Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում իրավապահներին՝ ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից և անհամաչափ սահմանափակումներից

Փետրվար 23,2022 22:02

2022 թ․ փետրվարի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր հավաք, որի նպատակն էր ՀՀ-ում գտնվող Ադրբեջանի հանրապետության երկու պատգամավորներին ներկայացնել Ադրբեջանի իշխանություններին հասցեագրված պահանջը՝ անմիջապես բաց թողնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական օկուպացված տարածքներից[1]:

Չնայած հավաքի խաղաղ բնույթին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները («կարմիր բերետներ») կիրառեցին կոպիտ, անհամաչափ ուժ և բերման ենթարկեցին 25 անձի։ Բերման ենթարկված հավաքի մասնակիցներից մեկը ոստիկանության գործողությունների հետևանքով ստացավ ձեռքի կոտրվածք և տեղափոխվեց բժշկական հաստատություն[2]։ Հավաքի մասնակիցներից բացի բերման ենթարկվեց նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Ա․ Նահապետյանը։ Ըստ վերջինիս՝ ոստիկանության ծառայողները առգրավել էին իր հեռախոսը և դրանից ջնջել մասնագիտական աշխատանքի հետ կապված նյութեր[3]։

Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հաղորդեց, որ հավաքի մասնակիցների գործողությունների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով[4]։

Նշված հավաքի ընթացքում ոստիկանության կողմից մասնակիցների նկատմամբ կատարված գործողությունները, կիրառված անհամաչափ ուժը, ինչպես նաև լրագրողի գործունեությանը խոչընդոտելը հանդիսանում են հավաքների ազատության իրավունքի կոպիտ խախտում։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ ձեռնպահ մնալ հավաքների ազատության իրավունքի խախտումներից և անհամաչափ սահմանափակումներից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել լիազորություններն անցած և կոպիտ խախտումներ թույլ տված բոլոր ոստիկանության ծառայողներին։

[1] Տե՛ս ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը, 23․02․2022 թ․, https://www.facebook.com/arfhemofficial/posts/3238576939748946

[2] ««Մարիոթ»-ում միջադեպի, 25 անձի բերման ենթարկելու վերաբերյալ Ոստիկանության պարզաբանումը»

[3] «Ոստիկանները խոչընդոտել են լրագրողի աշխատանքը և բռնի ուժ կիրառել. «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը պահանջում է պատժել մեղավորներին. Հայտարարություն», Երկիր Մեդիա, 23․02․2022 թ․, https://yerkirmedia.am/hy/article/2022/02/23/53848

[4] Տե՛ս ՀՀ ոստիկանության պարզաբանումը, 23․02․2022 թ․, https://bit.ly/3HaooaJ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28