Ռուբինա Նազարյանը կվերադառնա Հայաստան:
Նա այսօր հայրենիքում չէ, ավելին՝ օվկիանոսից անդին՝ մյուս կիսագնդում է՝ «հավերժ արեւի քաղաք» Լոս Անջելեսում։ Նա Ռուբինա Նազարյանն է, մեր սիրելի ու փնտրված Ռուբինան։ Նրան բարձր են գնահատել հայոց լեզվաբանության եւ գրականագիտության երեւելիներից ակադեմիկոսներ Գեւորգ Ջահուկյանն ու Էդուարդ Ջրբաշյանը, պրոֆեսորներ Լեւոն Եզեկյանը, Յուրի Դավթյանը, Ռուբեն Սաքապետոյանը, հանրապետության բազմահազար ուսուցիչներ, նաեւ սովորական մարդիկ, որոնք ունեցել եւ այսօր էլ ունեն դպրոցահասակ երեխաներ։ Նրա՝ չգիտես երբ եւ կամ ում կողմից Դեղին գիրք անվանված «Մայրենին բոլորի համար» ժողովածուն (այն միշտ վերահրատարակվում է «Ոսկան Երեւանցի» տպագրատանը՝ դեղին գույնով), որը ներառում է ուղղագրական արժեք ներկայացնող հարյուրավոր բառապատկերներ, թելադրության ուսուցողական նյութեր, եւ ունեցել է բարեփոխված ու հարստացած բազմաթիվ նոր հրատարակություններ, արդեն երեսուն տարի շարունակում է մնալ հայոց դպրոցի սեղանի գիրքը։
«Մեր լեզվի ծնկաչոք սիրահարին ու անզիջում պաշտպանին» սիրում են նաեւ այսօր՝ արդեն կրկնապատկված պաշտամունքով՝ մայր հայրենիքում եւ Սփյուռքում։ Իսկ ո՞րն է այդ սիրո ակունքը. պատասխանը մեկն է՝ մանկավարժի ու անանձնական մարդու, հայ մարդու բացառիկ ձիրքը։
Արդեն վաղուց «Հայոց դպրոցի թագուհի» եւ «Մաշտոցաբույր ուսուցչուհի» անվանված Ռուբինա Նազարյանը, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչման, ՀՀ գիտության ասպարեզի բարձրագույն պարգեւի՝ «Մովսես Խորենացի» մեդալի, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալի, հնարավոր բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի, եւ որի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր կան, այսօր էլ գտնվում է ստեղծագործական բեղուն փնտրտուքների մեջ եւ, ճիշտ է, հեռուներից, բայց եւ այնպես շարունակում է իր անգնահատելի նպաստը բերել հայոց դպրոցի կյանքին։ Դրա հերթական վկայությունն է բոլորովին վերջերս հրատարակված «Հետաքրքիր զրուցարան-ընթերցարան բառերի, հայոց լեզվի եւ մեր մեծերի մասին» գիրքը (Երեւան, 2021, «Էդիտ Պրինտ», 336 էջ)։ Կյանքի ութերորդ տասնամյակ թեւակոխած փորձառու եւ իմաստնացած մանկավարժն ու հայերենագիտության հմուտ մասնագետն իր գիրքն այս անգամ եւս հասցեագրել է բարձրացող հայ սերունդներին.
«Պատանի՛ բարեկամ, ամեն անգամ, երբ գրիչ եմ վերցնում՝ խոսելու քեզ հետ, սիրտս թրթռում է կարոտից։ Քեզ հետ սկսել եմ առնչվել 21 տարեկանից եւ 54 տարի եղել եմ քո կողքին, քեզնից անբաժան։ Միշտ հիացել եմ հայկական քո արտաքինով, բարությամբ, միամտությամբ, հերոսանալու քո ունակությամբ, կիրթ վարվելակերպով, նույնիսկ չարաճճիություններով։ Այժմ, երբ տարիքի բերումով առավել խոհուն եմ դարձել, քեզ ավելի եմ կարոտում, ավելի եմ սիրում, որովհետեւ, ցավոք, ես քեզ տեսա ոչ միայն աշակերտական նստարանի վրա, այլ նաեւ ռազմաճակատում թշնամու դեմ հերոսաբար կռվելիս։ Զգացի քո հայրենասիրության, ծնողապաշտության չափը, ընկերոջ համար կյանքդ չխնայելու ունակությունդ։ Դու լույս ես, մեր հույսն ու ապագան, մեր գալիքն ու հավերժությունը։
Սիրելի՛ս, մաղթում եմ քեզ ապահով կյանք, մեծ հաջողություններ եւ գրքից ու գիտելիքից անբաժան ապրելու բերկրանք։ Հիշի՛ր մեր ժողովրդի իմաստուն պատգամը՝ գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի՛ լինիր։ Այդպես է ապրել մեր ժողովուրդը դարեր ի վեր։ Նա պաշտել է գիտությունը, արվեստը, արարչագործությունը եւ իր հավաքական հանճարով միշտ մնացել է Աստծո ընտրյալ ժողովուրդը։ Բազմապատկի՛ր Տիրոջ անգին պարգեւները եւ ապրի՛ր՝ միշտ անբիծ պահած քո ազգային դիմագիծը»։
Սրտառուչ այս հորդոր-պատգամը՝ անկեղծորեն պոկված հայ գրագիտուհու շուրթերից, անշուշտ, միշտ արդիական է մեր սերունդների մաքառումների ճանապարհին։
Ռուբինա Նազարյանի հիշյալ գիրքը, որ տրոհված է ութ բաժինների («Բառերի աշխարհում», «Ոչ հանձնարարելի բառեր», «Անկապ բառեր», «Խաբող բառեր», «Լեզվական փոխառություններ», «Հոգեւոր նյութեր», «Հայ մշակութային գիտական եւ կրթական կենտրոններ», «Մարդ-համալսարաններ»), ունի ընդգրկման լայն շառավիղ. պարունակում է ոչ միայն լեզվական, գրական, գիտական, արվեստի ու միջմշակութային զանազան նյութեր, այլեւ ճանաչողական բնույթի ուշարժան հատվածներ՝ այսօր այնքան անհրաժեշտ հասակ նետող սերնդի ներաշխարհի ձեւավորման ու զարգացման համար։ Եվ սա տասնյակ գրքերից եւ ուսումնական ձեռնարկներից մեկն է։
Արժեքավոր են նաեւ մյուսները՝ դարձյալ գրված Ամերիկայում եւ հրատարակված մայր հայրենիքում. դրանցից առանձնապես նշելի են «Հայերեն դպրոցական բացատրական բառարանը» (Երեւան, 2016) եւ «Հայերեն բառապատկերների դպրոցական բառարանը» (Երեւան, 2019)։ Վերջինը միտված է զարգացնելու սովորողների մտածողությունն ու տրամաբանությունը, բառը տեսնելու եւ ընկալելու ունակությունը։ Իսկ Նազարյան ընտանիքի կողմից հայ երեխաներին անհատույց նվիրված «Հիսուս Քրիստոսի Ավետարանը դպրոցականների համար» գիրքը (Երեւան, 2016) պարզապես աննախադեպ երեւույթ է հայ դպրոցի կյանքում. առաջին անգամ Հիսուս Քրիստոսի Ավետարանը երեխաներին է մատուցվում հասանելի պարզությամբ ու դյուրընկալ մեկնաբանություններով։ Ազնիվ ու գնահատելի է գրքի նպատակը՝ հարստացնել երեխաների ներաշխարհը, նրանց ծանոթացնել Աստվածաշունչ մատյանին եւ ճշմարիտ ուղու վրա դնել նրանց հոգեւոր գիտելիքները։
Այստեղ կարող է ծնվել տրամաբանական ու տեղին մի հարց՝ իսկ մի՞թե հնացած չեն Ռուբինա Նազարյանի՝ հայագիտության զանազան խնդիրներ ներառող գրքերը, որոնցից շատերն ունեն դասագրքային արժեք, մի՞թե դրանց համապատկերում մեր առջեւ չի հառնում, այսպես կոչված, «հինը»` ավանդական ուսուցման մեթոդը` իր անհրաժեշտ սկզբունքներով, մանավանդ որ դրանք հիմնականում ստեղծվել են անցյալ դարի երկրորդ կեսին եւ նոր դարասկզբին՝ հեղինակի ուժերի ծաղկման շրջանում… Գաղտնիք էլ չէ, որ հեղինակն այժմ գտնվում է պատկառելի տարիքում։ Պատասխանը միանշանակորեն մեկն է՝ բնավ։
Նախ՝ Ռուբինա Նազարյանին ճանաչողներն ու իր հետ շփվողները միաբերան կարող են պնդել, որ նա այսօր էլ զարմանալիորեն պահպանել է իր մանկավարժական եռանդն ու ավյունը, պրպտուն միտքը, կենսասիրությունը, նաեւ… լուսաթաթախ տեսքը։ Առաջացող տարիների անողոք ու անհրաժեշտ ավերումները կարծես չեն դիպել այդ հմայիչ գրագիտուհու կենսախինդ, հավերժ մանկական դեմքին։ Նա այս պահին էլ Լոս Անջելեսի «Նարեկ» նշանավոր կրթահամալիրի իր հարմարավետ ու ընդարձակ առանձնասենյակում, շրջապատված կրթական հաստատության գործընկերներով եւ շնորհաշատ ու հոգածու տնօրենով՝ Ռիմա Սարյանով, անձանձիր աշխատանքով խմբագրում է «Նարեկ» պատկերազարդ ամսագիրն ու մտմտում հայերենագիտության հաջորդ արգասիքի ստեղծման վրա։
Հետո՝ ինչպես շատերը, նա եւս խորապես համոզված է, որ բոլոր ժամանակներում անխաթար պիտի պահել ավանդական մանկավարժության սկզբունքներն ու դասագրքերը, որոնցով սովորել ու կրթվել ենք բոլորս` ավագ, միջին եւ նոր սերնդի հայորդիները, նաեւ մատաղ սերունդը, որի լավագույն ներկայացուցիչներից շատերը մարտիրոսվեցին Արցախյան վերջին հերոսամարտերում, սերունդ, որը կրթվել ու հասակ էր առել հայրենասիրության, մարդասիրության, գեղեցիկի ու բարոյական արժեքների խոր զգացողությունների եւ ընկալման մթնոլորտում… Իսկ ո՞ւր մնացին նորը, նոր մտածողությունը, համամարդկայինը` կանհանգստանան ավերումների հակված «նորարարները»։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ անհրաժեշտ չեն ավերումներ ու անհարկի ջղաձգումներ. պարզապես «հնից» պետք է վերցնել եւ փայփայելով առանձնացնել ու պահպանել լավագույնը` թարմ հայացքի անհրաժեշտ հավելադրումներով եւ նոր ժամանակներին համահունչ ոգով։ Ի դեպ, միշտ այդպես է վարվել Ռուբինա Նազարյանը։
Տասնամյակների պատմություն ունեցող նրա թելադրության, փոխադրության եւ ուսումնամեթոդական զանազան ձեռնարկների՝ համամարդկային մշակութաբանության վերհանման արժեքաբանության համապատկերում առկա է մի նրբին ներհյուսում՝ հայկական գաղափարաբանությունը, ավելին՝ դրա գերակայությունը։ Ասել է թե՝ մատուցվող նյութերում ազգայինի ու համամարդկայինի հարաբերակցության մեջ փորձառու մանկավարժը նախապատվությունը տալիս է ազգային ճակատագրին ու հոգեբանությանը, սեփական ժողովրդի ինքնօրինակությանը, հետո նոր դրանք աղերսում համամարդկային արժեքաբանությանը։
Այսօր արդեն անվիճելի է, որ դպրոցում մատուցվող նյութի վերլուծությունը պիտի կատարվի միանգամայն թարմ` 21-րդ դարի ոգուն ու հոգեբանությանը համարժեք` լայն հուն բացելով աշակերտի ինքնուրույն մտածողության համար։ Եվ ահա ստեղծվել եւ շարունակվում են մշակվել դասավանդման «աշակերտակենտրոն» մեթոդներ, նոր ձեւեր՝ յուրաքանչյուրն էլ իր տեսակի մեջ ուշագրավ, ուսանելի (Խճանկար, Վենի դիագրամ, ԽԻԿ, Գրական դատ…), իրավացիորեն խրախուսվում են միջառարկայական (գրականություն եւ արվեստ, գրականություն եւ պատմություն, գրականություն եւ հոգեբանություն) ու ներառարկայական (բանավոր խոսքի եւ պատկերավոր մտածողության զարգացման ուղիներ) կապերը։ Այս ամենին, անտարակույս, քաջատեղյակ է վաստակաշատ ուսուցչուհին, բայց, ինչպես հավաստում են նրա գործընկերներն ու նախկին սաները, նա օժտված է բնատուր այն հազվագյուտ ձիրքով, որ, ըստ տրամադրության ու պատեհության, հենց դասարանում գրեթե միշտ հանպատրաստից ստեղծում է նորը, բացառիկը՝ դասաժամը ինքնաբերաբար դարձնելով հրավառություն… «Խաղը միշտ եղել է իմ դասի բաղկացուցիչ մասը,- «Կյանքիս հուշերից» գրքում (Լոս Անջելես, 2016) պատմում է ուսուցչուհին։ – Դա չափազանց արդյունավետ ձեւ է ե՛ւ ուսուցողական, ե՛ւ դաստիարակչական, ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ուսուցչին սիրելու, դասին կապվելու առումներով»։
Ռուբինա Նազարյանին նվիրված այս փոքրիկ դիմանկարն անկատար կմնար, եթե զանց առնվեր նրա մեկ ուրիշ՝ գրական ակնհայտ ձիրքը, որը դրսեւորվել է վերոհիշյալ «Կյանքիս հուշերից» գրքում։ Սա սովորական հուշապատում չէ եւ ոչ էլ սեփական «ես»-ի շարունակական ընդգծումներ։ Ի դեպ, այս գիրքը ճեղքում է մեզ հանրածանոթ ժանրի շրջանակները՝ վերհուշերին երբեմն զուգակցելով գեղարվեստական պատում, հաճախ գիտականորեն հիմնավորված շարադրանք, օրագրային ու նամակագրական անակնկալ «ներխուժումներ», սրտամորմոք խոստովանություններ, տեղ-տեղ անձնական լուռ, թաքնված ցավեր… Ուրիշ խոսքով՝ հեղինակը, կամա-ակամա հատելով ժանրի սահմանագիծը, ստեղծել է միջժանրային գրավիչ մի ստեղծագործություն, ուր երեւան են եկել թե՛ վավերականը, թե՛ նրբին քնարականությունը եւ թե՛ մեղմ ու ազնիվ խոստովանանքները…
Ռուբինա Նազարյանի «Կյանքիս հուշերից»-ը հեղինակի սոսկ ներանձնացում-ներհայեցողությունները չէ, ոչ էլ լոկ նկարագրական-գնահատողական տարեգիրքը. այն ամենից առաջ մի քանի սերունդների եւ երկու հայրենիքների (ՀԽՍՀ եւ ՀՀ) պատմությունն է, հայոց դպրոցի զարգացման ճանապարհի ու փառքի գագաթնակետի վավերագիրը։ Անկեղծ լինելու դեպքում պիտի նկատել (սա թող բնավ չափազանցություն չթվա), որ այն ինչ-որ տեղ, ինչ-որ խաչաձեւումներում հիշեցնում է Հայոց մեծագույն գրագիտուհու՝ Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վիպակը։ Նման են երկու հայուհիների ծննդյան հանգամանքները. մեկը՝ Կ. Պոլիս, մյուսը՝ Բեյրութ, նման են հայրերը՝ ազնվական, ուսյալ, հայրենասեր ու հոգատար, նման են թաղամասերը՝ Սիլիհտարն ու երեւանյան Կիլիկիան, վերեւի ու ներքեւի թաղերը, նաեւ մարդիկ՝ վավերական եւ գեղարվեստական քանդակներ հիշեցնող… Անշուշտ, պատումի արվեստի հասկանալիորեն տարբեր աստիճաններով, երկուսն էլ կարծես առանձին նորավեպերի միաձույլ հավաքածուներ են։
Ռուբինա Նազարյանի «Կյանքիս հուշերից»-ն սկսվում է «Նախերգանք»-ով, որտեղ ընդամենը մի քանի նախադասությամբ քնարական շնչով վրձնահարվում է ինքնակենսագրական դիմանկարը. անձրեւոտ մի օր, քիթը հպած պատուհանի ապակուն, մի աղջնակ փորձում է հաշվել տեղատարափ անձրեւի խոշոր կաթիլներն ու մտածում խորհրդավոր աշխարհի մասին։ Հետո դեռատի մի օրիորդ անձրեւի տակ անշտապ մոտենում է համալսարանի բանասիրական ֆակուլտետի մուտքին։ Քիչ անց ջահել մի կին շտապով քշում է մանկան սայլակը, որ բալիկը չթրջվի անձրեւի կաթիլներից.
«Հետո… Հետո իր հուշերով տարված սեւազգեստ կինն սթափվում է ցնորային տեսիլքներից ու մոտենում գրասեղանին։ Վերցնում է թուղթ ու գրիչ եւ թախծոտ ժպտում։
Ակամա մտաբերում է Տուրգենեւի այն հրաշալի արձակ բանաստեղծության տողը.
Ինչ լա՜վն էին, ինչ թա՜րմ էին վարդերը…
Կյանքի մայրամուտին այդ կինը որոշել էր գրել իր հուշերը, թերթել իր ապրած օրերի էջերը եւ նրանց արանքներում փնտրել իր սիրելիներին։
Իսկապես որ, ինչ թա՜րմ էին, ինչ լա՜վն էին վարդերը…
Իսկ դրսում թափվում էր անձրեւը…»։
Եվ ահա այդ կինը՝ հայրենի եզերքի արժանավոր դուստրը՝ միշտ հմայիչ Ռուբինա Նազարյանը, երկու աշխարհամասերում երկար հածումներից, աննախադեպ վերելքներից ու ցավալի անկում կորուստներից հետո վճռել է վերադառնալ Մայր երկիր՝ վերստին բնաշխարհում շարունակելու իր իմաստալից կյանքի ուղին։
Իսկ դրսում շողարձակում է արեգակը…
ԱԼ. ՄԱԿԱՐՅԱՆ
բանաս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
23.02.2022