Նախօրեին Մոսկվայում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպման եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ստորագրման արարողությունների ժամանակ հնչած հայտարարություններում կարմիր թելի պես անցնում էին Արցախի հիմնահարցին վերաբերող դրույթները:
Փաստն այն է, որ հռչակագրում ամրագրվում է՝ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ: Սա իրականությունն է, այն չէր էլ կարող լուծվել պատերազմի միջոցով:
Հռչակագրի առանցքային դրույթներից մեկով ասվում է, որ Մոսկվան եւ Բաքուն մտադիր են զարգացնել ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է երկրների ազգային շահերին եւ ուղղված չէ այլ երկրների դեմ։
Պետք է արձանագրել, որ հռչակագրում ամրագրված են դաշնակցային հարաբերություններ հաստատելու գրեթե շաբլոն դարձած դրույթներ, որոնք առկա են բոլոր նմանատիպ փաստաթղթերում: Մյուս կողմից էլ՝ ՌԴ-Ադրբեջան ռազմական համագործակցությունը եղել է նաեւ մինչեւ հռչակագրի ստորագրումը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր բանակի սպառազինության հիմնական մասը գնում էր ՌԴ-ից: Այստեղ տարակուսելին, թերեւս, այն փաստն է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրա ավարտից անմիջապես հետո Ադրբեջանի բանակից հեռացվեցին ՌԴ-ում ռազմական կրթություն ստացած սպաները, եւ ադրբեջանական բանակն ամբողջությամբ անցավ թուրքական ստանդարտների ներքո, ուստի դժվար է այս պայմաններում պատկերացնել այդ երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում: Այն, թերեւս, կարվի միայն ռուսական որոշ զինատեսակների գնման տեսքով:
Կարդացեք նաև
Հռչակագիրն ուղղակի ձեւական տեսքի բերեց այն հարաբերությունները, որոնք մինչ այդ էլ կային Մոսկվայի ու Բաքվի միջեւ, եւ ընդգծեց Ադրբեջանի ձգտումը խաղալ երկու՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի լարերի վրա: Այն կհաջողվի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվելու են Մոսկվա-Անկարա գործընկերային հարաբերությունները, իսկ պատմությունը փաստում է, որ նման ջերմացումները շատ կարճ են տեւում:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: