Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՏՕ-ն պատրաստ չէ անմիջականորեն պաշտպանել պոստսովետական տարածքի պետություններին». Անդրիաս Ղուկասյան

Փետրվար 24,2022 13:45

«Սա պատերազմ է Ուկրաինայի ինքնիշխանության համար եւ նոր պատերազմ չէ, այլ 2014թ ժամանակավոր դադարեցված պատերազմի վերսկսումն է: Պարզապես 2014թ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան պատրաստ չէին լայնամասշտաբ պատերազմի, այս տարիների ընթացքում երկուսն էլ կուտակեցին անհրաժեշտ ռեսուրսներ, արեցին բարեփոխումներ իրենց զինված ուժերում, և, ըստ էության, եկան այսօրվա դրության, երբ դրված է Ուկրաինայի ինքնիշխանության հարցը: Մեծ հաշվով դրված է նաեւ ողջ հետսովետական տարածքի ապագան»,- «Մեդիա կենտրոնում» նշեց Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը բացահայտ հայտարարել է, որ այդ տարածքը պետք է գտնվի իր վերահսկողության ներքո եւ պատրաստ է այդ տարածքն ուժով վերցնել իր հսկողության տակ. «Այսօր ՌԴ-ն այդ տարածքում գտնվող պետությունները դիտարկում է հետեւյալ տեսանկյունից, թե ով է գտնվում իր հսկողության տակ, ով` ոչ: Օրինակ, Հայաստանը, Բելառուսը գտնվում են իր հսկողության տակ, իսկ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը չեն համաձայնում: Դրա համար Ռուսաստանը պատրաստ է այդ պետությունների վրա ուժով հաստատել հսկողություն»:

Իսկ Ուկրաինան պատրա՞ստ է դիմակայելու այս պատերազմին: Այս հարցի մասին էլ քաղաքագետը հետեւյալը նշեց. «Ցավալի է, որ պատերազմները զոհեր են բերում, եւ բոլորիս ցանկությունն է, որ սահմանափակ լինի այն տանջանքը, որը նման իրադարձություններն է զուգորդում: Ինչպես արդեն նշեցի, խոսքը գնում է ուկրաինական ազգի լինել-չլինելու մասին: ՌԴ ղեկավարությունը Ուկրաինայի տարածքը, ուկրաինացիներին դիտարկում է որպես փոքրամասնություն Ռուսաստանի կազմում, բացառում է ուկրաինական ինքնիշխան պետություն: Նույնը վերաբերվում է Մոլդովային, Վրաստանին, Հայաստանին, Բելառուսին, Միջին Ասիայի հանրապետություններին: Կա ծրագիր իրականացնել վերահսկողություն հետսովետական տարածքի նկատմամբ, կա իրողություն, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ անմիջականորեն պաշտպանել պոստսովետական տարածքում գտնվող պետություններին, այս տարածքում Ռուսաստանի ձեռքերն ազատ են…

Այդ տարածքի պետությունները պետք է ինքնուրույն պաշտպանվեն Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ Արեւմուտքը կարող է օգնություն ցուցաբերել` ռազմատեխնիկական, ֆինանսական, քաղաքական: Մենք տեսանք, որ այդ բոլոր գործիքներն Ուկրաինայի համար գործում էին, իսկ թե որքանով, կախված է նաեւ Ուկրաինայից: Այս ընթացքում Ուկրաինայում երկու կառավարություն է եղել, տարբեր մոտեցումներ` Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու վերաբերյալ: Եվ ասել, թե պատրաստ է այսօր Ուկրաինան ինքնուրույն Ռուսաստանի Դաշնությունից պաշտպանվել, դժվար է: Իմ անձնական կարծիքով՝ արված չէր այն ամենը, որպեսզի Ուկրաինան ունենար բավարար զինված ուժեր, որպեսզի ցանկացած ագրեսիայից կարողանար իրեն պաշտպանել: Մյուս կողմից էլ, անհնար է չտեսնել այն լայնածավալ ռազմատեխնիկական օգնությունը եւ օժանդակությունը, որը ցուցաբերեց Արեւմուտքը ուկրաինական բանակի որակական փոփոխության, մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28