«Ազատություն». «Անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի դատավարությունը բաց չի կարող ընթանալ, քանի որ դրանում առկա որոշ տվյալներ պետական գաղտնիք են պարունակում, հայտնում են գլխավոր դատախազությունից՝ արձագանքելով Դավիթ Տոնոյանի փաստաբանների երեկվա հայտարարությանը։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հիշեցնում է՝ մեղադրող դատախազը դատավարության դեռ սկզբում էր այդ մասին հայտնել։
«Եթե չեմ սխալվում, հենց առաջին դատական նիստի ժամանակ, պաշտպանության կողմը հանդես էր եկել համապատասխան միջնորդությամբ կապված նիստերը դռնբաց անցկացնելու վերաբերյալ, այդ դատական նիստի ժամանակ դատախազն առարկություն է ներկայացրել ներկայացրած միջնորդությանը և դատարանն, ըստ էության, միջնորդությունը մերժել է։ Այս պահի դրությամբ դատախազությունն իր դիրքորոշումը չի փոխել․ գործում առկա են այնպիսի նյութեր, տվյալներ, որոնք պարունակում են պետական գաղտնիք և, հետևաբար, նիստերը դռնբաց անցկացնել չեն կարող», – ասաց Աբրահամյանը։
Պաշտպանության նախկին նախարարի պաշտպանները քանիցս հայտարարել են՝ որևէ հիմք չկա նիստերը դռնփակ անցկացնելու համար։ Այդ պատճառով փետրվարի 28-ին նշանակված դատական նիստի ընթացքում իրենք շարունակելու են պահանջել բաց և հրապարակային դատավարություն՝ «քրեական գործի նյութերում պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների բացակայության վերաբերյալ նախկինում արված պնդումների հիման վրա»:
Կարդացեք նաև
Պաշտպանները պնդում են, թե «պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանը գործել է բացառապես իր լիազորությունների շրջանակում և իրականացրել է միմիայն օրինական գործողություններ»։
Արտակ ԽՈՒԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: