JAMnews-ը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարություն, խնդրելով տրամադրել ամփոփ տեղեկատվություն՝ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների ներկրման արգելքով պայմանավորված՝
տեղական արտադրությունների հիմնման, ընդլայնման, ներդրման ու աշխատատեղերի ծավալների,
ինչպես նաև թուրքական ապրանքների ներկրման արգելքի չեղարկման հետևանքով հնարավոր ռիսկերի կանխման պետության կողմից ձեռնարկվող կամ սպասվող քայլերի մասին:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից տեղեկացրեցին՝ պահանջվող տեղեկատվությունը հավաքագրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ՝ մեկամսյա ժամկետ:
Մինչ պաշտոնական վերլուծությունը հասանելի կդառնա, փորձագետներն առաջ են քաշում վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի կարգավորման բացերը, ինչի հետևանքով թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին որոշումը լիարժեք չի գործել:
Կարդացեք նաև
«Թուրքական ապրանքների ներկրման արգելքի ընթացքն ու ավարտը կարող էր շատ ավելի լավը լինել: Ինչ-ինչ պատճառներով պետությունը չկարողացավ ապահովել որոշման լիակատար իրականացումը, ինչը պայմանավորված էր և՛ ռեսուրսների պակասով, և՛ բիզնեսի ճկունությամբ, որը տարբեր ճանապարհներ գտավ՝ շրջանցելու այդ արգելքը:
Ինքներս ականատես եղանք դեպքերի, երբ 2021 թ.-ին արտադրված թուրքական արտադրանքը ակնհայտ դրված էր վաճառակետերում և ոչ ոք դրա հետ կապված տնտեսվարողին հարց չէր տալիս: Գործը կիսատ էր արված. պետք է արգելվեր ոչ միայն ներմուծումը, այլ նաև՝ վաճառքը: Պետությունը չգնաց այդ քայլին, ինչի պատճառով այդ որոշման և՛ ընթացքը, և՛ ավարտը անփառունակ էին. որոշումը չծառայեց իր նպատակին», — ասում է «Էքսպորտ Արմենիա» հայ արտադրողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը:
Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ՝ մեկ տարվա կտրվածքով արգելքի կիրառումը չէր կարող արդյունավետ լինել տեղական արտադրողի համար, որի բիզնես հիմնելու, ընդլայնելու, կայանալու ու մրցունակ լինելու համար անհրաժեշտ է միջինը 3 տարի ժամանակ:
«Եթե պետությունը տանում է մի քաղաքականություն, դրա հիմքում դնելով որոշ շարժառիթներ, հետո փոխում է իր քաղաքականությունը՝ առանց այդ շարժառիթների փոփոխության, դա կարող է խնդրահարույց ու ոչ ընկալելի լինել և՛ հանրության, և՛ գործարար հանրույթի համար։
Թուրքական ապրանքատեսակների բացը լրացնելու համար տեղական արտադրողները ներդրումներ արեցին, արտադրություններ հիմնեցին։ Ու հիմա, երբ խաղի կանոնները փոխվում են, այդ ներդրողները հայտնվում են բավականին բարդ իրավիճակում: Ի վերջո, այս պարագայում նոր հիմնադրված տեղական ընկերությունները չեն կարող մրցակցել թուրքական ընկերությունների հետ», — ասում է տնտեսագետը:
Հայաստանի արտադրողները՝ հետևելով պետության կոչին, արագ արձագանքել էին թուրքական ապրանքների ներկրման արգելքի որոշմանն ու ընդլայնել իրենց ներդրումների և արտադրանքի ծավալները։ Եվ այժմ նրանք փաստում են. որոշումը չափազանց կարճաժամկետ էր կայանալու ու հաջողելու համար:
«Փորձեցինք արագ հնարավոր բոլոր վաճառակետերում զբաղեցնել այն տեղերը, որոնք թուրքական ապրանքներն ունեին: Արտադրական ծավալներն ավելացրեցինք 30-40 տոկոսով: 2021թ.-ին գրանցեցինք վաճառքի աճ՝ մոտ 45 տոկոսի չափով:
Թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացման որոշումը, սակայն, շատ ժամանակավրեպ էր, շատ շուտ էր չեղարկելու համար: Պետք էր նվազագույնը գոնե ևս մեկ տարի ժամանակ տրվեր տեղական արտադրողին՝ վերակազմակերպվելու, արտադրության ծավալները մեծացնելու համար, որպեսզի հետագայում դիմադրելու հնարավորություններն ավելի մեծ լինեին», — ասում է տնտեսական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Սոֆտ Պապիրուս» ընկերության հիմնադիր-տնօրեն Տիգրան Կարապետյանը:
Արգելքի վերացման ռիսկերն ու օգուտները
«Էքսպորտ Արմենիա» հայ արտադրողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի դիտարկմամբ՝ կարևորագույն խնդիրը, որը կարող է առաջանալ այս որոշման հետևանքով, բիզնեսի ու պետության միջև անվստահության խորացումն է․ «Լրջագույն խնդիր է, երբ պետության ու բիզնեսի միջև փոխադարձ վստահություն չկա: Ընդ որում, բիզնեսը վստահություն չունի ոչ միայն այն հարցում, որ իրեն չեն խաբի, այլև՝ որ պետական չինովնիկները արհեստավարժ են, որ անգրագետ քայլեր չեն անի: Երբ պետությունը բան է առաջարկում, իսկ բիզնեսը չի հավատում, դա կարող է հանգեցնել նրան, որ պետական կառույցի հայտարարությունները բիզնես ոլորտի ներկայացուցիչերը կարող են ուղղակի լուրջ չընդունել: Ահավոր է, երբ պաշտոնյան խոսում է, նայում ես նրա աչքերին ու մտածում՝ մարդն էլի հենց այնպես խոսում է»:
Ստեփանյանի դիտարկմամբ՝ ներկրման արգելքի չեղարկումը խնդրահարույց էր ոչ միայն կարճաժամկետ լինելու առումով, այլև հիմնավորումների, փաստարկների, վերլուծությունների բացակայության, ինչի արդյունքում մինչև վերջերս պետական տարբեր կառույցներ ու պաշտոնյաներ հանդես էին գալիս իրար հակասող հայտարարություններով:
«Օրենքի կարգավորման ազդեցության վերլուծություն չի կատարվել։ Եվ երբ ոչ մի վերլուծություն չկա, ինչի՞ հիման վրա են ժամկետը երկարաձգում կամ չեղարկում։ Պետական մակարդակով արվող հայտարարությունները պաշտոնյաների սուբյեկտիվ մոտեցումների ու հիպոթեզների մակարդակում են», — ասում է փորձագետը։
Տնտեսագետ Արմեն Քթոյանը որոշման չեղարկումը համարում է խնդրահարույց ոչ միայն տեղական արտադրողների, այլև՝ երկրի համար․ «Արտաքին առևտուրը պետք է երկկողմ բնույթ կրի, տնտեսագիտական տրամաբանությունն է այդպիսին: Ոչ նորմալ իրավիճակ է համարվում, երբ որևէ երկրի հետ առևտրի 99 տոկոսն ըստ էության ներմուծումն է, իսկ արտահանումը չնչին տոկոս է կազմում: Դա խիստ անհավասարակշիռ մոտեցում է, և այս պարագայում առևտուրն այդ երկրի համար որևէ կերպ շահավետ համարել չի կարելի»:
Հարցը դիտարկելով սպառողների տեսանկյունից, տնտեսագետը նկատում է՝ թուրքական ապրանքների ներկրման արդյունքում քիչ թե շատ կշահի սպառողը՝ իր պահանջարկը բավարարելով համեմատաբար ավելի էժան ապրանքներ ձեռք բերելով:
Հայկական արտադրատեսակները կարող են դուրս մղվել վաճառակետերից
«Թուրքական ապրանքների ներկրումն արդեն իսկ իր էական ազդեցությունը սկսել է ունենալ: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ արտադրում ենք շատ ավելին, քան կարող ենք սպառել: Հետագա ամիսներին ներմուծման ծավալները գնալով կավելանան, ինչը շատ բացասական ազդեցություն կունենա մեր ու մյուս տեղական արտադրողների համար», — ասում է «Սոֆտ Պապիրուս» ընկերության հիմնադիր-տնօրեն Տիգրան Կարապետյանը:
Տեղական արտադրողները մտավախություն ունեն՝ վաճառակետերում դժվարությամբ ձեռք բերված տեղերը կարող են պակասել՝ ներկրվող թուրքական ապրանքատեսակների հաշվին:
«Թուրքական ապրանքներն իրենց տեղն ունենալու են վաճառակետերում, և դա լինելու է թե՛ տեղական արտադրողի, թե՛ ուրիշ ներմուծողների հաշվին։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքական ընկերությունները շատ խոշոր ու հզոր են, ունեն մարքեթինգային շատ մեծ գործիքակազմ, գործարաններից ներմուծողները ստանում են նաև մարքեթինգային ծախսերի փոխհատուցում, որի հաշվին այստեղ վաճառակետերում տեղեր են գնվում», — ասում է գործարարը:
Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ այս իրավիճակում տեղական արտադրողին կարող է օգնության հասնել հատկապես հետպատերազմյան շրջանում ձևավորված հանրային վարքագիծը. «Վերջին տարիներին որոշակի վարքագիծ է ձևավորվել է հանրության մոտ՝ գնել տեղականը՝ թուրքականի փոխարեն: Կարծում եմ, որ եթե այն ավելի կայուն բնույթ կրի, դա կարող է լինել այն քիչ հնարավորություններից մեկը, որը թույլ կտա նոր ձևավորված տեղական արտադրողներին ի վիճակի լինել մրցակցել: Այս մեխանիզմը կաշխատի, եթե սպառողը գերադասի 100 դրամով գնել տեղականը, քան՝ 70 դրամով թուրքականը»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: