Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանիներին սոված են պահել, 15 օր միայն աղացած գարի են տվել. Կենդանաբանական այգու աշխատակից

Փետրվար 24,2022 15:15

Դեկտեմբերին 15 օր գիշատիչ կենդանիները միս չեն կերել, միայն աղացած գարի են կերել, այդ պատճառով էլ հիվանդացել՝ հերթով սատկում են: Այս մասին այսօր ասաց Երեւանի Կենդանաբանական այգու թռչունների բաժնի ավագ խնամող Գարեգին Խլղաթյանը։

Նա, տարբեր տարիներին կենդանաբանական այգում աշխատող այլ քաղաքացիների հետ, որոնք ազատվել են աշխատանքից, քաղաքապետարանի առջեւ բողոքի ցույց արեցրին՝ ընդդեմ այգում շարունակվող կենդանիների սպանդի եւ, նրանց խոսքով՝ ապաշնորհ կառավարման։

Գարեգին Խլղաթյանն էլ 3 օր առաջ է ազատվել աշխատանքից: Ասում է՝ այգու տնօրինությունից պատճառը կենդանիների համար կեր պահանջելն է եղել. «Բազմիցս բարձրաձայնել եմ, որ կենդանիները սոված են, կեր չունեն։ Այգու կառավարողներին դուր չէր գալիս իմ բարձրաձայնումը, եւ երեկ չէ առաջին օրն ինձ կանչեցին, ասացին՝ դիմում գրի՝ ազատվի: Հրաժարվեցի, ասացի ներկայացրեք ազատման հիմքերը, սկսեցին անհիմն մեղադրանքներ հնչեցնել ասելով՝ ավելի լավ է գրի՝ թե չէ քեզ կհեռացնենք, բայց ես հրաժարվեցի գրել: Հանեցին՝ երկու նկատողություն դրեցին սեղանին: Ասացին, պիտի ապացուցես, որ տուբերկուլոզով հիվանդ չես, ասացի` դե ուղեգիր տվեք, որ գնամ, ստուգվեմ, ասացին, որ քո հաշվին պիտի ստուգվես: Գնացի իմ հաշվին ստուգվեցի: Ուրբաթ օրը գալիս եմ գործի՝ տեսնեմ ջայլամն արդեն հիվանդ նստած է: Կիրակի իմ հանգստյան օրն էր, երկուշաբթի, երբ եկա աշխատանքի, ջայլամը սատկել էր: Ինձ ասում են՝ դու մեղավոր ես, որ ջայլամը սատկել է, ինչի՞ ես թույլ տվել, որ քար ուտի: Կես ամիս է՝ կենդանիներին սոված են պահում։ Ես մեղավոր եմ, որ սատկում են։ Ստից ասում են քար-մար է կերել»:

Գարեգին Խլղաթյանի խոսքով, դեկտեմբերին իր բաժինը նույնպես 15 օր կեր չի ստացել. «Իմ կենդանիները 15 օր մենակ կերել են աղացած գարի: Կենդանիների մոտ հայտնաբերվեց տուբերկուլոզ հիվանդությունը եւ մեղքը գցում են ինձ վրա»:

Այգու մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ տուբերկուլոզ բոլոր կենդանաբանական այգիների կենդանիներն էլ ունեն, սակայն հիվանդությունը պասիվ վիճակում է, եւ ակտիվանում է, երբ նրանց իմունիտետն ընկնում է: Իսկ այգու կենդանիների իմունիտետը կերի բացակայության պատճառով ընկել էր:

Թե ինչու են կենդանիներին սոված պահել, Գարեգին Խլղաթյանը կարծում է, որ այգու տնօրինությունը պարզապես խնայողություն է արել՝ քաղաքապետարանին ցույց տալու, որ լավ են աշխատում. «Ասում էին՝ մենք պարտքերը փակել ենք: Պարտքերը կենդանիների հաշվի՞ն եք փակել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28