Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբերակում պետք է դրվի բանակում ավտովթարից, դժբախտ պատահարից մահացածի եւ վասն հայրենյաց զոհվածների միջեւ. ՊՆ փոխնախարար

Փետրվար 23,2022 18:35

Այսօր ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու իր նախագիծը:

Նա առաջարկում է ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր ունեցող անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Գործող օրենքով, եթե եղբայրդ զոհվել է, պարտադիր զորակոչում են բանակ եւ ազատում միայն այն դեպքում, եթե ընտանիքի միակ արու զավակն ես մնացել: Հիմա առաջարկում են բանակից ազատել զոհվածի բոլոր որդիներին, եղբայրներին:

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ սկզբում նախագծով մտադիր էին պարտադիր զինծառայությունից ազատել բանակում զոհվածների որդիներին, եղբայրներին, բայց հետո որոշել են տարանջատում մտցնել. «Եթե ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողը, օրինակ, դառնում է ավտովթարի զոհ, հեղինակին խնդրեցինք, որ այս պարագայում զինծառայությունից ազատվի միայն մեկ արու զավակը: Եթե նա ունի այլ քույր, եղբայր, իրենք չընդգրկվեն ու չդառնան այս օրենքի շահառուներ: Իսկ ով իր կյանքը զոհաբերել է հայրենիքի պաշտպանության ընթացքում, նրա մյուս եղբայրները ենթակա են ազատման: Տարբերակում դրվեց ծառայության ընթացքում մահացածի եւ պաշտպանության ընթացքում զոհվածի միջեւ»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ճշտեց՝ դիցուք, զինապահեստի պայթյունի հետեւանքով զոհված զինծառայողը համարվում է դժբախտ պատահարի զո՞հ, թե՞ պաշտպանության ժամանակ զոհված: Արման Սարգսյանը պատասխանեց, որ իր սուբյեկտիվ գնահատմամբ, համարվում է պաշտպանության ժամանակ զոհված, որովհետեւ այդ ժամանակ գտնվել է մարտական հերթապահության մեջ: Ավելին, փոխնախարարն ասաց, որ եթե նույնիսկ կամավորագրվել են ու մեքենայով փորձել են գնալ մարտի դաշտ, չեն հասել, զոհվել են, այդ դեպքում եւս համարվում է պաշտպանության ժամանակ զոհված: Յուրաքանչյուր դեպք պետք է քննվի:

Ըստ Մանուկյանի, խառնաշփոթ է լինելու ու իրավական կազուս, որովհետեւ անհայտ կորածներ կան: Արման Սարգսյանը վստահեցրեց, որ որեւէ խնդիր չի լինի, որովհետեւ անհայտ կորած լինելու փաստը դատարանով հաստատվում է ու իրենք օգտվում են նույն արտոնություններից, ինչ զոհվածի դեպքում է. «Բայց, օրինակ, թիկունքային զորամասում ծառայություն իրականացնող կին զինծառայող դառնա դժբախտ պատահարի զոհ ու եթե ինքը ունենա 3 եղբայր, երեք եղբայրներն էլ ավտոմատ ազատվելու են պարտադիր զինծառայությունից, դրա համար մենք տարանջատում ենք դրել նրանց միջեւ, ովքեր նահատակվել են՝ վասն հայրենյաց»:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց. «Կարող են կողմնապահ մոտեցումներ լինել, մեկին համարել դժբախտ պատահարի զոհ, մեկին՝ պաշտպանության ժամանակ զոհված: Բայց երկու տարի զինծառայողը գտնվում է ՊՆ-ի ուղիղ պաշտպանության ներքո ու ցանկացած դեպքում, եթե նա մահանում է, ՊՆ-ն պատասխանատվություն է կրում: Հետեւաբար ասել, որ ավտովթար է, դժբախտ պատահար է, չպիտի օգտվի, իրավունքի տեսանկյունից խիստ խնդրահարույց է ու կարող է հետագայում դառնա շահարկման առարկա, ինչքան էլ լավ օրենք լինի: Դա պետք է վերաբերվի ցանկացած պատճառով զոհվածի, ասենք, զինվորը հոսանքահարվում է: Եթե այս օրենքը որեւէ մեկը վիճարկի՝ խնդիր է առաջանալու»:

Արման Սարգսյանը պատասխանեց, որ եթե բանակում անգամ դժբախտ պատահարից զոհվում է, ընտանիքի միակ արու զավակը ազատվում է ծառայությունից՝ գենը շարունակելու տրամաբանությամբ. «Բայց մենք ունենում ենք դեպքեր, երբ ծառայակցի կողմից սարքած վեճի արդյունքում վնասվածք են պատճառում, ինչը հանգեցնում է զինծառայողի մահվան: Մենք հավասարության նշան չենք ուզում դնել այսպիսի դժբախտ պատահարի հետեւանքով մահացածների եւ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերի կամ մարտական հերթապահության ընթացքում իր կյանքը զոհվածների միջեւ: Ես չեմ կարծում, թե սա անարդար մոտեցում է, հենց արդարությունը վերականգնելուն է ուղղված այս առաջարկը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28