Կառավարությունը հեղինակել է ««Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Այն քննարկվել է փետրվարի 23-ի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում եւ ստացել դրական եզրակացություն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի տեղեկացմամբ՝ արձանագրությունը ստորագրվել է 2015թ. հոկտեմբերի 22-ին՝ Ռիգայում՝ 18 պետությունների կողմից: Հայաստանի Հանրապետությունը փաստաթուղթը ստորագրել է 2018թ. հունվարի 24-ին:
Արձանագրության նպատակն է լրացումներ կատարել վերոնշյալ կոնվենցիայում, որով նախատեսվում է քրեականացնել արձանագրության՝ ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելուն, դրա ֆինանսավորմանը, կազմակերպելուն կամ այլ կերպ դրան օժանդակելուն վերաբերող հոդվածներով սահմանված արարքները:
Կարդացեք նաև
«Արձանագրության վավերացմամբ Հայաստանը կամբողջացնի ահաբեկչության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդում գործող փաստաթղթերին միանալու գործընթացը»,- ընդգծել է Սամվել Հայրապետյանը: Նրա խոսքով՝ փաստաթղթի կիրառումը կնպաստի ահաբեկչության դրսեւորման բոլոր ձեւերի կանխարգելմանը, մարդու իրավունքների, մասնավորապես, կյանքի իրավունքի վրա դրա բացասական հետեւանքների կանխմանը: Այն առավել կհամախմբի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում կոնվենցիայի կողմ պետությունների ջանքերը ու կխորացնի նրանց արդյունավետ փոխգործակցությունը:
ՀՀ Ազգային ժողով