Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը՝ ՀՖՀՀ-ում

Փետրվար 24,2022 18:13

Հայաստանի ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը։ Այն կրում է «ճկուն և որակյալ բարձրագույն կրթության որակի ապահովման միտումներն ու մարտահրավերները COVID-19 համավարակից հետո» խորագիրը:

Ֆորումը կազմակերպվել է ՀՖՀՀ-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ գործընկերությամբ։ Ֆորումի առաքելությունն է լրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և դրանց գործընկերների կողմից ֆրանկոֆոն տարածքում համալսարանների կառավարման բարելավման նպատակով իրականացվող գործողությունները:

Տարածաշրջանային այս ամենամյա իրադարձությունը ծառայում է որպես քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման հիմնական դերակատարների համար՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում և դրանցից դուրս:

Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության տարածաշրջանային տնօրեն Մոհամեդ Կետատան:

«Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում, գլոբալիզացիայի համատեքստում համալսարանների կառավարման հայեցակարգը զարգանում է և բախվում նոր մարտահրավերների՝ կապված ակադեմիական և ռազմավարական կառավարման, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի հետ: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է բարձրագույն կրթության որակի ապահովումը, որը ներառում է մի շարք կառուցակարգեր և գործընթացներ՝ ուղղված բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության բարելավմանը:

Համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու և կրթության որակի բարձրացման համար բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է լավագույնս արձագանքեն փոփոխություններին և նոր հանձնառություններին»,- ասել է նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ պետության կայուն և շարունակական զարգացումը մեծապես պայմանավորված է պետության կրթության ոլորտի առաջանցիկ զարգացմամբ և հասարակության կրթվածության մակարդակով:

Այս համատեքստում կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, 2005 թ. վավերացնելով Բերգենի կոմյունիկեն և Բոլոնիայի հռչակագիրը, պաշտոնապես անդամագրվել է Բոլոնիայի գործընթացին, որով ստանձնել է այդ գործընթացով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի պարտավորությունների իրականացում։ ՀՀ-ն Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս է կազմել, որով ապահովում է ՀՀ բարձրագույն կրթության համակարգի համադրելիությունը և համատեղելիությունը վերոնշյալ տարածքի սկզբունքներին։ Ստանձնելով համաձայնագրերից բխող մասնագիտական կրթության որակի ապահովմանն ուղղված ընթացակարգերն իրականացնելու պարտավորությունը՝ ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը։ Կենտրոնը ստանձնել է իրականացնել մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթության որակի արտաքին ապահովման բացառիկ իրավունքը, ինչպես նաև ապահովել որակի ապահովման ասպարեզում եվրոպական ցանցում ընդգրկումն ու ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը: Անդամակցում է Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցին՝ INQAAHE-ին, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ռեգիստրին՝ EQAR-ին։

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ Հայաստանից 6 բուհ արդեն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը, և ԿԳՄՍ նախարարությունը իրապես քաջալերում է բուհերին՝ ֆրանսերենը ուժեղացնելու և ֆրանկոֆոն համալսարանական համագործակցություններում ակտիվորեն ներգրավված լինելու համար»,- ընդգծել է փոխնախարարը:
Ա. Մարտիրոսյանը ֆորումի մասնակիցներին իրազեկել է նաև, որ այժմ շրջանառության մեջ է ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագիծը, որը ներկայացված է հանրային քննարկման: Փոխնախարարը կոչ է արել ծանոթանալու նախագծին և հանդես գալու առաջարկներով, դիտողություններով՝ փաստաթուղթն ավելի լավը դարձնելու, կատարելագործելու նպատակով:

Ա. Մարտիրոսյանն ամփոփել է խոսքը. «Լիահույս եմ, որ ֆորումը կծառայի որպես մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման լավ հարթակ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման հիմնական դերակատարների համար: Այն հնարավորություն կընձեռի քննարկելու ոլորտի հիմնախնդիրները, առաջարկելու լուծումներ և կնպաստի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի ամրապնդմանը»:

Տեղեկացնենք, որ ֆորումը երկօրյա է, և փակումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 25-ին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28