Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորականին պետք է հեռու պահենք լավ տղու կեցվածքից, «շուստրի տղերք» պիտի չլինեն». ինչպես Թագուհի Թովմասյանի նախագծին կողմ քվեարկեցին որոշ ՔՊ-ականներ

Փետրվար 23,2022 19:55

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը քննարկման ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Ըստ Թովմասյանի, եթե զինծառայողը Կադաստրից տեղեկանք է բերում, որ ինքը, իր ընտանիքի անդամը չունի սեփականություն, սա արդեն հիմք է, որ ՊՆ-ն բնակարանի վարձավճարի փոխհատուցումը տա՝ որեւէ այլ փաստաթուղթ չպահանջելով:

Գործող օրենքի կարգավորումներով զինծառայողները խնդիրներ են ունենում, վարձով են բնակվում, բայց բնակարանի տերը չի ուզում պայմանագիր կնքել՝ հարկեր չտալու համար, արդյունքում կեղծիքի հոդվածով դատում են զինծառայողների:

Քրիստինե Պողոսյանը կողմ էր նախագծին, նա օրինակներ բերեց՝ ասենք, Սյունիքում մի տատիկ զինծառայողի ասում է՝ արի իմ տանը բնակվի, այդ փողն էլ պահի քեզ, ուրեմն զինծառայողը պիտի դատվի՞ դրա համար. «Այդքան օրինակ ենք բերում՝ Իսրայելի բանակը, այն երկրի բանակը, այդ երկրի բանակում մարդիկ առաջին հերթին կռվում են նրա համար, որովհետեւ սոցիալական փաթեթը շատ մեծ է, մեծ աջակցություններ են ստանում»:

Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ամերիկյան բանակն ավելի լավն է, որովհետեւ այնտեղ օրենքները չեն ուզում խախտեն»:

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ եթե այս տարբերակով փոխեն օրենքը, ինչպես առաջարկում է Թագուհի Թովմասյանը, մի օր հետո զինծառայողին ոչ մեկը տուն չի տալու: Նա ընդունեց, որ խնդիր կա ու պետք է լուծել, բայց թե ոնց՝ հարց է: Նա առաջարկեց, որ զինծառայողներին վարձով բնակարան տվողները ազատվեն շահութահարկից. «Տատիկի տանը, եթե ապրում էլ են, միեւնույն  է, այդ մարդը զրկանքներ է կրում: Գուցե փող չի տալիս, բայց իր նկատմամբ վերաբերմունքի դիմաց փոխհատուցում է ինչ-որ կերպ: Կա՛մ մենք գույքահարկ չենք գանձում կամ շահութահարկ, կա՛մ ինչ-որ մի գումար ենք տալիս, ըստ տարածքների ու թե զինծառայողը որտեղ կապրի՝ տատիկի տակ կապրի, թե որտեղ՝ խնդիր չէ»:

Հայկ Սարգսյանն ասաց, որ ճարպիկները, իհարկե, նախագծի արդյունքում կօգտվեն, ոչ այդքան ճարպիկները, որոնք հավես չունեն, որ իրենց տունը վաճառեն, կամ անեն իրենց բարեկամի անունով ու այդ հանգամանքով ստանան փողը, այդ մարդիկ կտուժեն: Նա այդուհանդերձ հայտարարեց, որ կողմ է նախագծին: Թագուհի Թովմասյանն էլ արձագանքեց, որ ճարպիկները հիմա էլ են օգտվում:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկեց բնակարաններ կառուցել զինծառայողների համար: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ սպային ասում եք՝ պայմանագիր բեր, բայց պատգամավորներին տրված 250 հազար դրամ ձեռքի ծախսի համար ՀԴՄ կտրոն չեք ուզում. «Կառավարությունը որ ասում է՝ 2026 թվականին լուծում կլինի՝ էշ մի սատկի, գարուն կգա, 81 հոգի դատվում է»:

Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց. «Ես կուզեմ ոչ էշը սատկի, բայց գարունը գա»: Նա ասաց, որ զինվորականին պետք է հեռու պահեն «լավ տղու» կեցվածքից, «շուստրի տղերք» պիտի չլինեն. «Մեր զինվորականները սպասում են սրան: Պետք է այնպիսի լուծում տանք, որ զինվորականներին չքաշենք խարդախության մեջ, որ վաղը 80-ը չդառնա 800: Բյուջետային տարում աշխատավարձ բարձրացնենք, մի բան անենք՝ լուծենք խնդիրը: Լվացքարանների վրա 1 մլն դոլարի չափ ծախս ենք անում»:

Երբ եկավ քվեարկելու պահը, Քրիստինե Պողոսյանն առաջարկեց հնարավորություն տալ, որ նախագիծը քննարկվի լիագումար նիստում: Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, թե՝ բացասական եզրակացության դեպքում էլ կարող են քննարկել:

Ի վերջո ՔՊ պատգամավորներից Հայկ Սարգսյանը, Գագիկ Մելքոնյանը, Քրիստինե Պողոսյանը ընդդիմադիրների հետ «կողմ» քվեարկեցին նախագծին ու այն դրական եզրակացությամբ քննարկվելու է լիագումար նիստում:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28