Երեւանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում էին երկու պատգամավորներ Ադրբեջանից: Այդ վեհաժողովն ընդգրկում է Եվրախորհրդարանի եւ «Արեւելյան գործընկերության» երկրների խորհրդարանների պատգամավորներին եւ կոչված է նպաստելու ԵՄ-ի ու հետխորհրդային հինգ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցությանը:
Ասել, որ «Եվրանեսթի» միջոցառումները կամ ընդունած բանաձեւերը կարող են ճակատագրական նշանակություն ունենալ Հայաստանի անվտանգության համար՝ չափազանցություն կլինի: Իհարկե, միջազգային կազմակերպություններին պետք է լուրջ վերաբերվել՝ քաղաքական հարթակներ են, որտեղ հնարավորություն կա ներկայացնելու Հայաստանի պետական շահը:
Ադրբեջանի ներկայացուցիչների այցը Երեւան՝ նման միջոցառումներին մասնակցելու նպատակով, արտառոց երեւույթ չէ. անցած 20-25 տարիների ընթացքում մի քանի անգամ այդպիսի այցեր տեղի են ունեցել եւ, որքան հիշում եմ, լուրջ միջադեպեր չեն գրանցվել: Հակառակը՝ նախկինում ցույցեր են եղել Բաքվում, երբ Հայաստանի պատվիրակները մասնակցում էին միջազգային կառույցների աշխատանքին: Դա, իհարկե, բացատրելի է. այն ժամանակ պարտված եւ, հետեւաբար, ստեղծված իրավիճակից դժգոհ կողմն իրենք էին, իսկ հիմա՝ մենք:
Անձամբ ես նման ցույցերի մեջ թուլության, անզորության նշաններ եմ տեսում՝ չես կարողանում թշնամու բանակին հաղթել, քո ցասումը դրսեւորում ես մայրաքաղաքի փողոցներում: Դրոշ այրելու նման մի բան է՝ պարտված-այրված սիրտդ ես հովացնում:
Կարդացեք նաև
Տվյալ դեպքում գործնական առումով ադրբեջանցի պատգամավորների գալուց կամ չգալուց ոչ մի բան չի փոխվում: Մյուս կողմից՝ ընդունել հակառակորդ, քեզ հաղթած երկրի շարքային պատվիրակներին բարձրագույն մակարդակով նույնպես սխալ է, արժանապատվության պակասի ցուցադրում՝ Հայաստանի վարչապետը չպիտի հանդիպեր ադրբեջանական միլի մեջլիսի պատգամավորներին:
Բնականաբար, ընդունող կողմն այս դեպքերում պետք է ապահովի հյուրերի անվտանգությունը: Դա չի նշանակում, սակայն, որ իրավապահները պետք է անհամաչափ ուժ կիրառեն ցույց անող քաղաքացիների դեմ: Նման չափազանցված ջանասիրությունը նույնպես տարօրինակ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ