«Սատարում ենք ՀՀ-ի ժողովրդավարացմանն ուղղված գործընթացներին։ Եվրամիության համար ՀՀ-ն շարունակում է մնալ կարեւոր գործընկեր»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդը։ «Մենք շարունակելու ենք աջակցել ՀՀ-ի բարեփոխումներին՝ այնքանով, որքանով որ ՀՀ-ն է պատրաստ»,-շեշտեց նա։
Ապա պաշտոնյան հայտնեց, որ առաջիկայում Եվրատեսիլում իր հայրենի Էստոնիան ներկայացնելու է հայազգի Ստեփան Հայրապետյանը․ «Քվեարկեք նրա օգտին»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ԵՄ-ն չի արձագանքում ՀՀ-ում ժողովրդավարության դեմ ուղղված քայլերին, լրագրողների իրավունքների սահմանափակումներին։
Մարինա Կալյուրանդը պատասխանեց․ «Այո, մենք գնահատում ենք ՀՀ-ում կատարվող ժողովրդավարական բարեփոխումները, սակայն ոչ մի բան կատարյալ չէ, չկան կատարյալ երկրներ։ Մենք քննարկումներ ենք ունեցել վարչապետի, ԱԳ նախարարի հետ, խոսել սահմանադրական բարեփոխումների մասին, արդարադատության ոլորտի, վիրավորանքի քրեականացման մասին։ Այո, մենք լավ տեղեկատվություն ենք ստանում ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։ Հանդիպել ենք նաեւ քաղաքացիական հասարակության, ՀՅԴ-ի հետ։ Մենք լուռ չենք։ Մենք չենք եկել ձեզ ինչ-որ բան սովորեցնելու։ Մենք այստեղ ենք որպես ձեր ընկերներ։ Եթե կարիք լինի, մենք կբարձրաձայնենք խնդիրների մասին, կխոսենք փոքրամասնությունների մասին։ Միաժամանակ՝ ընդունենք, որ առաջընթաց կա։ Վարչապետին խոստացել ենք, որ մեր երկրների լավագույն փորձն ենք տրամադրելու, նա էլ խոստացավ դիտարկել այն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ