«Ամերիկայի ձայն». Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդագրություն է հրապարակել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որում, մասնավորապես, ասված է. «Այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 05:00-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսել են ինտենսիվ հրետակոծել արևելյան մեր ստորաբաժանումները, ինչպես նաև հրթիռակոծում և ռմբակոծում իրականացնել Բորիսպոլ, Օզեռնի, Կուլբակին, Չուգուև, Կրամատորսկ, Չեռնոբաևկայի օդանավակայանների ուղղությամբ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտների վրա: Միևնույն ժամանակ ագրեսորը սկսել է հրետակոծել պետական սահմանի երկայնքով Ուկրաինայի տարածքն ու բնակավայրերը։
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը հետ են մղել զավթիչի օդային հարձակումը: Երկրի Պաշտպանության բանակը գտնվում է լիարժեք մարտական պատրաստության մեջ, զբաղեցրել և պահպանում է պաշտպանական դիրքերը։ Իրավիճակը վերահսկելի է:
Օդեսայում ռուսական զորքերի ներթափանցման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Միասին մենք հաղթելու ենք»,- ասված է Ուկրաինայի Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ: