Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բազմաթիվ ազգային ու պետական շահեր ունենք, որոնց վրա Արեւմուտքը թքած ունի, եթե իր շահերից չի բխում». Վիգեն Խաչատրյան

Փետրվար 24,2022 16:53

Իշխող ուժը ներկայացնող խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի գնահատմամբ՝ եւ ՌԴ-ն, եւ Ուկրաինան, եւ Վրաստանը, տարիներ շարունակ մեր գործընկեր պետություններն են եւ նրանց միջեւ սեպ խրելու հարկ չկա եւ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է առաջնորդվի իր պետական եւ ազգային շահերով: Նրա դիտարկմամբ, որքան էլ կա ՌԴ-ի՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու գործոնը, բայց միայն ՌԴ-ն չէ Հայաստանի համար ռազմավարական դաշնակից, կա նաեւ հակառակ իրողությունը՝ Հայաստանն էլ է ՌԴ-ի համար ռազմավարական դաշնակից, բայց Հայաստանի համար առաջնայինը սեփական ազգային եւ պետական շահերը պետք է լինեն: Այս մասին նա ասաց այսօր, Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի կազմակերպած «Ուկրաինական ճգնաժամ. ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը» թեմայով քննարկման ժամանակ:

Հարցերին նայելով Արցախի խնդրի լուծման տեսանկյունից, Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ոչ թե դիրքորոշվի, այլ դիրքավորվի: Նա համամիտ է՝ պասիվ-հայեցողական իրավիճակն այս պահին մեզ ավելի ձեռնտու է, մանավանդ, որ մեզ չեն էլ հարցնում, թե մենք ինչ պետք է անենք եւ բոլորը, այդ թվում նաեւ ՌԴ-ն ու Ուկրաինան, լավ հասկանում են, որ Հայաստանն ունի խնդիրներ:

Նա կոչ է անում բառերը զգույշ ընտրել եւ ժողովրդին չվախեցնել, որ եթե այս էսկալացիան շարունակվի, մենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հերթական խնդիրը կունենանք: Ռիսկեր, ըստ նրա, միշտ էլ կան, ինչը ակներեւ դարձավ նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ չորս հսկա տերություններ մի փոքրիկ Արցախի հարցի դեմ ոչինչ չկարողացան անել եւ հայկական կողմը պատերազմը տանուլ տվեց քաղաքական խարդավանքների ու պետությունների պայմանավորվածությունների արդյունքում:

Սերգեյ Բագրատյանի գնահատմամբ, հայկական բանակում բարոյահոգեբանական ոգին կա, բարձր է, դա մեր գենետիկ առավելությունն է, պարզապես ներքին ռեսուրսները պետք է կենտրոնացնել, քանի որ պարզ չէ, թե առավոտյան գործընթացներն ինչպե՞ս կզարգանան:

Հայաստանում իշխող ուժը ներկայացնող մեկ այլ պատգամավոր՝ Վիգեն Խաչատրյանն էլ նկատեց, որ ինքն էլ կողմնորոշված չէ, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, քանի որ իրավիճակն իրապես բարդ է: Իրադարձությունների ժամանակագրական խրոնիկայից հետո, բանախոսը նկատեց, որ ՌԴ-ն տեւական ժամանակ տնտեսական մրցակցության խնդիրներ է ունեցել, ինչը խորացել է նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո ու թեեւ սա մեզ ուղղակիորեն չի վերաբերվում, բայց անընդհատ ուղեկցում է մեզ, քանի որ մենք շատ թելերով կապված ենք այդ պետության հետ. «Եթե խոսում ենք ժողովրդավարությունից, միշտ կա հակառակը. օրինակ, Չինաստանը ժողովրդավար չէ, բայց տնտեսապես մրցունակ է: Այսինքն, մենք չպետք է ֆետիշացնենք ինչ-որ արժեքներ, որոնք կարեւոր են»:

Հայաստանի պարագայում, ըստ նրա, ժողովրդավարությունը կարեւոր է, բայց ՌԴ-ում միգուցե դրա կարեւորությունը չեն գիտակցում կամ գտնում են, որ փլուզմանը նպաստող կարող է լինել, քանի որ 1995-96 թվականներին ժողովրդավարական համակարգ ընտրած ՌԴ-ն գնաց դեպի օլիգարխացում: Նա նաեւ հավելեց՝ այնպես չէ, որ օր ու գիշեր ժողովրդավարություն քարոզող Արեւմուտքը երազում է ՌԴ-ի զարգացման մասին, քանի որ կա մրցակցություն պետությունների միջեւ եւ թե Չինաստանը, թե ԱՄՆ-ը դեմ չեն լինի, որ ՌԴ-ն փլուզվի:

Նա չի կարծում, որ ՌԴ-ն այսօր միակողմանի մեղավորի դերում է եւ չի կարծում, որ խորքային առումով, Արեւմուտքը հարգանքով վերաբերվեց ՌԴ-ին ու նրա շահերին. «Մենք այստեղ պետք է աչալուրջ լինենք եւ Արեւմուտքը, չդիտարկենք իբրեւ բարի քեռի, հատկապես ԱՄՆ-ը, այս պարագայում: Մենք բազմաթիվ ազգային ու պետական շահեր ունենք, որոնց վրա Արեւմուտքը թքած ունի, եթե իր շահերից չի բխում: Մեր խնդիրն է այսօր գործիք չդառնալ՝ ոչ Արեւմուտքի, ոչ ՌԴ-ի ձեռքին, բայց բարդ է դա այսօր անելը»: Նա նաեւ այն կարծիքին չէ, որ Արեւմուտքը երազում է, թե օր առաջ Հայաստանն իր ազգային ու պետական շահերն իրացնի ու մրցակից պետություն դառնա: Ավելին, տեսնում է, որ բնավ էլ այդպես չէ:

Նրա գնահատմամբ, պատմության ընթացքում տանուլ ենք տվել, քանի որ միասնական դիրքորոշում չենք ունեցել, այժմ էլ դա հնարավոր է, քանի որ զարգացումները իշխանության համար պայքարի թատերաբեմի ենք վերածել, «դեռ կրակը չվառված՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ պետք լինի՝ պետք է մտնել Միութենական պետություն, Արցախի նախագահը նեղ, անհատական խոսակցություններում ասում է՝ հանուն Արցախի պետականությունը պիտի զիջենք»: Իր գնահատմամբ՝ մե՞ր սրտով է, թե՞ ոչ, արտաքին քաղաքականության մշակումը գործող իշխանության մենաշնորհն է, մյուսները պետք է աջակցեն դրան:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28