Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը լավագույնս կփորձի օգտվել ՌԴ-ի այսօրվա դիրքորոշումից․ պետք է պատրաստ լինենք»․ Տիգրան Խզմալյան

Փետրվար 24,2022 12:44

«Հարձակվելով Ուկրաինայի վրա՝ ՌԴ-ն հակադրվեց ողջ քաղաքակիրթ աշխարհին։ Անհիմն, առանց որեւէ լուրջ բացատրության․․․սա այն է, ինչը մենք ապրեցինք 2020թ․-ին։ Ղրիմի վրա հարձակումը եւս նույն տրամաբանության մեջ էր»,-ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դեմ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։

«Սրանով Ռուսաստանը կրկնում է գերմանական ֆաշիզմի գործողությունները։ Մեզ պետք է հասկանալ, որ ՌԴ դաշնակիցն այս պահին Ադրբեջանն է։ Երկու օր առաջ հենց Ադրբեջանի հետ կնքվեց դաշնակցային պայմանագիր, ուստի մնալով ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում՝ ՀՀ-ն կատարում է լուրջ սխալ։ Չի կարելի մնալ մի դաշինքում, որը քաղաքակրթության եւ հայության դեմ է, Ուկրաինայի դեմ է։ Մենք խաղաղության, եվրոպական արժեքների կողքին պետք է լինենք»,-համոզմունք հայտնեց Տիգրան Խզմալյանը։

Նրա խոսքով․ «Մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ է հիմա սպառնում ՀՀ-ին, կրկնում են ստերը, թե Ուկրաինան էր զինում Ադրբեջանին․ այդպիսիք կամ միամիտ են, կամ չարամիտ։ Պատերազմի օրերին Զելենսկիի պաշտոնական հայտարարության համաձայն՝ Ուկրաինան ընդհատել է զենքի վաճառքն Ադրբեջանին, ուստի սադրիչ հայտարարությունների հետեւում ՌԴ հատուկ ծառայություններն են կանգնած։ Ուկրաինայում կատարվողն Արցախում կատարվածի շարունակությունն է։ Պաշտպանելով Ուկրաինան՝ մենք պաշտպանում ենք Արցախը»։

Տիգրան Խզմալյանը կարծում է՝ ՀՀ-ն ճիշտ է վարվում, որ չի ճանաչում Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները։

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ այսօր Մոսկվա այցին, Խզմալյանը շեշտեց․ «Գուցե ՊՆ-ն ՀՀ-ի անվտանգությունն է փորձում ապահովել այս լարված վիճակում, որովհետեւ Ադրբեջանը լավագույնս կփորձի օգտվել ՌԴ-ի այսօրվա դիրքորոշումից, եւ մենք պետք է պատրաստ լինենք։ Ամեն դեպքում, Պապիկյանը եւ մյուսները պետք է ՀՀ-ում լինեին նման իրավիճակում եւ պատրաստեն զինված ուժերը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28