Ermenihaber. Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողությունների ֆոնին Turkish Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա: Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Բիլալ Էքշին:
Թուրքական աղբյուրները գրում են, որ Ռուսաստանը Ուկրաինայում ցամաքային և օդային ռազմական գործողություններ է սկսել:
Կա նաև ոչ պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Թուրքիան այժմ փորձում է տարհանել Ուկրաինայում գտնվող իր դիվանագետներին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Ուկրաինայից:
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային հորդորել էր աջակցություն ցուցաբերել Կիևին։ Այդ հայտարարությունում, մասնավորապես ասված է. «Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում»,- ասվում է գրառման մեջ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր տեսաուղերձում հայտնել էր, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշում է կայացրել: