Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անգամ ուրախ եմ էն մարդկանց համար, ովքեր, իսկապես, մինչեւ վերջ կռվել են, ոչ թե` փախել». Զոհվածի այրի

Փետրվար 24,2022 13:30

Հադրութի Տումի գյուղի բնակիչ Արշակ Մովսեսյանը, որ Հայրենական պատերազմում գերի էր ընկել, միացել Նժդեհի հայկական լեգեոնին, ապա ամուսնացել մի ֆրանսուհու հետ, մեկ տղա ունեցել, 1946-ին վերադառնում է հայրենի գյուղ, ամուսնանում գյուղի ամենասիրուն աղջկա` Անյայի հետ, մեկ դուստր ունենում, ու թվում է` պիտի իր հովվերգական կյանքը շարունակեր դրախտավայր, ծմակաշատ Տումիում, սակայն, որպես նախկին գերի, ստալինյան բռնաճնշումների հետեւանքով դառնում է «սիբիրական»… 10 տարվա աքսորական կյանքից հետո նախկին օդաչուն կրկին վերադառնում է Տումի:

Դուստրը մահացել էր, բայց նոր զավակներ են ծնվում, սակայն Տումիում ապրելն արդեն «հարամվել էր», ու ապահով եւ բարեկեցիկ կյանքի հեռանկարով 1957-ին տեղափոխվում է Սումգայիթ: «Բարեկամության հաշիշով արբած Սումգայիթը», սակայն, բացում է իր հրեշավոր, արյունռուշտ երախը` հոշոտելու հայերին: Նկուղներում, ապաստարաններում թաքնվելուց հետո Արշակ Մովսեսյանը կարողանում է ընտանիքին Հայաստան հասցնել: Երբ կրկին մեկնում է Սումգայիթ` տան փոխանակության հարցերը լուծելու, դանակը եւ մի ձմերուկ ձեռքին` իր տուն է մտնում «բարեկամ» թուրքը, սպառնալիորեն դանակը խրում ձմերուկի մեջ, հոխորտում` հիմա ի՞նչ ես ասում:

Պատերազմ տեսած, Նժդեհի լեգեոնում ծառայություն անցած Արշակը թուրքի դանակից չէ, որ պիտի վախենար: Հորդորում է դանակը տեղը դնել եւ մարդավարի խոսել Սումգայիթի իր տունը Սիսիանի Իշխանասար գյուղի` նրա տան հետ փոխանակելու մասին: 1989-ին Արշակ Մովսեսյանի ընտանիքը վերաբնակվում է Իշխանասարում: Նրա որդին` Պետյան, ով արդեն 32 տարեկան էր, իր բախտը այստեղ է գտնում, իր երկու տղաները` Ներսեսը եւ Վարդգեսը այստեղ են ծնվում, հաճախում դպրոց: Պետյան չէր կարող, սակայն, անմասն մնալ հայրենիքի պաշտպանական կռիվներին, ու Սիսիանի առաջին կամավորականների հետ մասնակցում է պաշտպանական մարտերին, հետախուզական աշխատանքներ իրականացնում, քանի որ տիրապետում էր թշնամու լեզվին, բացահայտում մարտական պլաններ ու գործողություններ: Դրմբոնի մարտերից մեկի ժամանակ վիրավորվում է, դեռեւս չապաքինված, վերադառնում շարքեր: «Ոչ տուն ունեինք, ոչ մի բան, բայց Աստված փրկեց Պետյային, որ իր տղաների գլխին, իմ կողքին լինի»,-ասում է կինը` Մելանյա Դավթյանը:

Այս տանը ծնված տղաները դաստիարակվել են հոր ոգով եւ բոլորովին պատահական չէր, որ ավագ որդին` 31-ամյա Ներսեսը, 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվել է հոր մարտական ընկերոջ` Աշոտ Մինասյանի ջոկատին, եւ միայն երեկոյան սիրելի կնոջը, եղբորն ու հորը տեղյակ պահել այդ մասին: Տեղյակ չէր պահել անգամ աշխատավայրում` Սիսիանի գրասենյակում, որտեղ վարորդ էր աշխատում: Ներսեսին հոր մարտական ընկերներն առաջարկել են համբերել, երբ իր կարիքը լինի, կդիմեն, բայց նա անհողդող է մնացել: «Եղբորը, հորը, մորաքրոջը զանգահարել է, միայն ինձ չի ասել, լավ իմանալով, որ եթե ինձ ասեր, չէի թողնելու գնար, իսկ իմ խոսքից չէր կարողանալու դուրս գալ»,- ասում է մայրը` Մելանյան: Պատերազմի ամենածանր օրերին Էրեբունի բուժկենտրոնի վերելակավար Մելանյան գրեթե ամեն օր ծանր վիրավորների է ուղեկցել եւ աչքին բոլորն իր համար իր զավակների, իր Ներսեսի տեղ է ընդունել, ցավել, աղոթել նրանց համար, որ ապրեն, ապաքինվեն: Քանի որ 2011-ին Ներսեսն արդեն ամուսնացել էր, ծնողները նրա համար հանգիստ էին ու երբ Վարդգեսն ընդունվեց բժշկական համալսարան, որդուն մենակ չթողնելու համար 2012-ին ինքն ու Պետյան էլ տեղափոխվեցին Երեւան:

«Մի օր ասացի` կարոտել ենք, գոնե մեկ օրով արի, տեսնենք, էլի կգնաս, ասաց` մամ, 18-20 տարեկան երեխաներին ո՞ւմ թողնեմ: Դա էր իմ Ներսեսը: Դեպքից 2 օր առաջ զանգահարեց, ասաց` մամ, Արփինեն երեխաների հետ Երեւան է գալու, նրանց լավ կնայես, լավ կպահես, ասաց, մամ ջան, քեզ շատ եմ սիրում, ասացի` ես եմ քեզ շատ սիրում, մեռնեմ արեւիդ, նորից ասաց` մամ, էրեխեքիս լավ կնայես, լավ կպահես, ու ես չէի հասկանում` ինչո՞ւ էր էդպես ասում: Մեքենաներից, տեխնիկայից շատ լավ գլուխ էր հանում, պատերազմի ժամանակ դիրքից դիրք է անցել, հոսանքի գծերը սարքել, ռացիաները նորոգել, իրեն ոչինչ չի կանգնեցրել, թուրքի դիրքից զենք, 2 տանկ է քաշելով բերել, բայց դրանք մնացին մեր կորցրած դիրքերում»,-պատմում է մայրը:

«Դեպքի օրը» աշխատավայրում գնացել էր համահայկական հիմնադրամին գումար փոխանցել, զգացել է, որ բոլոր ծանոթները, աշխատակիցները հայացքները փախցրել են, չեն նայել դեմքին, աչքերին, ու մտքով բնավ չի անցել, որ նրանք արդեն գիտեին Ներսեսի զոհվելու մասին, ինքը` ոչ, ապա ավելացնում է, որ շնորհակալ է Աստծուց` իրեն Պետյայի նման ամուսին տալու, Ներսեսի եւ Վարդգեսի նման որդիներ, Արփինեի նման հարս, թոռներ պարգեւելու համար, հպարտանում է, որ նման զավակներ է տվել երկրին, շնորհակալ է, որ աշխատավայրում ամեն օր սպասել են իր վերադարձին, բայց Ներսեսից հետո այլեւս ուժ չգտավ իր մեջ` վերադառնալ աշխատանքի, սիրտ չմնաց իր մեջ` ամեն օր հիվանդներ ուղեկցելու եւ իր երբեմնի աշխույժ, շփվող բնավորությամբ նրանց տրամադրությունը բարձրացնելու: Որդուց հետո հայրը, որ հիվանդ էր, երկար չապրեց, 2021-ի սեպտեմբերի 10-ին՝ 64 տարեկանում, հեռացավ կյանքից, ու, որպես ազատամարտիկ, նույնպես հուղարկավորվեց Եռաբլուրում: «Եռաբլուրում երկու սուրբ վայր ունենք: Վարդգեսիցս թաքուն արտասվում եմ Ներսեսիս համար, տղաս արգելել է լացել, իսկ երբ գնում եմ Պետոյիս մոտ, կարծես ձեռքը դնի ուսիս, ասի` հանգստացիր, կարծես օգնի ինձ` հաղթահարելու ցավս: Ինձ ապրելու ուժ է տալիս Ներսեսիս` երեխաներին լավ պահելու պատգամը եւ Վարդգեսիս մենակ չթողնելու միտքը»,-ասում է տիկին Մելանյան: Բոլորովին ուրիշ էր Ներսեսի կնոջ` Արփինեի հետ մեր զրույցը:

Աստված այս զույգին տվել էր ամենակարեւորը` սեր, տվել ու չէր ափսոսացել, տվել էր անսպառ ու անհատակ, բացառիկ ու յուրօրինակ:
«Աշխարհի ամենալավ ամուսինն էր, իմ օրը սկսվել եւ ավարտվել է նրանով: 2011-ին երջանկությունը թակեց դուռս, 13-ին այն քառապատկվեց, ծնվեց մեր առաջնեկը` աղջիկը, 2017-ին` տղաս` Գոռը: Ուրախ էինք, երջանիկ, միշտ միասին, սիրով, ամեն ինչ փոխադարձ էր: Վարձով էինք ապրում, բայց դա չի խանգարել մեր երջանկությանը, դա ինձ համար էական չէր, կարեւորը ընտանիքում փոխադարձ սերն էր ու հարգանքը: Ինքը միշտ ժպտում էր, դա իր բնույթն էր: Ներսեսս հենց ժպտում էր, ամեն ինչ մոռանում էի: Երբ գալիս էր տուն, դուռը բացում, երեխաներիս հետ վազում էինք ընդառաջ, ուրախանում, 10 տարի տանս ուրախություն է տիրել: Ներսեսիս զոհվելուց հետո երջանկությունս կանգ առավ: Սեր ասելիս առաջինը իմ ընտանիքն եմ պատկերացնում` Արփինե եւ Ներսես… Ինձ ասում են` կուրորեն էիր սիրում, ասում եմ` իմ ընտանիքում ամեն ինչը փոխադարձ էր: Նրան կսիրեմ մինչեւ կյանքիս վերջ, մինչեւ որ կհանդիպենք էն աշխարհում: Երբեմն դռան կողքով անցնում եմ, ասում եմ, Նես, դուռը ծեծիր, բացեմ, ժպիտդ տեսնեմ: Իմ ժպիտի պատճառը իր ժպիտն էր: Նրա ժպիտը որ տեսնում էի, ամեն ինչ մոռանում էի: Երբ գործի էր, խնդրում էի գոնե մի րոպեով տուն գար, տեսնեի, գնար: Տանը եղած ժամանակ էլ ես իրեն կարոտում էի: Ես իր Ափուլն էի, ինքը իմ` Նեսս… Մեր հրաշք սիրո արդյունքում ծնվեցին մեր 2 երեխաները, ամենաթանկ նվերը իմ կյանքում Ներսեսից մնացած: Ամենաշատը նրա ժպիտին եմ կարոտել, ձայնին, խոսքին: 27-ին կամավորագրվել էր, քեռիս էլ էր իրենց հետ, ես տեղյակ չեմ եղել: Երեկոյան, ինչպես միշտ, դուռը բացեցի ժպիտով, իրերը դասավորեց, մինչեւ վերջին պահը չեմ հավատացել, որ Արցախ է գնում, հարցրեցի` ո՞ւր ես գնում, ժպտաց, ասաց` առավոտյան կասեմ… Հոկտեմբերի 28-ին, ժամը 12-ի մոտերը եկավ, զգեստափոխվեց, զինվորական շորերը հագավ, պաչեց Գոռիս, ասաց` մամային լավ կնայես, մինչեւ գամ ու գնաց: Գոռս, որ հիմա 4 տարեկան է, ասում է` մամա, ես քեզ լավ եմ նայում, դու չլացես: Ներսեսենց տեղափոխող մեքենաներից մեկի վարորդի կնոջից եմ իամացել, որ Արցախ են գնում: Կյանքս աչքիս դեմով անցավ: Գրեցի` խնդրում եմ, Նես, հետ արի, ասաց` արդեն Գորիսն անցել ենք, հանգիստ եղիր, դուք ձեզ լավ նայեք, մինչեւ գամ: Օրը երկու անգամ կապ ենք ունեցել, եթե չի զանգել, գրել է..: Շատ ուրախ եմ, որ հենց իր կինն եմ: Նեսս գրել էր, որ պետք է թոռներիս բան ունենամ պատմելու: Հիմա մենք կպատմենք թոռներին:

Հոկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 12-ի մոտերքը խոսեցի հետը, Հադրութում էր, պատմում էի իմ առօրյայից, երեխաներից, ինքն էր հարցնում` ի՞նչ են գրում էդտեղ: Նեսս էր ինձ էնտեղից քաջալերում: Հոկտեմբերի 19-ին, ժամը 9-ի կողմերը սպասում էի զանգի, ցավոք, ուրիշ զանգ ստացա: Արդեն բոլորը գիտեին, բացի` ինձանից: Ասացին` վիրավոր է: Ես նայում էի մարդկանց աչքերին, կարեկցանք ու ցավ էի զգում, բայց ինձ հույս էի տալիս, որ Նեսս վիրավոր է, դա ինձ հուսադրում էր… Տաքսիով Երեւան գնացի, վարորդին խնդրում էի` արագ քշել, որ շուտ հասնենք, միգուցե ինչ-որ բանով կարողանամ փրկել նրան, եթե պետք լինի, սիրտս կտամ իրեն: Գիտե՞ք` ինչի համար եմ ուրախ, որ էդ ամենը ինքը գիտեր, ինքը գիտեր, որ ես իր համար պատրաստ եմ ամեն ինչի, ինչպես որ ինքը հանուն մեզ տվեց իր կյանքը, ես էլ իրեն կտայի: Ինձանից առավել սիրում եմ իրեն: Հոկտեմբերի 19-ին ահավոր էր… չեմ ուզում նորից վերապրել: Հոկտեմբերի 20-ին Վարդգեսը բերեց եղբոր աճյունը, 21-ին հուղարկավորեցինք Եռաբլուրում: Ես ու երեխաներն էլ հետո կտեղափոխվենք Երեւան, որ ավելի մոտ լինեմ իրեն: Մարդիկ կան, որոնց խոսքի մեջ չարություն եմ զգում, բայց ես իմ էս բաժին հասած կյանքի համար չեմ չարանում, հավատացեք, ամենայն անկեղծությամբ եմ ասում: Նախանձով չեմ լցվում մարդկանց հանդեպ, ինչի էս մեկի եղբայրը եկավ, ամուսինը եկավ, իմ երեխաները մնացին առանց պապա, ես երբեք նման մտքեր չեմ ունեցել, անգամ ուրախ եմ էն մարդկանց համար, ովքեր, իսկապես, մինչեւ վերջ կռվել են, ոչ թե` փախել: Ես հպարտ եմ անգամ էդ մարդկանցով: Շատ ուրախ եմ բոլոր էն երեխաների համար, ում պապան եկել-հասել է իրենց, ում քեռին եկել- հասել է իրենց, շատ ուրախ եմ, անչափ: Մխիթարությունս իմ երեխաներն են, իմ ու Ներսեսիս Համեստիկն ու Գոռը: Երեխաները շատ նման են պապային: Գոռը որ ժպտում է, ասում եմ` այ պուճուր Ներսես… Դա իմ ամենամեծ մխիթարությունն է… Չեմ կարողանում հասկանալ, երբ ասում են` մենակ դու չես, իմ ցավը իմն է: Անկեղծ եմ ասում` ես երբեք իմ հերոսներին չեմ առանձնացրել մյուս հերոսներից, հավատացեք, ինձ համար բոլորն էլ հերոս են:

Եղբայրս` Նարեկ Լյովայի Մնացականյանը, մեռնեմ նրա ջանին, նույնպես 44-օրյա պատերազմի նահատակ է: Ապերին (նրան Ապեր ենք ասել) հոկտեմբերի 8-ին են տարել Արցախ, մինչ այդ մեր դիրքերում էր, մի օր եկավ մեր տուն, մայրս ասաց, տղաս, չնեղանաս, որ առաջին մոմը Ներսեսի համար եմ վառում, Ներսեսը Ղարաբաղում է, հետո` քո, հետո` քեռիի: Բայց Նարեկիս էլ տարան Ղարաբաղ, նա էլ զոհվեց: Ես հիշում եմ, որ երբ Սիսիանի պանթեոնում հուղարկավորում էինք եղբորս, դուք զրուցեցիք ինձ հետ ու ես ասացի` հպարտ եմ, որ հերոսի կին եմ եւ հերոսի քույր: Այո, երկու թանկ կորուստ ունեմ այս պատերազմում: Հպարտության զգացողությունը միշտ կա իմ մեջ եւ կլինի, դա ինձ ներշնչում է իրենց թողած անմահ անունը: Բարի էր, էս դարի մարդ չէր, հասնող էր, մեծի հետ` մեծ, փոքրի հետ փոքր: Իր պապայի նման էր: Ինձ թվում է` Ներսեսիս մահով ամբողջ Սիսիանն է ցնցվել, որովհետեւ ոչ ոք չէր պատկերացնում: Մինչեւ վերջին վայրկյանը հավատում էինք, որ գալու է, երբեք չեմ մտածել, որ հանկարծ կարող է նրան բերեն եռագույնով: Երբեք չէի մտածի, որ 29 տարեկանում ես կանցնեմ էս ամենի միջով… Երբ գնում ենք Եռաբլուր, կեսուրենքս լացում են, Գոռս ասում է` մամա, մի լացիր, իրենք թույլ են, դու ուժեղ ես, մի լացիր: Երեխաներիս ասում եմ` մեր պապան հերոս է, հիմա ինքը մեզ երկնքից է նայում, պիտի մենք դառնանք այն, ինչ ինքը կցանկանար: Եվ կդառնանք»,-պատմում է հերոսի կինը:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28