Լրահոս
Օրվա լրահոսը

Միամիտ չարժե ձեւանալ, առավելեւս՝ չքմեղանալ

Փետրվար 24,2022 12:00
robert qocharyan

Սկիզբը՝ այստեղ:

Քոչարյանի բանակցած՝ «Ընդհանուր պետություն»-ում Արցախն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս

Վերջին մամլո ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով Փաշինյանի՝ ավելի վաղ հնչեցրած մեղադրանքներին, հանդես եկավ մի շարք այլ վիճելի գնահատականներով: Իր իշխանավարման տարիներին Քոչարյանին ընդդիմադիրները քննադատել են այնպիսի ձախողումների համար, որոնք նա այսօր, կարծես, մոռացել է… Քոչարյանն օրերս նկատեց, թե՝ «Ղարաբաղի ձեւավորման իրավական հիմքերն անխոցելի են», ապա գալով ադրբեջանական իշխանությունների հնարավոր հակադարձումներին՝ Փաշինյանի հետ բանակցելիս, նկատեց՝ «ձայնագրությունը սեղմելու են ու ասեն՝ ձեր ղեկավարն ընդունում է, որ 2016 թվից նույնիսկ տեսական շանս էլ չի եղել քննարկել Ղարաբաղի կարգավիճակը՝ Ադրբեջանից դուրս, եւ ընդհանրապես, ձեր ղեկավարը կասկածի տակ է դրել Ղարաբաղի հայկականությունը…»: Այնուհետեւ հավելեց. «Բանակցելու թեմա չկա, պետք է գնաս եւ ընդունես, որ հետագա բանակցային գործընթացը գնալու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ ներառյալ Ղարաբաղը եւ շատ կասկածելի առումով Ղարաբաղի հայկականության հարցը եւս սեղանի վրա է լինելու»։

Հիմա դառնանք Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիների որոշ ուշագրավ դրվագների: Նախ, հիշեցնենք 2001թ. մայիսին, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Ա1+»-ի եթերում, որում նա ավետեց. «Տարածքային ամբողջականության սկզբունքը ամենահիմնարար եվրոպական ստրուկտուրաների եւ նոր ճարտարապետության հիմքում է դրված»: Նա խոստովանեց, որ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց «եթե մենք ստանում ենք Ղարաբաղի մեզ համար ցանկալի կարգավիճակը», ապա «բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն Ադրբեջանին»:

Եվ ընդհանրապես, պատմական էքսկուրս կատարելով, վերհիշենք, թե Քոչարյանն ինչի՞ համար էր 1998-ին ՀՀ-ում առաջադրվել նախագահի պաշտոնին: Նա մինչեւ 1998 թվականը խոստացել էր ԼՂ խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով եւ 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել: Բայց ԼՂ կարգավորման ի՞նչ տարբերակներ էր քննարկում Քոչարյանը… Հիշեցնենք, որ ԼՂ կարգավորման պատմությանը հայտնի եւ կողմերին ներկայացված 1997թ. փաթեթային, 1997թ. փուլային տարբերակները եւ արդեն Քոչարյանի օրոք առաջարկած` 1998թ. «ընդհանուր պետության» տարբերակը ժամանակին ամբողջությամբ հայաստանյան մամուլում հրապարակվել են: Ցանկացած մեկը, ում հետաքրքրում է ԼՂ կարգավորման պատմությունը, հեշտությամբ կարող է համեմատել Քոչարյանի համար ընդունելի եւ բանակցած առաջարկը` 1998թ. «ընդհանուր պետությունը»`1997թ. փաթեթային եւ 1997թ. փուլային տարբերակների հետ:

Անմիջապես նշենք, որ «Ընդհանուր պետություն» տարբերակը փուլային էր, հակառակ Քոչարյանի պնդումների, թե իր համար ընդունելի է փաթեթային լուծում, եւ այն ամրագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերություն 1997թ. փուլային տարբերակի, որտեղ դա չէր արվում, իսկ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթայինի համեմատ թուլացնում է ԼՂ փաստացի անկախությանը վերաբերող դրույթները:

Այսպես`1997թ. փաթեթային տարբերակը ենթադրում էր կողմերի համաձայնություն ԼՂ-ի եւ Լաչինի կարգավիճակների վերաբերյալ: ԼՂ կարգավիճակի հարցում բանակցությունների հետեւյալ մոտեցումն էր որդեգրվել` մի կողմից ապահովվում էր ԼՂ-ի ձեռք բերած փաստացի անկախությունը, մյուս կողմից՝ թույլ էր տրվում Ադրբեջանին ձեւականորեն վերականգնել Ադրբեջանի իրավազորությունը ԼՂ-ի նկատմամբ: Այս մոտեցումը դիվանագիտական շրջանակներում հայտնի դարձավ որպես`«de jure՝ Ադրբեջանի կազմում, de facto՝ անկախ պետություն» բանաձեւով, այսինքն` մի կողմից պահպանվում էր միջազգային հանրության կողմից պարտադրվող տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից՝ ամրագրվում էր ԼՂ-ի փաստացի ինքնորոշումը:

1997թ. փաթեթային փաստաթղթով` հակամարտության բոլոր կողմերը ճանաչում էին Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Այնուհետեւ նշվում էր, որ ԼՂ-ն պետական եւ տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում եւ իր ինքնորոշումը կներառի ներքոշարադրյալ իրավունքներն ու արտոնություններն այնպես, ինչպես ձեւակերպվելու են Ադրբեջանի եւ ԼՂ-ի իշխանությունների միջեւ համաձայնագրում, ընդունվելու են Մինսկի կոնֆերանսի կողմից եւ ընդգրկվելու են Ադրբեջանի եւ ԼՂ-ի սահմանադրություններում: Իսկ ԼՂ-ի կարգավիճակի առնչությամբ դրույթները, որոնք սահմանում էին ԼՂ փաստացի անկախությունը, հետեւյալն էին`ա) ԼՂ-ն կունենա՝ սեփական Սահմանադրություն, որը կընդունվի ԼՂ ժողովրդի կողմից հանրաքվեով, սեփական դրոշ, զինանշան եւ օրենքներ, ԼՂ տարածքի վրա կգործեն ԼՂ-ի Սահմանադրությունն ու օրենքները, իսկ Ադրբեջանի օրենքները եւ գործադիր որոշումները կգործեն ԼՂ-ի տարածքի վրա, եթե դրանք չհակասեն վերջինիս Սահմանադրությանը եւ օրենքներին, ԼՂ-ն ինքնուրույն կձեւավորի իր օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինները, կունենա Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը եւ ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել ԼՂ տարածք առանց ԼՂ իշխանությունների թույլտվության:

Այժմ դառնանք 1997թ. փուլային տարբերակին, որով անորոշ ժամանակով հետաձգվում էր Լաչինի ու ԼՂ-ի կարգավիճակների ճշտումը, սակայն երեք հակամարտող կողմերը կնքում էին խաղաղություն՝ հիմնված ղարաբաղյան զինված հակամարտության դադարեցման մասին վերոհիշյալ համաձայնագրի վրա: Փուլային տարբերակի իմաստն այն էր, որ վերադարձնելով 6 ադրբեջանական տարածք` հայկական կողմը ստանում էր Ադրբեջանի եւ ամբողջ միջազգային հանրության համաձայնությունը՝ Հայաստանին ԼՂ-ի փաստացի միացմանը ԼՂԻՄ-ի եւ Լաչինի սահմաններում: Այսինքն`ղարաբաղցիները շարունակելու էին օգտվել բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում են հայաստանցիները, օգտագործելու էին հայկական անձնագրեր եւ հայկական դրամ, ծառայելու էին եւ գործարարությամբ էին զբաղվելու հայաստանյան բոլոր հաստատություններում: Համաձայնագրում որեւէ ժամկետ նշված չէր կարգավիճակների ճշտման համար, եւ դա հատուկ էր արված` այն անորոշ ժամանակով հետաձգելու նպատակով, քանի որ բանակցությունները կարող են տեւել 10, 20, 30, 40 տարի: Մինչդեռ, այդ ընթացքում` Լաչինի հյուսիսային եւ հարավային սահմաններում, ինչպես նաեւ ԼՂԻՄ տարածքի երկայնքով պիտի տեղակայվեին ԵԱՀԿ զինյալ ուժերը, որոնք կապահովեին խաղաղությունը, ամբողջ ճակատով կստեղծվեին ապառազմականացած բուֆերային գոտիներ, կվերացվեին շրջափակումները, որոնց արդյունքում Հայաստանը անմիջական երկաթուղային ելք կստանար դեպի ՌԴ, Իրան, Ադրբեջան, Թուրքիա եւ այլ երկրներ:

Հիմա գանք Քոչարյանի նախագահության օրոք ներկայացված 1998թ. «Ընդհանուր պետության» առաջարկին: «Ընդհանուր պետությունը» փուլային տարբերակ էր, քանի որ այդ փաստաթղթով լուծվում էր միայն ԼՂ-ի կարգավիճակը, իսկ Լաչինի կարգավիճակը մնում էր ապագայի լուծման հարց: Այսինքն`ԼՂ-ի անվտանգության ամենալուրջ երաշխիք հանդիսացող Լաչինի կարգավիճակի սահմանումը մղվում էր երկրորդ փուլ: Եթե 1997թ. փուլային տարբերակում հաջողվում էր խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից, ապա «Ընդհանուր պետություն»-ում ԼՂ-ն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող կետը այսպես էր սահմանված. «ԼՂ-ն հանդիսանում է հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Բացի այդ, այս տարբերակի բազմաթիվ կետերով սահմանվում է ԼՂ-ի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին, այսինքն` զգալիորեն թուլանում էր 1997թ. փաթեթային տարբերակի՝ ԼՂ-ի փաստացի անկախության սկզբունքը՝ ավելի սերտ կապելով ԼՂ-ն Ադրբեջանին:

Այսպես, «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն պետք է ունենար Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեին կամավորության սկզբունքով, մինչդեռ 1997-ի փաթեթային տարբերակով ԼՂ-ն կունենար Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, եւ ԼՂ քաղաքացիները իրավունք կունենային անցնել ծառայությունը ԼՂ տարածքում: Հաջորդը` 1997թ. փաթեթայինի համաձայն, ԼՂ-ն կարող էր ունենալ իր անկախ ներկայացուցչությունները տարբեր երկրներում, իսկ ըստ «Ընդհանուր պետության»` կարող էր գործել միայն Ադրբեջանի ներկայացուցչությունների միջոցով: Այսինքն` այս դրույթով ԼՂ-ի` արտաքին կապերի իրավունքը հավասարեցվում էր զրոյի: Հաջորդը` «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի, որն իրավունք կունենար թողարկել իր սեփական դրամանիշերը, որոնք կշրջանառվեին ադրբեջանական դրամանիշերի հետ համատեղ, մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի՝ «արժույթների ազատ շրջանառությամբ»:

Մյուս ամենակարեւոր փաստն այն է, որ «Ընդհանուր պետություն» տարբերակով Հայաստանը եւ ԼՂ-ն, փաստորեն, ընդունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները պաշտոնական պատասխանում այս թեմայով որեւէ վերապահում չէին հայտնել` սահմանափակվելով միայն այս ձեւակերպմամբ` «դրանց կանդրադառնան բանակցությունների ընթացքում»: Մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակին ի պատասխան՝ պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այն քննարկման ենթակա չի ճանաչում, իսկ 1997թ. փուլային տարբերակն ընդհանրապես չէր պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Ինչո՞ւ Ադրբեջանը մերժեց «Ընդհանուր պետության» առաջարկը՝ այս հարցը շատերն են հնչեցրել: Պատասխանը պարզ է՝ Բաքվի ախորժակն ավելի մեծ էր, Քոչարյանից սպասելիքներն ավելին էին, եւ հետագայում դրանում էլ համոզվեցինք՝ Մեղրիով Նախիջեւանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծումը դարձավ քննարկման առարկա եւ Քոչարյանի օրոք առաջ եկավ չարաբաստիկ` «Մեղրիի տարբերակը»:
Այն, որ Քոչարյանը տարածքների փոխանակման շուրջ բանակցություն էր վարել, օրինակ` գրել էր գերմանական «Շպիգելը»՝ 2000թ. գարնանը: ՀՀ նախկին ԱԳ նախարար Օսկանյանը խոստովանել էր, որ Քոչարյանն ու Ալիեւը Մեղրիի ու Ղարաբաղի շրջակա տարածքների փոխանակմամբ ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկ շոշափել են, սակայն դա չի ընդունվել որպես սեղանի առաջարկ: 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, կարծես ազատություն էր ստացել:

Տարիներ առաջ ամերիկացի քաղաքագետ, Հայ-թուրքական հանձնաժողովի նախագահող Դեյվիդ Ֆիլիպսը իր գրքում ուշագրավ փակագծեր էր բացել, հիշեցնելով, որ 2001թ. ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը Քի-Վեսթ էր հրավիրել Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին. «Թվում էր, թե նրանք մոտ են համաձայնությանը. Հայաստանը իրեն կմիացներ Լեռնային Ղարաբաղը` գումարած այն շրջանը, որը մինչեւ պատերազմը բաժանում էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանից: Հայաստանը նաեւ Մեղրիի շրջանի միջով դեպի Նախիջեւան անցնող միջանցք պետք է տրամադրեր Ադրբեջանին: Այսպես կոչված՝ Մեղրիի փոխանակումը ուղիղ կապ կհաստատեր Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ: Հակամարտության պատճառով տեղահանված բոլոր ադրբեջանցիները իրավունք կունենային վերադառնալ ազատված շրջաններ, եւ էական արտաքին օգնություն կտրամադրվեր Ադրբեջանին` ադրբեջանական փախստականների վերաբնակեցման ծախսերը հոգալու համար»:

Ինչ վերաբերում է Մեղրիի տարբերակին, ապա հիշեցնենք, որ 2019թ. ապրիլին 24TV-ի եթերում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադառնալով Մեղրին Լաչինի հետ փոխանակելու մասին խոսակցություններին, ասել էր, որ անձամբ է այդ թեմայով քննարկում ունեցել համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ: Վաղարշակ Հարությունյանը, որը 1999-2000թթ. Հայաստանի պաշտպանության նախարարն էր, պատմեց, ոչ իր պաշտոնավարման ընթացքում համանախագահների եւ իր միջեւ կայացած բանակցությունների մասին, որոնք փաստում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին Մեղրիի փոխանակման տարբերակի գոյությունը:

(Վաղարշակ Հարությունյանը պատմում է իր եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջեւ Մեղրիի փոխանակման հարցով բանակցությունների մասին, դիտել՝ 12-րդ րոպեից)

Վաղարշակ Հարությունյանը՝ որպես այդ բանակցություններին մասնակից պաշտոնյա, բառացիորեն նշեց հետեւյալը. «Ես հանդիպել եմ համանախագահների հետ, քննարկվել է այդ հարցը երկու անգամ՝ Մեղրիի տարբերակը… Բացի այդ, կա տեսաերիզ՝ արված պաշտպանության նախարարությունում՝ բնականաբար»: Ի՞նչ է քննարկել համանախագահների հետ Վաղարշակ Հարությունյանը, հարց էր ուղղել հաղորդավարը: «Քննարկվել է ամբողջ Մեղրիի շրջանի փոխանակումը՝ ամբողջ: Դա առաջին տարբերակն է եղել, երբ համանախագահները հանդիպեցին մեզ հետ հոկտեմբերի 27-ից հետո: Երբ որ մենք հայտարարել ենք, որ այդ տարբերակը չի համապատասխանում Հայաստանի շահերին եւ չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, որոշ ժամանակ անց եղել է երկրորդ հանդիպումը, երբ որ ինձ առաջարկել են տարբերակ, որը ոչ թե Մեղրիի ամբողջ շրջանի փոխանակում էր ենթադրում, այլ՝ կեսը… Դա կոչվում էր այսպես՝ զրոյական կետով: Ես դա նույնպես ասել եմ, որ չի համապատասխանում (նկատի ունի՝ չի բխում ՀՀ շահերից, խմբ): Դրանից հետո բանակցային գործընթացն ավարտվել է՝ Մեղրիի հարցով: Ես այլեւս չեմ հանդիպել համանախագահների հետ, եւ երբ որ մայիս ամսին մենք դուրս ենք գալիս, համանախագահները շարունակում են հանդիպումները: Այդ ժամանակահատվածը, երբ ես պաշտոնավարել եմ՝ համանախագահների հետ իմ երկու հանդիպումներից հետո՝ եղել են այլ գործընթացներ: Ես եղել եմ Ռուսաստանում պաշտոնական այցով, այնտեղ ունեցել եմ բանակցություններ եւ զրույցներ Մեղրիի տարբերակով՝ ռուսական կողմի առաջարկով, ես դրան կանդրադառնամ, ճիշտ ժամանակին է պետք դրա մասին ասել: Եվ եղել են նաեւ այլ հանդիպումներ», -պատմել էր Վաղարշակ Հարությունյանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28