Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունները Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ նախօրեին հանդես եկան հայտարարությամբ, որով վրդովմունք էին հայտնում ՀՀ իշխանությունների պահվածքից։ Նշում էին, որ Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ նվազող հարաբերությունների ֆոնին ՀՀ վարչապետը ջերմ ընդունելություն է կազմակերպում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների համար: Ապա կոչ էին անում Արցախի եւ ՀՀ ԱԺ նախագահներին՝ հրատապ կազմակերպել Արցախի եւ Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։
Երեկ մեզ չհաջողվեց ՔՊ-ական մեծամասնությունից պարզաբանում ստանալ Արցախ-Հայաստան հանձնաժողովի՝ նիստեր չգումարելու վերաբերյալ, զրուցեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանի հետ։
– Պարոն Ռուստամյան, Արցախի խորհրդարանի երեք խմբակցությունները նախօրեին հերթական անգամ հիշեցրին, որ տեւական ժամանակ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր չեն կայանում, պահանջում են հրատապ կարգով նիստ հրավիրել։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը նիստեր չհրավիրելու, եւ դուք, որպես ընդդիմություն, որեւէ քայլ անո՞ւմ եք այս ուղղությամբ։
– Թե ինչու նիստեր չեն գումարվում, այդ հարցին պետք է իշխանությունները պատասխանեն։ Եթե հիշում եք՝ խորհրդարանը գումարվելուց հետո մենք ուզում էինք Արցախի հարցով հատուկ հանձնաժողով ստեղծել, այդ հանձնաժողովը չստեղծելու իշխանության պատճառաբանություններից, այսպես ասած՝ հիմքերից մեկն այն էր, որ մենք ունենք իբր ավելի բարձր մակարդակի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողով։ Մենք իրենց հակադարձում էինք, որ այդ հանձնաժողովը բավական երկար ժամանակ նիստեր չի գումարել։
Կարդացեք նաև
– Որքա՞ն ժամանակ։
– Արցախի նոր Ազգային ժողովի ձեւավորումից հետո՝ 2020-ից հետո։ Նոր ձեւավորված ԱՀ ԱԺ-ն դրանից հետո, որքան ես հիշում եմ, հաստատ եմ հիշում, նիստ չի գումարվել։ Պատճառն այն է, որ այս մարդիկ հրաժարվել են Արցախից: Ուրիշ պատճառ, բացատրություն չկա։ Հրաժարվում են ցանկացած դիրքորոշում ունենալ առ այն, որ Արցախը պետք է ինքնորոշվի, ինքնորոշման հարցում Հայաստանը հանձնառություն ունի։ Բա Շուշիի հռչակագիրը դատապարտելու օրակարգից ինչո՞ւ հետ կանգնեցին։ Դրա վառ ապացույցն է։ Թոզ են փչում հանրության աչքին, որ ավելի լավ հարաբերություններ են ապահովում, ավելի բարձր մակարդակի, բայց կոնկրետ գործողությունների մեջ տեսնում ենք, որ այդպես չէ։ Ինչո՞ւ հանձնաժողովի նիստեր չեն գումարվում, նախկինում մի անգամ՝ այստեղ, մի անգամ՝ այնտեղ, նիստեր էինք հրավիրում, քննարկում էինք խնդիրները։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: