Ինչպես հայտնել էինք, Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդն այսօր ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Հայաստանին հորդորել էր կանգնել Ուկրաինայի կողքին։ Լրագրողների հիշեցմանն ի պատասխան, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, Կալյուրանդը պարզաբանեց․ «Ձեր կառավարության որոշելիքն է, թե ինչ կանեն, ինչպես կանեն։ Միայն կարող եմ կոչ անել կանգնել Ուկրաինայի կողքին, աջակցել նրան»։
Պաշտոնյան շեշտեց․ «Ես չեմ միջամտելու Հայաստանի ներքին հարցերին։ Ճիշտ է, ամեն բան ձեր իսկ ձեռքերում է, բայց անգամ մարդիկ կարող են իրենց աջակցությունը հայտնել։ Օրինակ մեր մոտ՝ Էստոնիայում, մարդիկ երթ արեցին Ուկրաինայի դրոշներով։ Կարող եմ ասել, որ Եվրամիությունը կանգնած է Ուկրաինայի կողքին, իսկ երկուշաբթի Եվրանեսթի հանդիպումների շրջանակում ընդունվել է բյուրոյի հայտարարություն, որով մենք աջակցել ենք Ուկրաինայի ինքնավարությանն ու անկախությանը»։
Լրագրողները հիշեցրին նաեւ Կալյուրանդի՝ մեկ տարի առաջ կատարած հայտարարությունը, որով նա Արցախի ժողովրդին խաղաղություն էր ցանկանում։ Մարինա Կալյուրանդն ի պատասխան վերահաստատեց դիրքորոշումը․ «Ես ինքս նախկին դիվանագետ եմ, եղել եմ ԱԳ նախարար, հավատում եմ դիվանագիտությանը։ Հավատում եմ, որ բոլորն իրավունք ունեն խաղաղություն եւ բարգավաճում ունենալու, եւ դրանց հնարավոր է հասնել դիվանագիտությամբ։ Իսկապես ցավում եմ ամեն կյանքի կորստի համար, ամեն ընտանիքի տառապանքի համար եւ հավատում եմ, որ կայուն խաղաղություն կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո։ Միայն այդպես է հնարավոր հասնել կայուն խաղաղության»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ