ Չեմ կարծում, որ ՌԴ-ն կգնա ուկրաինական քաղաքները գրավելու ճանապարհով,  որովհետեւ ՌԴ-ն նման ռեսուրս չունի։  ՌԴ-ի դեպքում ժամանակը որոշիչ դեր ունի այն իմաստով, որ ցավագին պատժամիջոցների կիրառումը կարող է ազդել ներքաղաքական կայունության վրա»։

Ալեքսանդր Իսկանդարյանն էլ չի կարծում, որ իրավիճակը 3-րդ համաշխարհային պատերազմին է տանում, ինչպես նաեւ չի կարծում, որ Արեւմուտքը ռազմական գործողություններով կմիջամտի․ «Պատժամիջոցներն էլ սահմանափակումներ ունեն։ Կարծում եմ, այն, որ ԱՄՆ-ն ասենք Լեհաստանից կամ Ռումինիայից կհարվածի ռուսական քաղաքներին, առայժմ չափազանցված է»։

Իսկանդարյանի կարծիքով՝ պատերազմը  քաղաքական նպատակներին հասնելու միջոց է եւ սա Ուկրաինայի համար պայքար չէ,  Ուկրաինան նույնիսկ պատրվակ չէ․ «Ուկրաինան այն դաշտն է, որի վրա տեղի է ունենում լրջագույն մի բան, դա  ՌԴ-ի փորձն է փոխել եվրոպական անվտանգության կոնֆիգուրացիան,  ճարտարապետությունը, ուստի ենթադրել, որ  ռազմական գործողություները կավարտվեն Դոնեցկի եւ Լուգանսկի մի հատվածը վերցնելով ու խաղաղության  համաձայնագիր կկնքեն, չեմ կարծում, թե այդպես կլինի։  Այն, ինչ հիմա անում է Ռուսաստանը, դա Ռուսաստանի  հիմնական փիլիսոփայության հարցն է,  ՌԴ-ն փորձում է այնպես անել, որ իր հետ խոսեն, եւ դատելով այս ամեն ինչից՝ նրա հետ կխոսեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28