1994 թվականից, Արցախյան պատերազմի զինադադարից հետո ստեղծված իրավիճակում, երբ կար միջազգային բանակցային ձեւաչափ՝ Մինսկի խումբ, 1996-97-ին նաեւ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը ներմուծվեց, Արցախի հանրապետության ՀՀ-ի կողմից ճանաչման հետ կապված խնդիրը կդիտարկվեր որպես բանակցությունների վիժեցման եւ հետեւաբար նոր պատերազմի առիթ Ադրբեջանի համար։ Այդ ժամանակ մեզ նոր պատերազմ պետք չէր։ Այս մասին ֆեյբուքում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մանրամասնելով խնդիրը։
Նա ասաց, որ 1994 թվականից հետո ՀՀ նախկին ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են փոխզիջումային լուծումների։ «Այսինքն, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանը միակողմանի ճանաչեր Արցախի հանրապետությունը, ապա դա նշանակելու էր դիվանագիտական բոլոր հնարավորությունների չեղարկում, դա նշանակելու էր նոր պատերազմ եւ որի մեղավորը կլիներ Հայաստանը եւ հուսալ, որ միջազգային հանրությունը կարող էր մեզ սատարել, միամտություն կլիներ»,-նշեց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ միջազգային պրակտիկան հետաքրքիր օրինաչափություն է ցույց տալիս՝ համաշխարհային պետությունները ճանաչում են այս կամ այն տարածքը որպես անկախ տերություն՝ ռազմական գործողությունների առիթով կամ դրանց նախաշեմին․ «Ռուսաստանի նման գերտերությունը, մինչեւ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը չէր ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, չնայած դրա հնարավորությունը ուներ։ Այսինքն, ՌԴ-ն շատ լավ հասկանում էր, որ չի կարելի հենց այնպես վերցնել ու ճանաչել։ Նույն պատմությունը կրկնվեց Լուգանսկի եւ Դոնեցկի դեպքում՝ ՌԴ-ն լինելով գերտերություն, չէր ճանաչում ինքնահռչակ միավորների անկախությունը, մինչեւ ռուս-ուկրաինական լարվածությունները չհասան ռազմական բախումների եւ սրման փուլին»։
Ապա` Աշոտյանը հիշեցրեց․ «2010-ի դեկտեմբերի 2-ին Աստանայում ԵԱՀԿ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության գագաթնաժողովին Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի գոյության պարագայում Հայաստանին այլ բան չի մնալու, քան ճանաչելու Արցախի անկախությունը, նույնը թվականին նույնն ասել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին։
Կարդացեք նաև
2016-ի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանն իր նստավայր էր հրավիրել ԵԱՀԿ անդամ պետությունների բոլոր դեսպաններին եւ ուղիղ խոսքով ասաց՝ եթե պատերազմը այս քանի օրը չկանգնի, ապա մենք ճանաչելու ենք Արցախի Հանրապետությունը: Այս ուժեղ դիվանագիտական ուղերձը կարծես թե տեղ հասավ, գումարվեց մեր բանակի շատ հաջող հակագրոհներին, եւ հաջորդ օրն իսկ պատերազմը կանգնեց:
Այսինքն, եթե ճանաչում ես՝ լինում է պատերազմ, բայց եթե լինում է պատերազմ՝ պետք է ճանաչես, որովհետեւ աշխարհի կանոնն է այդպես»։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Արցախի անկախությունը պետք էր ճանաչել 44-օրյա պատերազմի ընթացքում, իսկ պատերազմի ընթացքում ՀՀ-ն կորցրել է առնվազն 2 հնարավորություն ՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը․ «Առաջինը ռուսական զինադադարն էր՝ հոկտեմբերի 10-ին։ Երբ հրադադարը խախտվեց, Հայաստանը ստացավ հրաշալի առիթ ճանաչելու Արցախի հանրապետությունը։ Առավոտյան Նիկոլը պետք է զանգեր Վլադիմիր Պուտինին, ասեր՝ հարգելիս, ես քո ջանքերի համար շնորհակալ եմ, տեսար, որ մենք պահեցինք հրադադարը, Ադրբեջանը՝ ոչ, ինձ այլ ճար չի մնում, պետք է ճանաչեմ Արցախի անկախությունը։ Այս քայլի ճիշտ լինելու մասին խոսում է հենց Վլադիմիր Պուտինը իր հետպատերազմյան առաջին հարցազրույցներից մեկում, որտեղ իր զարմանքն է հայտնում, որ ՀՀ-ն չճանաչեց Արցախի հանրապետությունն անգամ պատերազմի ժամանակ։ Եւ սա ակնհայտ քայլ կլիներ, եթե Նիկոլը ռիսկ ունենար կամ ազգային շահի գիտակցում ունենար, կամ իրականում մի քիչ հայ լիներ, ճանաչելու Արցախի հանրապետությունը»։
Հաջորդ բացթողնված հնարավորությունն, ըստ Աշոտյանի, Ֆրանսիայի միջնորդությամբ զինադադարն էր հոկտեմբերի 17-ին․ «Ադրբեջանը կրկին խախտեց հրադադարը։ Ուժեղ հիմքեր կային ճանաչելու համար, եւ այս անգամ բացի Պուտինից՝ պետք էր զանգել նաեւ Մակրոնին եւ ասել՝ «մոն ամի», ես հարգեցի քո զինադադարի կոչը, շնորհակալ եմ շատ, «մերսի բոկու», բայց ես այլընտրանք չունեմ, պետք է ճանաչեմ։ Եւ սա այն կարեւոր քաղաքական դավաճանության մեղադրանքն է, որը ես ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին։ 2-րդն այն է, թե ինչո՞ւ չխոցվեցին ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը, որոնք անցնում էին մեր զինուժի հասանելիության տիրույթում կամ ինչո՞ւ չսպառնացինք դա անել։
Ճանաչումը կտար հնարավորություն Արցախի սուբյեկտայնության բարձրացման, Հարավային Կովկասում «դե ֆակտո» նոր աշխարհաքաղաքական իրավիճակի: Մինչդեռ ներկայիս իշխանությունը առաջ է տանում ադրբեջանաթուրքական թեզերը»:
Ըստ Աշոտյանի, այս իրավիճակում, այս իշխանության օրոք խոսել Արցախի Հանրապետության ճանաչման մասին՝ անիրատեսական է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ