Հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները մեկ ամսվա կտրվածքով էական վնաս են հասցրել հանրային սննդի ոլորտին: Հիշեցնենք, որ հանրային վայրեր այցելելիս պետք է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման QR կոդ կամ թեստի բացասական արդյունք։ «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, մասնավորապես, Երևանի ռեստորանների շրջանառությունը կիսով չափ նվազել է:
«Երևանում գտնվող ռեստորանները 50 տոկոսով շրջանառության նվազում են ունեցել: Անմիտ ու անհասկանալի այս սահմանափակումներն էական վնաս են հասցրել ոլորտին: Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը չեղարկում է սահմանափակումները, մեզ մոտ հակառակն է արվում: Բացի այդ, բոլորին սարքում են օրինախախտ՝ քաջ գիտակցելով, որ օրենքը կամ հրամանը չի կատարվելու: Նույնը կարող ենք ասել հակածխախոտային օրենքի մասին, որը ևս խախտելու են: Բոլորին սարքում են օրինախախտ՝ միաժամանակ չկարողանալով հետևել օրենքի կիրառմանը: Անձամբ պատրաստ եմ ստուգող մարմնի հետ մեկ ամիս պտտվել՝ հասկանալու՝ իրենց ուժերը բավականացնելո՞ւ են ստուգումների հարցում, թե՞ կառավարությունը որոշել է, որ Հայաստանն ինչ-որ մեկի կամակորությամբ պետք է «սահմանափակապետություն» դառնա: Չի կարելի անդադար բացասական առումով խառնվել հասարակական, տնտեսական կյանքին: ՀՀ կառավարությունը բացասական առումով անդադար առողջապահության նախարարությանը թույլ է տալիս խառնվել մեր ոլորտին, ինչի հետևանքով ընդունվում են օրենքներ, արձակվում հրամաններ, որոնք չեն համապատասխանում առողջ տրամաբանությանը, ստեղծված տնտեսական, հասարակական իրավիճակին»,-նշեց Ա. Բարսեղյանը:
Աշոտ Բարսեղյանի դիտարկմամբ, ռեստորանների կրած վնասները հնարավոր է լրացնել, եթե մի շարք գործողություններ իրականացվեն: «Մի քանի գործողություններ պետք է անել այդ ուղղությամբ: Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող զբոսաշրջության կոմիտեն պարտավոր է այսօրվանից շատ արագ զբաղվել Ռուսաստանից տուրիստական հոսքերի ներգրավմամբ: Այս տարի մինչև 2 մլն զբոսաշրջիկի պոտենցիալ ունենք: Քաղաքական ու մի շարք այլ հանգամանքներ խիստ բարենպաստ են Ռուսաստանից զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից: Մինչդեռ, նայելով նշանակումների որակին, ես մեկ անգամ ևս կասկածում եմ, որ իրենք կկարողանան անհրաժեշտ քայլերն իրականացնել, որովհետև էկոնոմիկայի նախարարն ինքը շատ արհեստավարժ չէ: Խայտառակ պոպուլիզմից ելնելով՝ չեն կարողանալու ապահովել վերոնշյալը: Դրա համար կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին, բիզնեսին, որ նրանք աշխատեն զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ»,-ասաց նա՝ շեշտելով, որ կրած վնասները, մեծ հաշվով, միայն մեկ ամսվա կտրվածքով չեն:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։