Փետրվարի 24-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մասին: Ըստ Պուտինի՝ գործողության նպատակը այն մարդկանց պաշտպանությունն է, որոնք «ութ տարի շարունակ ցեղասպանության են ենթարկվում Կիևի ռեժիմի կողմից»: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի ծրագրերում չկա բռնազավթել Ուկրաինայի տարածքը, և այդ գործողությունն անվանել է «ստեղծվող սպառնալիքից ինքնապաշտպանություն»:
Ինչ է հայտնի այս պահին.
Կիևում և հարակից քաղաքներում լսվում են պայթյունների ձայներ:
Կարդացեք նաև
Ուկրաինան ամբողջությամբ փակել է օդային տարածքը: Ռուսաստանը նույնն է արել իր սահմանամերձ տարածքների համար:
Ջո Բայդենը հայտարարել է, որ աշխարհը «Ռուսաստանին պատասխանատվության է կանչում»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է բնակիչներին: «Ռուսաստանը հարվածներ է իրականացրել մեր ռազմական ենթակառուցվածքների, մեր սահմանապահների, սահմանապահ ջոկատների վրա… Մենք ռազմական դրություն ենք մտցնում մեր պետության տարածքում: Մեկ րոպե առաջ ես հեռախոսազրույց ունեցա նախագահ Բայդենի հետ: ԱՄՆ-ն արդեն սկսել է միջազգային աջակցություն հավաքել»,- ասել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կատարվածը համարել է ամենաողբերգական պահը կազմակերպության ղեկավարի պաշտոնում և կոչ է արել Մոսկվային հետ քաշել զորքերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենա «դարի ամենավատ պատերազմը Եվրոպայում»:
Ռուսաստանի արժեթղթերի շուկան փլուզվել է, այս պահին գործարքներ գործնականում տեղի չեն ունենում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ