Նախօրեին «Վիգ Մոր» կլինիկա տեղափոխված մարզերից մեկի բնակիչ 2018–ին ծնված Ռ. Ն-ն բռնության չի ենթարկվել: Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց երեխայի հայրը:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված կլինիկայից ոստիկանություն էին ահազանգել, որ «արյունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վուլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ և հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի 4-ամյա երեխա։
«Ոչ մի կապտուկ չկա երեխուս վրա։ Այդ երեխան իմ աչքի առաջ է եղել ամբողջ օրը, ընդհանրապես տնից դուրս չի եկել, երեք տարեկան երեխային ուր կարող ես թողնել կամ ուր կարող է գնալ: Ինքը աղիների հետ խնդիր ուներ, դժվար էր դուրս գալիս։ Մի անգամ եղել էր՝ անցել էր, իրեն-իրեն, բանի տեղ չէինք դրել։ Երկրորդ անգամ, որ դուրս է եկել, հետեւի շրջանում ցավեր ուներ: Իրականում երեխեն հետանցքի ճաք ունի, բուժման կարիք ունի, հետաքրքրվեցի՝ ուր տանեմ, խորհուրդ տվեցին այդ կլինիկան, գնացինք: Ստուգեցին, ասացին՝ հաջորդ օրը մի հատ մաշկաբանն էլ նայի։ Էդ բժշկուհին զանգեց, ասաց՝ էս ինչ ժամին եկեք, մաշկաբանը ձեզ է սպասում։ Գնացինք, մաշկաբանը չկար, սպասեցինք, այդպես էլ չեկավ։ Մեզ ասացին՝ պետք է հաղորդենք ոստիկանությանը, հարցնում եմ՝ ինչի համար հաղորդեք, մենք խնդիր չենք տեսնում: Ոստիկանությունից ինձ զանգեցին, ասացի՝ այդ բժիշկները ոչ մի բան չեն հասկանում։ Ես երեկ էլ, առաջի օրն էլ իրենց մոտից դուրս եկա, հինգ հատ հիվանդանոց եմ մտել, իմ երեխուն նայել են։ Բոլոր թղթերն ունեմ, որ հերքել են իրենց ասածները։ Ես հիմա մարդկանց ասել եմ, որ զբաղվում են կոնկրետ այդ բժշկուհու հարցով, որ սխալ տեղեկություն է տարածել, մեզ գցել սենց պատմության մեջ: Այդ բժշկուհին գինեկոլոգ չէր, ուրիշ բժիշկ էր, իմ երեխուն գինեկոլոգ ընդհանրապես չի նայել, ոչ մի զննություն չի անցել։ Հեսա ես գնալու եմ իրենցից պահանջեմ գրավոր եզրակացություն, տեսնեմ՝ եթե գինեկոլոգը չի ստուգել իմ երեխուն, ինքն էլ էդ մասնագետը չի, էդ ի՞նչ մի շուխուր է արել ու տարածել: Ես երեկ Մարդու իրավունքների պաշտպանին էլ եմ զանգել, իրենց էլ եմ տեղեկացնելու: Լրիվ սուտ տեղեկություններ են տարածել: Էս պահին երեք բժշկի հերքում ունեմ թղթերով, որ էդ երեխայի մոտ ընդամենը մաշկային բորբոքում է, որ պետք է բուժում ստանա: Ես մինչեւ վերջ եմ գնալու, էդպիսի բժիշկները պետք է որակազրկվեն, իրավունք չունեն աշխատելու, ինքը պաշտոնապես պետք է ներողություն խնդրի իմ երեխու անվան հետ խաղալու համար»,- ասաց երեխայի հայրիկը:
Երեխայի հոր եւ մոր մասին շատ դրական կարծիք մեզ հետ զրույցում հայտնեց նաեւ այն համայնքի ղեկավարը, որտեղ երեխան ընտանիքի հետ ապրում է: Համայնքի ղեկավարը բնորոշեց շատ լավ ու խաղաղ ընտանիք, ասաց՝ հայրը խանութ ունի, խանութ է աշխատեցնում, մայրն էլ մանկապարտեզում է աշխատում: Երեխան տանը ունի նաեւ իրենից մեկ տարի փոքր եղբայր, տատիկ ու պապիկ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ