Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հաջողությունը պետք է օգտագործես ճիշտ գիտակցությամբ եւ քրտնաջան աշխատելով»

Փետրվար 24,2022 13:00

Հարցազրույց կոմպոզիտոր, դիրիժոր եւ դաշնակահար Ալեքսանդր Իրադյանի հետ

– 2021թ. Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթում դուք արժանացաք Լեհաստանի Օլշտին քաղաքի Ֆելիքս Նովովեյսկու անվան Վարմինո-Մազուրյան ֆիլհարմոնիկ նվագախմբի հատուկ մրցանակին, որը ձեզ հնարավորություն ընձեռեց 2021-2022 համերգաշրջանի ընթացքում ղեկավարել սիմֆոնիկ նվագախմբի մեկ համերգ Վարմինո-Մազուրյան ֆիլհարմոնիայի համերգային դահլիճում։ Խնդրում եմ մանրամասնեք՝ մրցանակի կարեորության, զգացողությունների եւ մնացյալի մասին:

– Ուզում եմ իմ պատմությունը մի փոքր նախերգանքով սկսել` մաթեմատիկայի աշխարհից։ Ամերիկացի մաթեմատիկոս Էդվարդ Լորենցը այսպես է ընդհանրացրել քաոսի թեորիան` քաոս, երբ ներկան կանխորոշում է ապագան, սակայն անորոշ ներկան չի կանխորոշում նույնիսկ մոտ ապագան։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը լիովին տեղավորվում է այս թեորիայի մեջ։ Ինչ վերաբերում է այս հատուկ մրցանակին, այն ինձ համար անսպասելի էր հենց համերգի ընթացքում, որովհետեւ ես ընդհանրապես պատկերացում չունեի, որ նման մրցանակ կա: Ու երբ հայտարարվեց այդ մասին, հանկարծակիի եկա այն փաստից, որ բացի առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերից, կա նման մրցանակ: Ո՞վ կմտածեր, որ այս մրցանակը կարող է շատ ավելի յուրահատուկ մթնոլորտ ստեղծել իմ կարիերայում, քան մրցույթի երկրորդ, երրորդ կամ նույնիսկ առաջին մրցանակը:

Նաեւ բացատրեմ, թե ինչու բերեցի քաոսի օրինակը: Ինչպե՞ս է նվագախումբն աշխատում: Դու աշխատում ես ավելի քան 70 հոգու հետ, ու ամեն երաժիշտ յուրահատուկ ու յուրօրինակ է իր աշխարհայացքով, իր էմոցիոնալությամբ ու դու երբեք չես կարող կանխագուշակել, թե ինչպիսի արդյունք ես ստանալու վերջում: Դու ցանկացած երաժշտության հետ աշխատելիս հետաքրքիր ճանապարհորդություն ես կատարում ու երբեք չգիտես, թե այդ ճանապարհորդությունը քեզ որտեղ է բերելու` հենց այդ քաոսի թեորիայի համատեքստում: Օլշտին քաղաքի նվագախումբը հենց այդ պատմության մեջ շատ լավ տեղավորվում է, որովհետեւ նման նվագախումբ ղեկավարելու, նման պրոֆեսիոնալ մթնոլորտում աշխատելու հնարավորություն ամեն օր չի լինում: Դրա համար շնորհակալ եմ նվագախմբից, նվագախմբի տնօրեն Պյոտոր Սոլկովսկուց, մենակատարից` Միխալ Մարկոլից ու բոլորից ամեն ինչի համար:

– Ձեր խոսքում արդեն անդրադարձաք նվագախմբի հետ աշխատանքին: Օրերս կայացել է «Սեր եւ ողբերգություն» համերգը, որի ծրագրում ներառված էին Մստիսլավ Կառլովիչի ջութակի լյա մաժոռ կոնցերտը՝ մենակատար Միխալ Մարկոլի մասնակցությամբ, եւ Ռիմսկի-Կորսակովի «Շահրեզադե» սիմֆոնիկ սյուիտը։ Ինչպես անցավ ձեր ղեկավարությամբ համերգը, ունկնդիրն ինչպե՞ս ընդունեց, ի վերջո ձեր եւ նվագախմբի աշխատանքի ներդաշնակման մասին խնդրում եմ խոսեք:

– Դա շատ կարեւոր համերգ էր` կարեւոր ծրագրային երաժշտությամբ: Այն ընդունելությունը, որ կազմակերպված էր ինձ համար, անհամեմատելի էր, որեւէ կայացած որեւէ ընդունելության հետ: Այդ հյուրընկալությունը, ընկերասիրությունը, մարդկանց բաց լինելը նորի եւ երաժշտության նոր մեկնաբանության առաջ, ինձ համար շատ կարեւոր էր: Քանակային առումով բազմաթիվ փորձեր էինք ունեցել, այդ փորձերի ընթացքում ես կարողացա երաժիշտներին ու նվագախումբը բերել ոչ միայն իմ պատկերացրած երաժշտության աշխարհը, այլեւ իրենք կարողացան ինձ տանել իրենց աշխարհը: Ու ամեն անգամ չի, որ դա ստացվում է, որովհետեւ սովորաբար, երբ դու աշխատում ես նվագախմբի հետ, իրենք իրենց կյանքն ունեն, դու էլ քոնը: Բայց այս դեպքում մարդկանց բաց լինելը նպաստեց մեր առողջ աշխատանքային մթնոլորտի ձեւավորմանը եւ ի վերջո՝ հրաշալի հանգուցալուծման: Այլ է պատկերը, երբ աշխատանքդ անում ես մեծ սիրով, որովհետեւ քեզ կապում է ոչ միայն հրաշալի երաժշտությունը, այլեւ մարդկային, ընկերական ջերմ հարաբերությունները:

Մենակատար Միխալ Մարկոլը շատ պրոֆեսիոնալ ու յուրահատուկ մարդ էր ինձ համար: Առաջին օրվանից մենք սկսեցինք աշխատել Կառլովիչի ջութակի կոնցերտի մեկնաբանության վրա, ինքն ուներ իր մտքերը, ես` իմը, բայց մենք կարողացանք հասնել մտքերի սիմբիոզի եւ լավագույն մակարդակով ներկայացնել շատ գեղեցիկ ու անչափ հուզիչ երաժշտությունը ունկնդրին: Անակնկալ եւս պատրաստել էինք, կատարեցինք իմ մշակած «Կռունկը»` ջութակի եւ լարային խմբի համար: Այն ոչ միայն հուզեց հանդիսատեսին, այլեւ նվագախմբի երաժիշտներին, ինչը ինձ համար իմ աշխատանքի ամենաբարձր գնահատականն էր: Համերգը կոչվում էր «Սեր եւ ողբերգություն», ինչն ուներ շատ սիմվոլիկ բնույթ, սերը վերաբերում է «Շահրեզադեին», իսկ ողբերգությունը երիտասարդ տարիքում սարերում մահացած Կառլովիչին:

Թերեւս, սա իմ ամենահաջող համերգներից էր, հանդիսատեսն այնպես ջերմ ընդունեց, մենք կարողացանք հասնել այն գագաթնակետին, որ ունեինք այնպիսի էմոցիոնալ կապ թե երաժիշտների, թե մենակատարի հետ, այդ պահին նույն օդն էինք շնչում, նվագախումբն էլ դարձել էր մեկ օրգանիզմ…

– Անցյալ տարի լավ իմաստով աժիոտաժ առաջացրեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում կայացած ձեր «Բեթհովենը լեռներում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Ինչո՞վ էր յուրահատուկ այդ ստեղծագործությունը եւ այդ նախագծի իրականացումը Հայաստանում:

– Երբ խոսքը գնում է մանկական ներկայացումների կամ փոքր տարիքի ունկնդրի համար նախատեսված երաժշտության մասին, դա մի տեսակ լուրջ չի ընկալվում, ինչի հետ ես կատեգորիկ համաձայն չեմ: Դու չես կարող խաբել երիտասարդ ունկնդրին, այնպես անել, որ իրենք ուղղակի նստեն ու լսեն քո երաժշտությունը, ինչպես մեծերը: Եթե 45-50 րոպե երեխաների ուշադրությունը կարողանում ես պահել բեմի վրա, տեսնում ես նրանց աչքերի փայլը, իրենց հետ երաժշտության լեզվուվ կարողանում ես խոսել, ուրեմն հաղթահարել ես փորձությունը: «Բեթհովենը լեռներում» ունեցավ շատ լավ արձագանքներ: Այն պատմում է մի երեխայի մասին, որն ապրում էր Հայաստանի գյուղերից մեկում: Նրա մեծ մայրիկը օպերային երգչուհի էր ու ոգեւորում է իր ծոռանը դառնալ դիրիժոր: Դավիթը լսելով Բեթհովենի երաժշտությունը, իսկապես մոռանում էր ամեն ինչի մասին: Ահա այս պատմությունը ներկայացվեց նվագախմբով եւ պատմեց պատմիչը:

Չնայած ես չեմ ապրել գյուղում, բայց այս պատմությունն ունի շատ մեծ կապ իմ մանկության հետ. 3-4 տարեկանում ես երազում էի դառնալ դիրիժոր ու անգամ դիրիժոր բառը չգիտեի, բայց ինձ հետաքրքրում էր, թե ինչ է անում այդ մարդը, որ նվագախմբից երաժշտություն է դուրս գալիս: Մի խոսքով, ես կարողացա իմ մանկական երազանքը տեղափոխել այդ պատմության մեջ, որը ներկայացրինք: Ի դեպ, երբ գրում էի այդ երաժշտությունը, ինքս ինձ հարցնում էի, թե 12-13 տարեկանում ինչ կուզենայի լսել, երաժշտությունն էլ գրեցի այնպես, որ երեխայի պես մեծանա… Երաժշտությունը սկսվում է բեթհովենյան կլասիկ դասական տրադիցիաներով, էվոլյուցիա է ապրում, գնում դեպի Բրամսի ոճ, Դվորժակ, Մալերի ոճ, Բոսսա նովա, ջազ, ֆիլմի երաժշտություն, ինչն այս ստեղծագործությունը դարձնում է ավելի մատչելի երեխաների համար: Չէ՞ որ ամեն երեխա ունի իր ճաշակը, պատկերացումները…Ուզում էի, որ ամեն երեխա դահլիճից դուրս գալիս հիշի իր սիրելի կտորը: Պլանավորում եմ նույն ստեղծագործությունն այս տարի էլ բերել` ավելի լայն լսարանի համար: Քանի որ նման հաջողություն ունեցանք, որոշեցինք ավելի շատ երեխաների ընդգրկել, հատկապես որ այսօր մանկական կոնտենտը լիմիտացված է: Պլանավորում եմ գրել եւս մեկ պատմություն` երեխաների համար:

– Դուք մի շարք մրցույթների դափնեկիր եք, դասավանդում եք Բեռլինի Արվեստների համալսարանում, նաեւ Բեռլինի Sonoris նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն եք, ինչ խորհուրդ կտաք երիտասարդ երաժիշտներին, որ իրենց դռներն էլ թակի հաջողությունը: Որն է ձեր հաջողության գրավականը:

– Աշխատանք, աշխատանք եւ կրկին ծանր, քրտնաջան աշխատանք…Ես չունեմ հանգստյան օրեր, ես չեմ աշխատում 6-8 ժամ, աշխատում եմ ողջ օրը, ողջ տարին, մշակում եմ նոր ծրագրեր, ամեն օր փոխում եմ իմ աշխարհայացքը, նորովի եմ նայում աշխարհին: Ինձ շատ են ասում, թե հաջողակ ես, ինքնաթիռից ինքնաթիռ, համերգից համերգ, քաղաքից քաղաք ես գնում: Այդ մարդիկ մի քիչ չեն պատկերացնում, թե այս ամենի հետեւում ինչպիսի աշխատանք ու ջանքեր կան… Հաջողությունը բոլորի դուռն էլ թակում է, բոլորն ունեն հաջողության հնարավորություն, այլ բան է, երբ դա ճիշտ գիտակցությամբ ես օգտագործում` քրտնաջան աշխատելով: Հաջողակ լինելը այն փոքր քարն է, որ տրվում է քեզ` հիմքը դնելու համար, բայց հետո, թե ինչպիսի շենք ես կառուցելու, հիմնված է քո գիտելիքների, փորձի եւ ժամանակդ ու շատ բաներ զոհաբերելու պատրաստակամության վրա: Երիտասարդ երաժիշտներին խորհուրդ կտամ երբեք չդադարել սովորել, ուսումնասիրել, բաց լինել ամեն նորի առաջ: Ի դեպ, ես միայն երաժշտությամբ չէ, որ ողջ օրը զբաղվում եմ, նաեւ կինոյի, թատրոնի, ժամանակակից արվեստի, տիեզերքի սիրահար եմ, ամեն օր փորձում եմ ինչ-որ նոր բան բացահայտել: Այդ ամենը ինձ ձեւավորում է որպես մարդ, ստեղծում է իմ աշխարհայացքը, ինչը միշտ լսվում է երաժշտության մեջ…

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ Ֆելիքս Նովովեյսկու անվան Վարմինո-Մազուրյան ֆիլհարմոնիկ, Մաչեյ Պարկաշևիչ (Maciej Parkasiewicz)

«Առավոտ» օրաթերթ
23.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28