Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Էլիբեգովա. «Ի տարբերություն խաղաղության մասին իշխանության միֆական պատկերացումների, ես շատ լավ գիտեմ ադրբեջանցիներին եւ գիտեմ, թե ինչ է տեղի ունենալու անխուսափելիորեն»

Փետրվար 23,2022 20:40

Այսօր  ԱԺ-ում քաղաքական մեծամասնության կողմից ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տապալելը, որի օրակարգում «Շուշիի հռչակագրի» թեման էր լինելու, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան «Հայելի» ակումբում մեկնաբանեց այսպես. «Այդտեղ իրականում ոչ մեկիս համար զարմանալու կամ շոկային ոչինչ չկար: Դա սպասելի էր: Ավելի շատ զարմացնում է պրիմիտիվ պարզաբանումը որպես արդարացում: Այն է՝ տարածաշրջանում չխախտենք խաղաղությունը: Այսինքն, Ադրբեջանն ու Թուրքիան փաստացի իրար հետ կնքում են եւ ռազմավարական, եւ ռազմաքաղաքական, եւ լոբինգի, եւ մշակութային, եւ տնտեսական ոլորտի համապարփակ փաստաթուղթ, այդ երկու երկրների պառլամենտները հաստատում են, եւ այդ փաստաթուղթը օրինական ուժ է ձեռք բերում, իսկ այստեղ՝ Երեւանում, չգիտես ինչ տրամաբանությամբ պաշտոնական մակարդակով սկսում են խոսել այն մասին, թե եկեք իրավիճակը չսրենք եւ դա չդատապարտենք: Այսինքն, տարիուկես առաջ փաստացի մեր երկու թշնամի պետությունները, որ պատերազմ էին սանձազերծել մեր դեմ եւ Երեւանն էլ պաշտոնապես հաստատում էր, որ Թուրքիան ներգրավված է այդ պատերազմում, պլանավորում են մեր տարածաշրջանում իրենց համագործակցության  ապագան, որն առաջին հերթին մեր դեմ է, եւ այստեղ ասում են՝ եկեք այդ թեման չբորբոքենք: Որովհետեւ ի՞նչ:

Եթե աչք փակենք, ձեւ անենք, թե դա տեղի չի ունենում, ձեւ անենք, թե դրա մասին չգիտենք, կարծիք չունենք, դրանից փաստաթուղթն իր իրավական ո՞ւժն է կորցնելու, թե՞ դադարելու է գոյություն ունենալ: Անընդհատ խուսափողական, անընդհատ վախեցած, ոչ մի  բանին չարձագանքելու տրամաբանությունը ոչ մի կերպ իրականությունը չի փոխում: Ադրբեջանը շարունակում է զինվել, շարունակում է ավելացնել ռազմական բյուջեն, շարունակում է զորավարժությունները, շարունակում է երկրների հետ զենքի գնման նոր պայմանագրեր կնքել:  Այսինքն, ինքն իր հունով շարունակում է իր գործունեությունը: Որ Երեւանում նստած ասում ենք ոչինչ չի կատարվում մեր շուրջ, ամեն ինչ նորմալ է ու խաղաղություն է, դրանից ոչինչ դեպի լավը չի փոխվելու: Դա բերելու է միայն նրան, որ անընդհատ նվաստացած ու վախի մթնոլորտում ապրելով՝ հանկարծ չխոսենք, չբողոքենք, էս էլ զիջենք, այնտեղ էլ աչք փակենք, որ պատերազմ չլինի, քայլ առ քայլ մեր հասարակությանը փաստացի արնաքամ են անում: Արդյունքում մենք անընդհատ զիջում ենք եւ ինչ-որ պահի էլ զիջելու բան չի մնալու:

Հասարակության մեջ անընդհատ ներդրվում է  լուռ մնալ, ոչ մի ձայն չհանել, չարձագանքել, իսկ ձայն հանողներին ոմանք անվանում են տգետ: Ես, լինելով քաղաքագիտության թեկնածու, դոցենտ, ինձ տգետ մարդ չեմ համարում: Ընդհակառակը, 15 տարի զբաղվում եմ իմ աշխատանքով եւ շատ լավ գիտեմ ադրբեջանցիներին, գիտեմ, թե ինչ է տեղի ունենալու անխուսափելիորեն՝ ի տարբերություն խաղաղության մասին սրանց միֆական պատկերացումների: Ադրբեջանցիների նպատակը հստակ է, որպեսզի մենք այս տարածաշրջանում չլինենք: Ու նրանք իրենց այդ նպատակը չեն թաքցնում: Թուրքիան էլ իր հերթին»,- ասաց Անժելա Էլիբեգովան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28