Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանի համոզմամբ Հայաստանը մնում է անկման գործընթացի մեջ: «Մեկ անգամ չեմ ասել. մեր բոլոր ճգնաժամերը մեկ առ մեկ խորանում են առանց որեւէ մեկի հաղթահարման: Եթե առաջ ասում էինք անվտանգության ճգնաժամ, հիմա պետք է ասենք անվտանգության, արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքական դիրքորոշումների ճգնաժամ, որի մեջ Հայաստանը ընկալում կարծես ընդհանրապես չունի:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների մեջ, որը շատ երկար ժամանակ տեղի է ունենում, ամենացավալի դրսեւորումն այն է, որ Հայաստանը որեւէ մի սցենարի պատրաստ չէ: Սա պետության, պետականության ինստիտուտների ճգնաժամն է, որ իմանալով, որ ինչ-որ մի տեղ կա գործընթաց, որն անդրադարձ ունի քո հանդեպ, որեւէ սցենարային պատրաստվածության չես գնացել:
Երբ Ռուսաստանը իր շահերից ելնելով ճանաչում էր ինքնահռչակ տարածքների անկախությունը, ցավ ու նախանձ էի ապրում, որ ամենաառաջինը մենք էինք սկսել եւ ամենաշատ իրավունքները մենք ունեինք, բայց մերը ոչ մի կերպ տեղ չի հասնում, իսկ ուրիշները եկան ու հասան իրենց երազանքներին, իրենց առջեւ դրած նպատակներին: Սա այն է, որ դու ոչ թե սովորել ես օգտագործել գաղափարը քո շահերից ելնելով, այլ միշտ եղել ես ուրիշների շահերը սպասարկող, կամ չես էլ փորձել գիտակցել, թե պետականությունը, պետական ինստիտուտները ոնց են աշխատում: Դրա համար է այս ցավալի վիճակը, որ չենք էլ իմանում, թե վաղը ինչ է լինելու: Դրա փոխարեն ընկնում ենք ուրիշների վերլուծությունների հետեւից: Մինչդեռ, պետք էր մտածել, թե ոնց պետք է վարվել ապագայի համար:
Արցախի ԱԺ հայտարարություն է եղել, Արցախի նախագահն է խոսել: Իսկ մենք: Մեր մոտ ընթացող Եվրանեսթի օրը հակառուսական բանաձեւ է ընդունվում, իսկ Հայաստանի պատվիրակության դերակատարումը եղել է այն հայտարարությունը, թե մենք չենք քվեարկել: Նույն Եվրանեսթում վետոյի իրավունք կար: Իսկ գուցե արժեր գիշերն անքուն նստել եւ մտածել, որ բանաձեւին մոտենալու ժամանակ հայտարարվեր, թե մինչեւ Արցախի անկախությունը չճանաչվի, մենք միշտ վետո ենք դնելու: Ի դեպ, նախկինում, երբ ինքս պատգամավոր էի, Հայաստանի պատվիրակության ղեկավարը, հարց է եղել, որի վրա վետո է դրել:
Կարդացեք նաև
Իսկ որ այդ նույն օրը, երբ Պուտինն ու Ալիեւը դաշնակցային համաձայնագիր էին ստորագրում, Ադրբեջանի պատվիրակները, ըստ տեղեկությունների Եվրանեսթում կողմ են քվեարկել Ռուսաստանի դեմ ընդունված հայտարարությանը: Մեր մամուլը, Ռուսաստանի հայկական համայնքը դա բարձրացրե՞ց այն աստիճանի, որ Կրեմլի բոլոր պատուհաններից երեւար, որ Ադրբեջանը քվեարկել է հակառուսական բանաձեւին կողմ:
Կամ նույն Եվրանեսթում հայտարարվել է, թե Արցախի հարցը դեռ լուծված չէ ու մերոնք էլ կրկնում են: Էհ, լուծված չէր, հրավիրեիք Արցախի Ազգային Ժողովի պատգամավորներին, որպեսզի գտնվեին Երեւանում, ճաշին հրավիրեիք: Ինչի՞ այստեղ չէին ու չէին մասնակցում: Չէ՞ որ նախկինում ունեցել ենք այդ փորձը, երբ բոլոր միջազգային պառլամենտական վեհաժողովների ժամանակ, որ տեղի էին ունենում Երեւանում, Արցախի գոնե մեկ պատվիրակ մասնակցում էր կամ գտնվում էր այդտեղ: Կամ Զոհրապ Մնացականյանի օրինակը, որ ասում էր ամեն անգամ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից առաջ մեկնում է Արցախ, կամ Արցախի արտգործնախարարն է գալիս այստեղ եւ հանդիպում, կոնսուլտացիաներ են անում: Ի՞նչ է, Հայաստանն այլեւս Արցախի հետ կոնսուլտացիաների կարիք չունի՞»,- ասաց բանախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ