Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր այցելեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Նորիկ Վարդանյանի ընտանիքին: Նորիկն այսօր կդառնար 20 տարեկան: Հերոսի մայրը՝ տիկին Արմինեն, արցունքն աչքերին, բայց հպարտությամբ ցույց է տալիս սենյակում որդուն նվիրված անկյունը՝ լուսանկարներից մեղմ ժպտացող պատանի, հիշողություններ և «Մարտական ծառայության» և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալներ՝ տրված արիության ու խիզախության համար:
Նորիկը ծառայում էր ԱՀ Մարտունու զորամասում, պատերազմի օրերին նրանց վաշտը մասնակցել է Հադրութի ուղղությամբ ծավալված մարտերին, պայքարել են մինչը վերջին շունչը՝ հակառակորդին պատճառելով զգալի վնասներ, բայց փրկվել ողջ վաշտից, ցավոք, ոչ մեկին չի հաջողվել: Զավակների կորստի ցավը միավորել է այս վաշտի հերոսների ծնողներին, ովքեր հաճախ են հանդիպում, խոսում, հիշում ու սփոփում միմյանց: Հիմա էլ հանրապետության տարբեր ծայրերից վաշտի ծնողներից եկել ու համայնքապետ Կառլեն Մկրտչյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանի ու աշխատակիցների հետ նշում են հերոսի ծնունդը:
-Սիրելի տիկին Արմինե, այսօր մեզ համար պատիվ է լինել այստեղ և մեր հերոսի ծննդյան օրը ձեզ հետ անցկացնել, հերոսները չեն մահանում, նրանք հավերժ են իրենց թողած հետքով ու գործերով, ինչպես հավերժ է Նորիկ Վարդանյանի անունը, որով պիտի հպարտանան ու դաստիարակվեն գալիք սերունդները: Իմ զորակցությունը Ձեզ, այստեղ հավաքված բոլոր ծնողներին: Անբուժելի է ձեր ցավը, որը ոչնչով չի մեղմվի, ընդունեք իմ որդիական ջերմությունը ձեր որդիների փոխարեն,-իր խոսքում, մասնավորապես, նշեց պարոն Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Այցելությունն այնուհետ շարունակվեց քաղաքային պանթեոն, որտեղ հանգչում է Նորիկը: Համայնքի ղեկավարը մեկ անգամ ևս ներկայացրեց հերոսի անցած փառավոր ուղին՝ հանուն հայրենիքի ու նրա պաշտպանության և փառք ու պատիվ տվեց բոլոր հերոսներին: Խնկաբույր ծուխը օդ էր բարձրանում, լուսանկարից ջերմ ժպտում է Նորիկը, ժպտում է աշխարհին, հայրենիքին, հանուն որի չխնայեց իր մատաղ կյանքը: Ծնունդդ շնորհավոր, Հերոս:
Գոհար ՀՈՎՍԵՓՅԱՆ