Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շարունակում է մնալ մասնակի ազատ երկիր. Freedom House-ը հրապարակել է իր «Ազատությունն աշխարհում» զեկույցը

Փետրվար 24,2022 13:40

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2022» իր ամենամյա զեկույցը, որում Հայաստանը 55 միավորով շարունակում է մնալ մասնակի ազատ երկիր:

Զեկույցը գնահատել է յուրաքանչյուր երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հետ կապված իրավիճակը: Ընդհանուր առմամբ Հայաստանը հավաքել է նույնքան միավոր, որքան նախորդ տարի: Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակներն առաջընթաց են գրանցել ընտրական միջավայրի փոփոխության առումով՝ կապված նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ (+1 միավոր) և հետընթաց՝ կապված երկրի արևելյան շրջաններում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման հետ (-1 միավոր):

Զեկույցի՝ ընտրական գործընթացներին վերաբերող հատվածում հղում է կատարվում միջազգային դիտորդներին, որոնց համաձայն ընտրություններն անցել են ազատ և արդար:

Չնայած ընդհանուր առմամբ Հայաստանը չի փոխել դիրքերը՝ զեկույցի հեղինակները մի շարք մտահոգիչ հանգամանքներ են փաստել:

Մասնավորապես, նշվում է, որ չնայած Փաշինյանը խոստացել էր տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, երկու հարուստ գործարար նրա ընտրական ցուցակով մտել են խորհրդարան: Նշվում է, որ ընդդիմադիր որոշ խորհրդականներ նույնպես սերտ կապեր ունեն գործարարների հետ:

Զեկույցում նաև նշվում է, որ 2020թ. հրադադարից հետո Ռուսաստանն ավելացրել է ազդեցությունը Հայաստանի վրա՝ որպես հայ-ադրբեջանական բանակցություններում հիմնական միջնորդ:

Զեկույցի՝ կոռուպցիային վերաբերող հատվածում նշվում է, որ չնայած որոշակի առաջընթացին, մասնավորապես Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ կոռուպցիայի մեղադրանքով գործերը, մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, GRECO-ն, կարծում են, որ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության մեջ լուրջ բացթողումներ են մնում:

Կառավարության թափանցիկությանը վերաբերող հատվածում նշվում է, որ մի շարք առաջարկվող օրինագծեր կարող են սահմանափակել տեղեկության ազատության մասին գործող օրենքը և կոռուպցիոն ռիսկեր պարունակել:

Մամուլի ազատության վերաբերյալ բաժնում նշվում է, որ մի քանի նոր սահմանափակումներ են սահմանվել լրագրողական ազատության դեմ, այդ թվում՝ խորհրդարանում նրանց ազատ տեղաշարժվելու սահմանափակում, ինչպես նաև որոշակի սահմանափակումներ Սյունիքի մարզում աշխատելու հետ կապված: «Այս միջոցառումները լայնորեն դատապարտվել են տեղի և միջազգային կազմակերպությունների կողմից, իսկ տեղի մեդիա կազմակերպությունները կոչ են արել կառավարությանը վերջ տալ լրատվամիջոցների խոչընդոտներին և ոտնձգություններին»:

Նշվում է, որ ավելացել է բռնությունը լրագրողների նկատմամբ: Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ 2021թ. հոկտեմբերի դրությամբ գրանցվել է լրատվամիջոցի ներկայացուցիչների դեմ բռնության մոտ 20 դեպք:

Նշվում է, որ խորհրդարանը քրեականացրել է քաղաքական գործիչների և հանրային դեմքերի նկատմամբ լուրջ վիրավորանք հասցնելը: Տեղի լրագրողական կազմակերպություններն ու իրավապաշտպանները մտահոգություն են հայտնել, որ այդ օրենքը կարող է հեշտությամբ չարաշահվել՝ սահմանափակելու ազատ արտահայտվելու իրավունքը և քաղաքական ճնշումներն ուղղելու այն լրատվամիջոցների դեմ, որոնք քննադատում են քաղաքական գործիչներին:

Փոքրամասնությունների ազատություններին վերաբերող հատվածում նշվում է, որ ԱԱԾ-ն քրեական գործ է սկսել եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ այն բանից հետո, երբ նա խոսել է Հայաստանում եզդիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին:

Խոսքի ազատությանը վերաբերող հատվածում նշվում է, որ կառավարությունը քրեականացրել է զրպարտությունը, արդյունքում այդ հոդվածով առնվազն 9 քրեական գործ է հարուցվել: Նշվում է, որ դա մտահոգություններ է առաջացնում կապված քաղաքացիների՝ խոսքի ազատության իրենց իրավունքը լիարժեք իրացնելու հետ կապված:

Հավաքների ազատությանը վերաբերող հատվածում նշվում, որ 2021թ.ընթացքում բազմաթիվ ցույցեր են անցկացվել: «Չնայած ոստիկանության կողմից բռնի միջամտության և ցուցարարներին ժամանակավոր բերման ենթարկելու որոշ դեպքերին, հիմնականում ցուցարարները կարողացել են հավաքներ իրականացնել առանց անհարկի խոչընդոտների»,- ասվում է զեկույցում:

Դատարանների ազատության մասին հատվածում նշվում է, դրանք բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խարխլված են կոռուպցիայի պատճառով: Կառավարությունը, չնայած շարունակել է բարեփոխումների գործընթացը համաձայն 2019թ. ընդունված 5-ամյա ռազմավարության, բայց այն դանդաղ է ընթանում:

Զեկույցում նշվում է նաև, որ ադրբեջանական ուժերը «2020թ վերջից «շարունակում են օկուպացված պահել սահմանի երկայնքով տարածքները»: «2021թ. մայիսին Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը հատել են Հայաստանի տարածքը՝ սադրելու ռազմական բախումներ: Նոյեմբերի կեսերին լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Հայաստանի սահմանի արևելյան հատվածում, որի արդյունքում եղավ 13 զոհ, իսկ 32 հայ զինվորներ գերեվարվեցին: Տասնյակ հայ ռազմագերիներ շարունակում են մնալ ադրբեջանական բանտում: Նրանցից ոմանք, ըստ հաղորդագրությունների, խոշտանգվել են»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում հիշատակվում է, որ 2020թ. հրադադարից հետո ադրբեջանական ուժերը վերահսկողություն են հաստատել Գորիս-Կապան ճանապարհի 21կմ-անոց հատվածի վրա, ինչի հետևանքով որոշ գյուղեր երկու մասի են բաժանվել և սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28