Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր ամենաճիշտ դիրքավորումը պետք է լինի չեզոքությունը». Սոսի Թաթիկյանը՝ ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանի դիրքավորման մասին

Փետրվար 24,2022 14:58

«Սա նաեւ հայկական ողբերգություն է»,- Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի կազմակերպած «Ուկրաինական ճգնաժամ. ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը, որն այսօր ռազմական փուլ մտավ: Նա նկատեց, որ ՌԴ-ում հայկական համայնքը ամենամեծն է, իսկ Ուկրաինան հայ համայնքի մեծությամբ չորրորդ երկիրն է աշխարհում: Այս իրադարձությունների ֆոնին բանախոսը հատկապես է կարեւորում ՌԴ-Ադրբեջան դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ստորագրումը՝ իր առաջին կետով, ըստ որի` կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ռուբեն Մեհրաբյանը ուշագրավ է համարում նաեւ նախնական միջազգային արձագանքները ռուս-ուկրաինական պատերազմին, որոնք նաեւ որոշակի պատժամիջոցներով են սպառնում ՌԴ-ին:

Քննարկման նպատակն էր՝ ամփոփել առաջարկները, որոնք վերաբերվում են Հայաստանի դիրքավորմանը՝ առկա եւ սպասվելիք մարտահրավերների համատեքստում, որպեսզի իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գանք:

«Հայաստանի հանրապետության արտգործնախարարության նախնական դիրքորոշումը միակ հնարավոր ողջամիտ դիրքորոշումն էր, որն այս իրավիճակում հնարավոր է»,- այս կարծիքին է միջազգային հարաբերությունների ու անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը՝ հավելելով, որ տարբեր կողմերից ՀՀ-ի վրա կարող են լինել ճնշումներ ու շատ կարեւոր է, որ Հայաստանը կարողանա առաջնորդվել սառը դատողությամբ եւ նվազեցնելով ռիսկերը:

«Տեղի է ունենում աշխարհաքաղաքական շահերի եւ արժեհամակարգերի մեծ բախում։ Գոյություն ունեն երկակի ստանդարտներ՝ տարբեր ուժային կենտրոնների միջեւ՝ նույնանման հարցերի վերաբերյալ, հետեւաբար, այստեղ պետք է ճիշտ բալանսավորել աշխարհաքաղաքական շահերն ու արժեհամակարգի հետ կապված միջազգային նորմերի հանդեպ մոտեցումները: Տվյալ պարագայում, քանի որ ամեն ինչ շատ բարդ է, ինչքան քիչ ՀՀ-ն դիրքորոշումներ հայտնի, այնքան ճիշտ կլինի: Մեր ամենաճիշտ դիրքավորումը պետք է լինի չեզոքությունը, քանի որ, եթե այդ նժարը խախտվի որեւէ ուղղությամբ, մեր կրած վնասները կարող են կրկնապատկվել: Եթե Հայաստանն աջակցի ՌԴ-ին, ապա մենք կենթարկվենք քաղաքական մեկուսացման Արեւմուտքի կողմից։ Հակառակ պարագայում, եթե մենք Ուկրաինային աջակցենք, ապա մենք շատ մեծ վնաս կկրենք անվտանգային առումով։ Իրականում, մեր մեծագույն վտանգներից մեկը մեր սահմանների պաշտպանությունն է հիմա. երեկ ես տեսա, որ մեր սահմանների վրա տեղի է ունեցել սադրանք եւ ադրբեջանցիները մեզ մեղադրել են ինչ-որ գործողության մեջ: Մենք հիմա պետք է կենտրոնանանք հենց մեր սահմանների պաշտպանության վրա, քանի որ միջազգային հանրության ուշադրությունը, բնականաբար, շեղվել է այս տարածաշրջանից, այդ թվում՝ առաջին հերթին Ռուսաստանի ուշադրությունը, եւ ես վստահ եմ, որ Ադրբեջանը դրանից կփորձի օգտվել՝ մեր սահմանների շրջանում, նաեւ Արցախում ինչ-որ գործողություններ կատարել: Մենք պետք է շատ զգոն լինենք, որպեսզի մեր սահմանները պաշտպանենք եւ հասկանանք, թե Արցախում ինչպես կարելի է նվազեցնել հնարավոր ռիսկերը»,- ասաց Սոսի Թաթիկյանը։

Հաջորդ խնդիրը, ըստ Սոսի Թաթիկյանի, Արցախի հակամարտությունը Դոնեցկի, Դոնբասի հակամարտության հետ ասոցացնելն է, որտեղ ևս Հայաստանը պետք է շատ զգույշ լինի։ Զգուշավորությունը պետք է դրսեւորվի նրանում, որ Արցախի հարցը չպետք է ընկալվի որպես անջատողական շարժում, ինչը հարցն ավելի մեծ փակուղի կմտցնի։ Բանախոսը նկատում է, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը միջազգային ատյաններում միշտ փորձել է այդ թեզն առաջ տանել՝ Հայաստանին ներկայացնելով իբրեւ հակաարեւմտյան ուժ, որը ՌԴ-ի եւ Իրանի դաշնակիցն է, մինչդեռ, ներկայիս իրավիճակում, Հայաստանը շատ լավ կարող է խաղարկել ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքված դաշնակցային գործակցության մասին համաձայնագիրը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28