Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա․ քաղաքագետի մեկնաբանությունը

Փետրվար 24,2022 17:37

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը մեր տարածաշրջանի ու մասնավորապես մեր երկրի վրա։

Ըստ քաղաքագետի, այս պահին պիտի սպասել ռազմական գործողությունների ավարտին․ եթե պատերազմն ավարտվի Ռուսաստանի հաղթանակով, չի բացառվում, որ Թուրքիան վերջնականապես կորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում, եթե Արևմուտքը հաղթանակ տանի՝ Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը և էլ ավելի կուժեղանան Թուրքիայի դիրքերը։

Գագիկ Համբարյան

«Պիտի հասկանանք՝ ինչպե՞ս կավարտվի ռուս-ուկրաինական էպոպեան՝ Արևմուտքի հաղթանակո՞վ, թե՞ Ռուսաստանի։ Հենց դրանից ելնելով էլ կարող ենք վերլուծել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա։

Եթե այս պատերազմում հաղթանակ տանի Արևմուտքը, չի բացառվում, որ Ռուսաստանը վերջնականապես կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Իսկ եթե Ռուսաստանը հաղթանակ տարավ, Հարավային Կովկասում, հատկապես 44 օրյա պատերազմում իր դիրքերն ուժեղացրած Թուրքիան, որը բացահայտ ներկայացնում է Արևմուտքի շահերը մեր տարածաշրջանում, կարող է շեշտակի հարվածներ ստանալ ազդեցության պահով թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։ Էլ չեմ ասում Ադրբեջանում, որովհետև պաշտոնական Մոսկվան պատերազմից մեկ օր առաջ Ադրբեջանի պահով կանխարգելիչ գործողություններն արդեն իսկ կատարեց՝ Մոսկվայում ստորագրելով ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ու դրանով հասկացնելով պաշտոնական Բաքվին, որ սիրախաղերն Անկարայի հետ այս պահին կարող են ծայրահեղ հետևանքներ ունենալ նույն Բաքվի համար։ Այնպես որ պետք է սպասել պատերազմի արդյունքներին։

Մեր ձեռքում այս պահին ոչինչ չկա, տարածաշրջանում դեռ ոչ մի կոնկրետ գործողություն տեղի չի ունենում՝ կապված Ուկրաինայում կատարվող իրադարձությունների հետ։ Բոլորը նստած սպասում են, թե ինչպես կավարտվի այս ամենը»,-ասաց Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա, այս պահին պատկերը մտահոգիչ է Արևմուտքի համար, քանի որ վերջին տեղեկությունների համաձայն, ռուսական զորքերը՝ դեսանտը, գտնվում է Կիևից 20 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Ուկրաինայի երկրորդ մեծությամբ քաղաքը՝ Խարկովը, չորս կողմից շրջապատված է։

«Լուգանսկի և Դոնեցկի տարածաշրջանում տեղի բանակները, որոնց պաշտոնապես օգնում է Մոսկվան, անցել են հարձակման և արդեն վերագրավել են ուկրաինացիներից որոշ բնակավայրեր։

Ռուսաստանի այս ակտիվությունը երկու նպատակ ունի, առաջինը՝ ոչնչացնել ուկրաինական բանակը և նրա բոլոր ենթակառուցվածքները, աշխարհին ապացուցել, որ ուկրաինական բանակ չկա։

Եվ երկրորդն ու ամենակարևորը Ռուսաստանի համար՝ իր կողմից երկու օր առաջ ճանաչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետության սահմանները հասցնել նախկին սահմաններին, որոնք իրենց մեջ ընդգրկել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերը։ Շատ քչերը գիտեն, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները վերահսկում էին նույնանուն մարզերի փոքր տարածքները։ Եվ հիմա պաշտոնական Մոսկվան շատ պարզ նշում է, որ այդ տարածքները, որոնք մինչև հիմա չէին վերահսկվում պրոռուսական ուժերի կողմից և որոնք 2015-16 թվականներին կորսվել էին, պետք է վերադարձվեն Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին։

Դա նշանակում է, որ Ուկրաինան վերջնականապես կորցնում է այդ տարածաշրջանը, որը ռազմավարական, ինչպես նաև տնտեսական նշանակություն ունի իր համար։ Այնտեղ կենտրոնացված էր Ուկրաինայի արդյունաբերության 35 տոկոսը և ամբողջությամբ գտնվում էր Դոնբասի ածխի ավազանը», -ասում է Գագիկ Համբարյանը։

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի՝ մեր երկրի վրա ունեցած տնտեսական ազդեցությունից, քաղաքագետը նշում է, որ ռազմական գործողությունները ծավալվում են Ուկրաինայի խոշոր նավահանգիստներում ևս, մասնավորապես ռմբակոծվել է Օդեսայի և Խերսոնի ռազմածովային բազան։ Իսկ սա նշանակում է՝ երկար ժամանակ չեն գործի ուկրաինական նավահանգիստները, որտեղից Հայաստանը մեծ քանակությամբ ապրանքներ էր ստանում Եվրոպայից, ինչպես նաև հենց ուկրաինական արտադրության հրուշակեղեն, մեծ քանակությամբ կարագ, թռչնամիս։

«Չի բացառվում, որ Իլիչևսկ-Փոթի-Հայաստան առևտրային կամուրջը չգործի, որովհետև Ուկրաինայում հիմա ֆորսմաժորային իրավիճակ է, իսկ դա, ինքնըստինքյան, կարող է ազդել ինչպես Ուկրաինայից ներկրվող, այնպես էլ Հայաստանից արտահանվող ապրանքների վրա, որը կարող է վնասել Հայաստանի Հանրապետությանը»։

Ռուսական ռուբլու գահավիժման պահով էլ Գագիկ Համբարյանն ասաց, որ Ռուսաստանը բավական ապահովված է դոլարով և եվրոյով, բացի դրանից ո՛չ նավթի, ո՛չ գազի գները չեն նվազում, որով հիմնականում գոյանում է ռուսական պետական բյուջեն։

«Եվ սա ցույց է տալիս, որ ռուսական ռուբլու գահավիժումը չի կարող շատ երկար տևել, կամ պաշտոնական Մոսկվան ինչ-որ ձևաչափեր ունի, շատ արագ այս ամեն դուրս կգա»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28