Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձած գերիների նկատմամբ քրեական գործեր բացելը մեծապես վնասելու է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գործընթացին․ Սիրանուշ Սահակյան. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 24,2022 10:43

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք չի՞ վնասում միջազգային դատարաններում մեր հայցերի բավարարմանն այն հանգամանքը, որ որոշ գերիներ հայրենիք վերադառնալուց հետո Հայաստանում ենթարկվում են քրեական հետապնդման, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն արձագանքեց, թե դա շատ ցավոտ թեմա է, որն օգտագործվելու է մեր դեմ արտաքին քաղաքականության մեջ։

Մասնավորապես՝ իրենք պաշտոնապես ստացել են Ադրբեջանի պատասխանը, որում նրանք մեղադրում են հայկական կողմին հայ ռազմագերիներին խոշտանգելու, ապօրինի կալանավորելու եւ ձերբակալելու մեջ։ «Այդ գրության միջոցով Բաքուն փորձում է պաշտպանվել իր դեմ ներկայացրած խոշտանգման մեղադրանքներից, դրանով նրանք ամբողջովին կասկածի տակ են դնում քննչական մարմիններում մեր ռազմագերիների տված ցուցմունքներն Ադրբեջանում կտտանքների վերաբերյալ՝ ներկայացնելով, որ այդ ցուցմունքները տրված են քննչական մարմինների ճնշման ներքո, եւ անգամ կալանքն է որպես գործիք օգտագործվում նրանց ճնշելու եւ, իբր, ցանկալի սուտ ցուցմունքներ ստանալու նպատակով»,- պարզաբանեց զրուցակիցս։

Վերադարձած գերիների նկատմամբ քրեական գործեր բացելը մեծապես վնասելու է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գործընթացին, այդ թվում՝ ՄԱԿ-ի դատարանում, եւ պետք է գիտակցվեն այդ գործընթացի բացասական ելքի իրավական եւ քաղաքական հետեւանքները։ Հայաստանը ներկայումս հարկատուների հաշվին մեծ գումարներ է վճարում նաեւ միջազգային փաստաբաններին, շուրջ 4.5 մլն դոլար, որպեսզի Հայաստանի շահերը կարողանան պաշտպանել միջազգային ատյաններում։ «Եթե Հայաստանը պարտվի, դա ծանր հետեւանքներ է ունենալու, նախ չեն պաշտպանվելու շահերը, եւ երկրորդ՝ նյութական եւ այլ տեսակի պահանջներ կարող են առաջանալ Հայաստանի դեմ»,- ասաց նա։

Սահակյանը տեղեկացրեց, որ իրենք անհատական մակարդակով հանձնառել են այդ անձանց շահերի պաշտպանությունը։ Ունենք երեք վստահորդ, երեքն էլ եղել են կալանքի տակ, երկուսի մասով արդեն իսկ կան դրական որոշումներ, ներպետական դատարանների միջոցով հասել են խափանման միջոցի փոփոխության, մեկ անձի գործն էլ դեռեւս քննության փուլում է։

Իրավապաշտպանը հույս հայտնեց, որ կկարողանան մեր դատարանների ներգրավմամբ լուծել այդ խնդիրները, իսկ եթե այն իր վերջնական հանգուցալուծումը չստանա, ստիպված են լինելու այս հարցերը նույնպես ներկայացնել Մարդու իրավունքների միջազգային դատարանում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28