Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավոր է ստեղծվի Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա գործակցության ձևաչափ:
«Այն ինչ ստորագրվեց երեկ (փետրվարի 22-ին-խմբ.), ըստ էության, եթե նայենք մեր տեսանկյունից, պատմական ձեռքբերում է, քանի որ երկու հզոր երկրների՝ երկու հարևանների հետ Ադրբեջանն ունի դաշնակցային հարաբերություններ: Ես կարծում եմ, որ որևէ այլ երկիր դրանով չի կարող պարծենալ: Ես արդեն չեմ խոսում այն մասին, որ մեկը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մյուսը՝ ՀԱՊԿ փաստացի ղեկավար երկիր: Ըստ էության, դա ձեռքբերում է: Եվ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն ձևավորվում է դե ֆակտո նաև գործակցության եռակողմ ձևաչափ»,- ասել է նա ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ եռակողմ ձևաչափը դեռ ձևավորված չէ, դեռևս հանդիպում չի անցկացվել արտգործնախարարների և նախագահների մակարդակով, բայց ձևավորման գործընթացն արդեն գնում է:
«Ձևավորվում է գործակցության եռակողմ ձևաչափի ստեղծման գործընթաց՝ հիմնված ընդհանուր շահերի, պրագմատիզմի, կառավարման համակարգերի ընդհանրության, արժեքների ընդհանրության վրա: Եվ մեզ շատ հաճելի է, որ նախագահներ Էրդողանի և Պուտինի միջև կան շատ վստահելի հարաբերություններ, նրանք երկուսն էլ հանրային կերպով այդ մասին խոսում են: Այնպես որ, կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կձևավորենք այդ հարաբերությունները: Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի դաշնակիցն է, ապա առաջ է գալիս հաջորդ քայլը: Իհարկե, դա մեր գործը չէ, բայց մենք միշտ մեր կողմից աշխատել ենք այն ուղղությամբ, որպեսզի մոտեցնենք երկու երկրների շահերը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Կարդացեք նաև
Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Ալիևն ասել է, որ դրանք գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:
«Բազում տարիներ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես իմ, այնպես էլ նախագահ Պուտինի կողմից բնութագրվել են որպես ռազմավարական գործընկերների հարաբերություններ: Հարաբերությունների այսօրվա ձևաչափը ամենաբարձրն է, այսինքն` դրանից բարձր գործնականում չկա, և միջպետական հարաբերություններում դա այսբերգի գագաթն է, եթե կարելի է այդպես ասել»,- ասել է Ալիևը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում:
Նա հիշեցրել է, որ դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը պատրաստվել է ավելի քան մեկ տարի՝ 2021թ. հունվարից: Այս պահին, նրա խոսքով, մշակվում են հռչակագրի շրջանակում այլ փաստաթղթեր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ