Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թույլ չտալ, որպեսզի թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը շարունակեն խաբել հասարակությանը. «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության դիմումը՝ հայ ժողովրդին

Փետրվար 23,2022 23:35

2022թ փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Պուտինի և Ալիևի միջև ստորագրվել է դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր: Հռչակագրում առկա 43 դրույթներից շատերը ամբողջապես հակասում են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի պետական և ազգային շահերին: Դեռ ավելին՝ ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի որոշ դրույթներ ամբողջապես անհամատեղելի են դարձնում դե ֆակտո գոյություն չունեցող, սակայն, դե յուրե պայմանագրով ամրագրված հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները:

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը, ուսումնասիրելով ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը, խստորեն դատապարտում է Հայաստանի նորանկախ պատմության բոլոր իշխանությունների և ընդդիմադիր ուժերի ճնշող մեծամասնության կողմից տարվող ազգակործան քաղաքականությունը, որով նրանք երեսուն տարուց ավելի խաբում են հայ ժողովրդին՝ Հայաստանի թշնամիներին ներկայացնելով որպես դաշնակիցներ և բարեկամներ: Երեսուն տարի վարած խաբեության, կեղծիքի քաղաքականությունը հայ ժողովրդին և հայոց պետականությանը պարբերաբար կանգնեցրել է արհավիրքների առաջ, որոնցից ամենակործանարարը և արյունալին 2020թ-ի արցախյան 2-րդ պատերազմում կրած պարտությունն էր:

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը դիմում է հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր գնահատում և արժևորում են ազատ լինելու և անկախ պետականություն ունենալու վեհագույն հնարավորությունը, կոչ անելով՝ առերեսվել ճշմարտության հետ, թույլ չտալ, որպեսզի Հայաստանում գոյություն ունեցող թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր դաշտում հանդես եկող քաղաքական ուժերի մեծամասնությունը շարունակի կեղծել իրականությունը, խաբել հայ հասարակությանը, Հայաստանի թշնամիներին ներկայացնել որպես դաշնակիցներ և այդպիսով, Հայաստանը վերջնականապես տանել կործանման: Նման քայլերի շարունակականության պարագայում անհնար է դառնալու պահպանել անկախ պետության մեջ ազատ ապրելու իրավունքն ու հնարավորությունը:

Հայոց պատմության ցավալի էջերն են փաստում, թե քանի անգամներ է հայ ժողովուրդը զրկվել պետականությունից՝ հայ քաղաքական դաշտի դավաճանների սխալ վարած քաղաքականության արդյունքում: Սակայն միշտ հայ ժողովուրդը հնարավորություն է ունեցել վերականգնելու սեփական պետությունը: Բայց, եթե Խորհրդային Միության օկուպացիոն տարիներին, «երկաթե վարագույրը» խոչընդոտում էր ԽՍՀՄ քաղաքացիներին լքել սեփական հայրենիքը կամ ծննդավայրը, և մարդիկ չէին կարող լքել օկուպացված Հայաստանը, ապա հիմա, երբ սահմանները բաց են և ազատ, հայոց պետականության ինքնիշխանության կորուստի դեպքում՝ հայ մարդիկ կլքեն Հայաստանը, և տարիների ընթացքում ամբողջապես կդատարկվի մեր հայրենիքի վերջին հողակտորը, որտեղ բնակություն կհաստատեն տարաբնույթ ժողովուրդներ: Այդպիսով կիրակականա ռուս-թուրքական վաղեմի երազանքը՝ Հայաստանն առանց հայերի:

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28