Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը քննարկման ներկայացրեց «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով մտադիր է մեկ անձից գնումների չարաշահումը կանխել եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել:
Ըստ հեղինակի, պետք է հնարավորինս պետական գնումներին տնտեսվարող սուբյեկտների մասնակցության արհեստական խոչընդոտները վերացնել ու այս տեսանկյունից գործող օրենքի կարգավորումները խնդրահարույց են, թույլ են տալիս պետական (համայնքային) բյուջեների միջոցների հաշվին, շրջանցելով պետական գնումների մրցութային մեխանիզմը, մեկ անձից կատարել գնում: Այդ մեխանիզմը նախատեսված է բացառիկ, այն է՝ չնախատեսված դեպքերի կամ անկանխատեսելի հանգամանքների ի հայտ գալու պարագայում գնման հրատապ պահանջները բավարարելու համար:
Կարդացեք նաև
Գործող օրենքով սահմանվում է, որ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե՝ «արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ»: «Կոռուպցիոն սողանցքը» կայանում է «արտակարգ իրավիճակ» եւ «չնախատեսված այլ իրավիճակ» հասկացությունների խիստ կամային եւ տարածական մեկնաբանության մեջ: Հիմա Աղվան Վարդանյանն առաջարկում է որպես «արտակարգ իրավիճակ» ամրագրել այն իրավիճակները, որոնք սահմանված են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով, որպեսզի տարընթերցում չառաջանա:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել:
Ինչպես նշեց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, գնումները հաշվապահություն չեն ու չեն կարող կանխատեսել, թե ինչ կլինի, իսկ նոր կարգավորումը, եթե ընդունեն, կաշկանդի կառավարության գնումների գործընթացը ու խնդիրներ կառաջանան:
Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը ներկայացրեց 2017-2021 թվականներին պետբյուջեի հաշվին պետական գաղտնիք չպարունակող գնումների վերաբերյալ թվային ցուցանիշները. «2017-ին մենք ունեցել ենք մեկ անձից գնումների 50 դեպք: 2018-ին՝ 27, 2019-ին՝ 195, 2020-ին՝ 788: Դե, սա բնական է, այս կտրուկ աճը պայմանավորված է պատերազմով: 2021-ին 244: Համաձայնվեք, որ 50 ու 244-ը շատ վատ տենդենց է»:
Ավանեսյանն ասաց, որ 2021-ին էլ կորոնավիրուսով պայմանավորված գնումներ են եղել:
ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց՝ պետական գնումներում ո՞րն է ավելի ռիսկային՝ մեկ անձից կատարվող գնումնե՞րը, թե՞ սովորական ընթացակարգով գնումները, երբ մրցույթները կարող են կարվել կոնկրետ պատվիրատուների համար:
Աղվան Վարդանյանն ասաց, որ ռիսկեր երկու պարագայում էլ կան. «Լինում են դեպքեր, երբ մրցույթները կոնկրետ տնտեսվարողների համար են արվում, բայց թե որն է ավելի ռիսկային՝ միշտ մեկ անձից գնումներում ռիսկն ավելի մեծ է»:
ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց, որ կոռուպցիոն ռիսկերը պետք է զսպել, բաց դա չպետք է ողջ գնումների գործընթացը խոչընդոտի: Նա ասաց, որ ընդդիմությունը թվային ցուցանիշներ է բերում, աճ կա, բայց բացվածքը չի բերում՝ ի՞նչ են գնել, գուցե իրոք կարիք է եղել հրատապ ծածկ գնել, օրինակ:
ՔՊ պատգամավորներն առաջարկեցին նախագիծը հետ վերցնել, հանձնաժողովում միասին աշխատել ու լրամշակել: Ընդդիմությունն էլ հորդորեց դրական եզրակացություն տալ, որ լիագումար նիստի ժամանակ քննարկեն, գան լավ լուծման: Ըստ Թունյանի, լիագումար նիստում քաղաքական որոշում է կայացվում, մասնագիտական քննարկումը պետք է այս հանձնաժողովում լինի:
Ի վերջո, նախագիծը հանձնաժողովում դրվեց քվեարկության եւ բացասական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ