«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, ցավոք, կանխատեսելի էր, որովհետեւ տեւական ժամանակ Արեւմուտքը լարում էր Ուկրաինային: Արեւմուտքը Ուկրաինայի հետ ուզում է անել այն, ինչ ուզում էր անել Հայաստանում, ինչ արեց Վրաստանում, որից հետո Սաակաշվիլին ստիպված էր հրապարակային իր փողկապը ծամել եւ տարիներ անց հայտարարել, թե իր մեծագույն սխալներից մեկը այն էր, որ Վրաստանի դռները բացեց Թուրքիայի առջեւ: Եվ հիմա Ուկրաինային խորհուրդ է տալիս դա չանել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, թե չէր ցանկանա, որ ուկրաինացիները այս գնով հասկանային, որ ՆԱՏՕ-ի նավերը «ուկրաինական լեռներ չեն բարձրանալու» եւ նախագահ Զելենսկին այս օրերին սպանում է Ուկրաինային:
«Արեւմուտքը անընդհատ քարոզչական պատերազմով լարում էր իրավիճակը, Զելենսկուն անընդհատ ասում, որ ինքը մենակ չէ: Անընդհատ զենք էին մատակարարում: Եվ այսօր ունենք իրավիճակ, որ Բայդենը հայտարարում է, թե ինքը աղոթում է ուկրաինացի ժողովրդի համար: Այսօր կա Ամերիկայի ընդամենը աղոթքը առ ուկրաինացի ժողովուրդ, իսկ Բորիս Ջոնսոնը հույս է հայտնում, որ Ուկրաինան կդիմանա: Այսինքն, ակնհայտ է, որ Արեւմուտքը ուղղակի ռազմական կոնֆլիկտի մեջ չի մտնելու Ռուսաստանի հետ:
Ես շատ ցավում եմ, որ Ուկրաինայի ծաղրածու նախագահը չէր հասկանում, թե ինչ աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ է ներքաշում Ուկրաինային: Այս պահին Կիեւում եւ ուկրաինական խոշոր քաղաքներում տեսնում ենք տագնապ: Դա ինձ հիշեցրեց, թե ինչպես էին Արցախի տարածքներից մեքենաների շարասյուներով մարդիկ շարժվում դեպի Հայաստան: Սա է լինում գինը, երբ կուլ ես տալիս արեւմտյան քարոզչական խայծերը: Հիմա ի՞նչ է ասում Արեւմուտքը Ուկրաինային: Ասում է՝ ուզել ես զենք, մենք քեզ զենքերը տվել ենք եւ կռվիր Ռուսաստանի հետ, եթե կարող ես:
Կարդացեք նաև
Ուկրաինան այսօր ապրում է իր պատմության դաժանագույն օրերը: Պետք է հասկանալ, որ Ուկրաինայի բնակչության մեծամասնությունը էթնիկ ռուսներ են եւ նրանցից Ռուսաստանի դեմ կռվելու պատրիոտիզմ ակնկալել, կարծում եմ, էթիկապես ճիշտ չի լինելու: Ես շատ կցանկանամ, որ եթե հնարավոր է, կանգնեցվի այդ պատերազմը եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, բայց լսելով Զելենսկու ուղերձը՝ մտածում եմ, որ այդ տղան չի գիտակցում արհավիրքի ամբողջ մասշտաբները, չի գիտակցում, որ Ջո Բայդենը եւ Բորիս Ջոնսոնը իր համար աղոթելուց բացի ավելին չեն կարող անել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ