Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Ուկրաինայի տարածքում կատարող իրադարձությունների մասին տեղեկությունը: Ըստ գերատեսչության.
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են,
Ուկրաինայի զինված ուժերի ավիաբազաների ռազմական ենթակառուցվածքները դուրս են եկել շարքից,
ուկրաինացի սահմանապահները որևէ դիմադրություն ցույց չեն տալիս ռուսական ստորաբաժանումներին:
Կարդացեք նաև
Սա, սակայն, հակասում է ուկրաինական ռազմական աղբյուրներից եկող տեղեկությանը: Նրանք պնդում են, որ երկրի զինված ուժերը հետ են մղում հարձակումները, իսկ զինվորականները պահում են պաշտպանական դիրքերը: Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը իրավիճակն անվանել է «վերահսկելի»:
Ուկրաինայի ցամաքային ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ Լուգանսկում 5 ռուսական օդանավ են խոցել և մեկ ուղղաթիռ: Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունը:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ երկրի իշխանությունները կորցրել են վերահսկողություն Լուգանսկի մարզի երկու գյուղի (Մելովոյե և Գորոդիշչ) նկատմամբ:
Համացանցում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, որ Կիևից դուրս եկող ճանապարհահատվածում խցանումներ են առաջացել. Մարդիկ փորձում լքել քաղաքը: Իշխանությունները կոչ են անում խուճապի չմատնվել:
Լատվիայի վարչապետ Կարինշ Կրիշյանիսը հայտարարել է, որ Պուտինը պարտավոր է անհապաղ դադարեցնել «ռազմական ագրեսիան Ուկրաինայի ինքնիշխանության, նրա ժողովրդի և ժողովրդավարության դեմ»:
Նա Twitter-ում գրել է, որ Ռիգան կոչ է անում սկսել խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի Կանոնադրության 4-րդ հոդվածի շրջանակում, համաձայն որի «կողմերը միշտ կխորհրդակցեն միմյանց հետ, եթե նրանցից մեկի կարծիքով պայմանավորվող երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունն ու անվտանգությունը կհայտնվի սպառնալիքի տակ»:
«Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Դրան որևէ արդարացում չկա»,- Twitter-ում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը՝ իր սատարումը հայտնելով Ուկրաինային:
ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտնել է, որ Եվրամիության ղեկավարությունը և Մեծ յոթնյակը պատրաստվում են բանակցություններ անցկացնել՝ գործողությունները համաձայնեցնելու համար: Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
«Այսօր ԵՄ-ն և Մեծ յոթնյակի առաջնորդները կհանդիպեն՝ ի աջակցություն Ուկրաինայի, որպեսզի համաձայնեցնեն հետագա քայլերը Ռուսաստանի անօրինական գործողությունների դեմ»,- գրել է նա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդների հետ հակապուտինյան կոալիցիա են ստեղծում:
«Ես խոսել եմ [ԱՄՆ նախագահ ]Բայդենի, Ջոնսոնի [Բրիտանիայի արտգործնախարար], [Լիտվայի նախագահ] Նաուսեդոյի, [ԵՄ խորհրդի նախագահ] Շարլ Միշելի և [Լեհաստանի նախագահ] Դուդայի հետ: Մենք սկսում ենք հակապուտինյան կոալիցիայի ստեղծումը: Արդեն կոչ եմ արել համաշխարհային առաջնորդներին բոլոր հնարավոր պատժամիջոցները սահմանել Պուտինի դեմ, սկսել լայնածավալ պաշտպանական աջակցություն, ագրեսորի համար փակել օդային տարածությունն Ուկրաինայի երկնքում: Միասին մենք պետք է փրկենք Ուկրաինան և ժողովրդավարական աշխարհը: Եվ մենք դա կանենք»,- ասել է Զելենսկին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Աղբյուրներ՝ BBC, news.liga.net