Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևը խզում է հարաբերությունները Մոսկվայի հետ, Լուկաշենկոն միջնորդություն է առաջարկում, ԵՄ-ը՝ դատապարտում

Փետրվար 24,2022 14:40

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Այս առավոտը մտավ պատմության մեջ, բայց այդ պատմությունը միանգամայն տարբեր է մեր երկրի և Ռուսաստանի համար: Եվ մենք դադարեցնում ենք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է նա ճեպազրույցում:

Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ ռուսական ագրեսիայի հետևանքով ուկրաինական կողմից զոհվել է ավելի քան 40 զինծառայող: Այնուամենայնիվ, նշվում է, որ ռուսական հարվածները լուրջ վնաս չեն հասցրել բանակի մարտունակությանը:

Իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ քննարկում են Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու հարցը:

«Մենք պայմանավորվում են Պուտինի հետ՝ ինչ անել, որպեսզի լավ լինի թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի համար: Բայց դա կլինի համատեղ որոշում»,- ասել է նա:

Լուկաշենկոն նաև ասել է, որ պատրաստ է Մինսկում հյուրընկալել ռուս-ուկրաինական բանակցություններ: Նա նշել է, որ, իր տեղեկություններով, Ռուսաստանը նման բանակցությունները կհամաձայնի միայն այն դեպքում, եթե դրանք հանգեցնեն հստակ լուծումների:

Քիչ առաջ հայտարարություն է տարածել Եվրամիությունը՝ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները:

«Եվրամիությունն ամենախիստ կերպով դատապարտում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ներխուժումն Ուկրաինա: Մենք նաև դատապարտում են Բելառուսի ներգրավվածությունը Ուկրաինայի դեմ այս ագրեսիայում և կոչ ենք անում նրան հետևել իր միջազգային պարտավորություններին»:

ԵՄ-ը նաև կոչ է անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առանց նախապայմանների հետ քաշել զորքերը և սպառազինությունը Ուկրաինայի ամբողջ տարածքից:

«Ռուսաստանի ռազմական հարձակումն Ուկրաինայի՝ անկախ և ինքնիշխան երկրի տարածքի դեմ միջազգային իրավունքի աղաղակող խախտում է… Ռուսաստանը լիարժեք պատասխանատվություն է կրում ագրեսիայի այդ գործողության և դրա հետևանքով առաջացած զոհերի համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Օդեսայի իշխանությունները հայտնում են, որ Լիպեցկոյե գյուղում զոհվել է 18 մարդ, այդ թվում 10 կին, ևս 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարում՝ Լուկաշենկոն եւ Զելենսկին 2019–ի հոկտեմբերին

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ՝ UNIAN, BBC, TASS

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28