ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը փետրվարի 23-ին աշխատանքային այցով եղել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: Արա Խզմալյանը քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Ղազարյանի, ընդհանուր կազմակերպչական և մասնագիտական հարցերով տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ծանոթացել պարասրահի՝ պետական միջոցներով հիմնանորոգման աշխատանքներին: Նախարարի տեղակալը քոլեջի պատասխանատուների հետ քննարկել է նաև առկա խնդիրները և նախանշել դրանց լուծման հնարավոր ուղիները:
Արա Խզմալյանի ընդգծմամբ՝ առանց հարիր պայմանների, առանց բարենպաստ միջավայրի չի կարելի խոսել որակյալ կրթության մասին: «Երբ խոսում ենք որակյալ կրթության մասին, մեթոդաբանությանը, բովանդակային խնդիրներին զուգահեռ՝ պետք է հաշվի առնել նաև տեխնիկական, գույքային պայմանները: Ե՛վ նախորդ տարի, և՛ այս տարի մեծ ներդրումներ են արվում թատերահամերգային կազմակերպություններում: Այս տարի 1 մլրդ դրամ հատկացվելու է թատերահամերգային կազմակերպությունների կապիտալ վերանորոգմանը, լուսաձայնային տեխնիկայի արդիականացմանը: Այժմ թատրոնների տնօրենների հետ քննարկումներ ենք իրականացնում և պատրաստվում ենք մասնագետներին գործուղել Գերմանիայում կայանալիք մեծ ցուցահանդեսին, որն անմիջական կապ ունի լուսաձայնային տեխնիկայի, բեմական պարագաների, բեմի կահավորման և այլնի հետ: Մենք պետք է տեղյակ լինենք, թե աշխարհում այսօր ինչ է կատարվում, ինչ է արտադրվում, որովհետև դժվար է 21-րդ դարում մասնատել գեղարվեստական, կրթական որակը այդ որակն ապահովող նյութատեխնիկական բազայից»,- նշել է նախարարի տեղակալը:
Այնուհետև Արա Խզմալյանը ներկա է գտնվել դասապրոցեսին, որն անցկացվում էր նոր, հիմնանորոգված պարասրահում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Երևանի պարարվեստի պետական քոլեջին՝ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ պետական հատկացումների հաշվին ամբողջովին վերանորոգվել է քոլեջի փորձասենյակը: Նրա փոխանցմամբ՝ մի քանի հանդիպում է ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ղեկավարների հետ, և ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն այդ կառույցների միջև:
«Ե՛վ ուսումնարանում, և՛ կոնսերվատորիայում սովորողները պետք է համալրեն Օպերային թատրոնի արտիստների շարքերը: Մեր խնդիրը ոչ միայն պրոֆեսիոնալ պարողներ ունենալն է, բեմական խորեոգրաֆիան, այլև բեմական փորձը: Մեր առաջնային խնդիրն է լինելու ուսումնարանում ձևավորել մի միջանկյալ օղակ, հարթակ, որը պարողին փորձի հնարավորություն կտա: Պարը միայն մասնագիտական գործունեության խնդիր չէ, այլ ապրելու, շարժվելու մշակույթ է, սա աշխարհայացք է, կենցաղի գեղագիտություն: Սա շատ ավելին է, քան ենթադրվում է, և երբ մենք մեր սերունդներին կրթում ենք, կեցվածք մշակում, այդպիսով մշակում ենք վաղվա գեղեցիկ քաղաքացուն, իսկ մարմնի գեղեցկությունը պակաս կարևոր չէ հոգու գեղեցկությունից: Պոլ Վալերին ասել է, որ իրեն երբեմն թվում է, որ մեր հոգին ոչինչ չի հասկանում մեր մարմնից: Ուզում եմ, որ մենք այս սխալը չգործենք»,-շեշտել է Արա Խզմալյանը:
Տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի տեղեկացմամբ՝ պարասրահի հատակի հիմնանորոգման համար պետական միջոցներից հատկացվել է 18 մլն դրամ: «Ապամոնտաժվել են պարասրահի հին հատակը, հիմնափայտերը, հեռացվել է կուտակված աղբը: Բետոնապատման միջոցով վերացվել են հատակի անհարթությունները, տեղադրվել են նոր հիմնափայտեր, կառուցվել է նոր փայտե հատակ, և իրականացվել է խոր հղկում: Ձեռք է բերվել մասնագիտական հատակածածկ (լինոլեում), որը շատ հարմար է քոլեջի ուսանողների մասնագիտական գործունեության համար»,- նշել է տնօրենի տեղակալը և շնորհակալություն հայտնել աջակցության համար:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ