Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդում կհիմնվի ադամանդի վերամշակման գործարան

Փետրվար 23,2022 17:04

Օրերս ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նախատեսում են հիմնել ադամանդի վերամշակման գործարան։ «Ալավերդի Դայմոնդս» անվանումն ունեցող ընկերությունն արդեն պետական գրանցում է ստացել։ Իսկ գործարարը Արտակ Բաղիկյանն է:

Ալավերդիում գործող «Համայնքային համախմբման եւ աջակցության» ՀԿ կենտրոնի ղեկավար Օլեգ Դուլգարյանը մեր զրույցում ասաց, որ ինքը որպես ՀԿ ներկայացուցիչ՝ տեղյակ է գործարանի ստեղծման մասին, սակայն միեւնույն ժամանակ նշեց, որ քննարկումներ բնակչության հետ չեն եղել. «Քննարկումներ չեն եղել, հասարակության հետ որոշակի հանդիպումներ չեն եղել: Միայն մի քանի ամիս առաջ քաղաքապետարանի էջից տեղեկացանք, հիմա էլ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի էջից ենք տեղեկացել»:

Գրառման մեջ Արեն Մկրտչյանը տեղեկացրել էր, որ այս պահին ներդրողների աջակցման կենտրոնը դիտարկում է ներդրումային ծրագիրը, որի ուսումնասիրությունն ավարտելուց հետո այն կփոխանցվի կառավարությանը։ Ըստ ծրագրի՝ նախատեսվում է ձեռք բերել Միքայել Նալբանդյանի անվան նախկին դպրոցի վթարային շենքը: Ստանձնելով պարտավորություն` կատարել ներդրում, շենքն ու հարակից տարածքը կապիտալ հիմնանորոգել ու ապա նոր միայն ծավալել գործունեությունը։

Օլեգ Դուլգարյան

Մեկնարկային փուլում նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ, այն ավելացնելու հեռանկարով. «Իրականում մինչեւ տվյալ բիզնես նախագծին ծանոթ չլինես, կամ հանրության հետ այդ առումով քննարկումներ չլինեն, իրական աշխատատեղերի քանակի մասին չես կարող համոզված լինես, թե որքան կլինեն: Շատ դեպքերում ականատես ենք լինում, որ աշխատատեղերի ինչ-որ թվեր են ասում, հետո այդ թվերը չափազանցված են լինում կամ պակասում են: Այդպիսի բան ավելի հաճախ հանքաարդյունահանողների եւ ՀԷԿ-երի ստեղծողների կողմից ենք լսում, որ հետո իրականությանը չեն համապատասխանում: Այս դեպքում ավելացնելու բան չունեմ: Իսկ ընդհանրապես Ալավերդիում ցանկացած աշխատանք թեթեւ արդյունաբերության, կանաչ տնտեսության կամ փոքր ու միջին ձեռնարկատիրության, շատ մեծ դերակատարում կարող է ունենալ: Բացի այն, որ Ալավերդին սոցիալական խնդիր ունի, նաեւ 100-ամյակներով այն մտածողությունն է եղել, որ կա պղնձաձուլարանը եւ իրենք պետք է այդտեղ աշխատեն: Այստեղ շատ կարեւոր է, որ այլընտրանքային մտածողությունը զարգացվի, այսինքն, որ բացի դրան կարող է նաեւ այլ բան ստեղծվել քաղաքում եւ զարգացվել»,– ասաց Օլեգ Դուլգարյանը։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28