Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևանում 2021թ. գրանցվել է հանցագործության 16438 դեպք. 18.3 % -ով ավելի՝ նախորդող տարվա համեմատ

Փետրվար 23,2022 16:36

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն՝ ամփոփելու 2021թ. ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր շարժընթացի, դրա դեմ պայքարի, Երևան քաղաքի և վերջինիս վարչական շրջանների դատախազությունների կատարած աշխատանքի արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարները:

Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը զեկուցել է, որ 2021թ. մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 16438 դեպք՝ նախորդ տարվա 13892 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերը աճել են 2546-ով կամ 18.3 % – ով: Բացահայտումը կազմել է 51.6%՝ նախորդ տարվա 50.4% – ի դիմաց:

Հատկապես անհանգստացնող է համարվել մայրաքաղաքում սպանությունների կատարման դեպքերի աճը: Մասնավորապես, 2021թ. Երևանում արձանագրվել է սպանության 26 դեպք, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 15-ով կամ 136.4%-ով: Անդրադառնալով այս խնդրին՝ Երևան քաղաքի դատախազը նշել է, որ դրանց մի մասը կատարվել է լարված հարաբերությունների, անձնական թշնամանքի և վրեժի հողի վրա: Որոշ դեպքերում դրանք կատարվել են նաև քրեական ենթամշակույթից ածանցվող մտածողության և վարքագծի ազդեցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ առկա իրավիճակը համարել է ահազանգող։ Նա շեշտել է հատկապես պրոֆիլակտիկ, կանխարգելիչ միջոցառումների, հանցավոր վարքագիծ ունեցող անձանց նկատմամբ հսկողության գործառույթների անշեղ իրականացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև, որ մայրաքաղաքում ավելացել են կրկնահանցագործությունները: Արթուր Դավթյանը հանձնարարել է սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, ավազակության բոլոր դեպքերն ուսումնասիրել, և այն դեպքերում, երբ կպարզվի, որ դրանց նպաստել է նաև պրոֆիլակտիկ պարտադիր աշխատանքների կատարման պարտականությունների չկատարումը, համաչափորեն նախաձեռնել Ոստիկանության տվյալ աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու գործընթաց: Իսկ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որևէ նահանջ, փոխզիջում չպետք է լինի:

Խնդրահարույց ուղղություններից մեկը շարունակում է մնալ մայրաքաղաքում երթևեկության կանոնների հանցավոր խախտման, մահվան ելքով դեպքերի աճը: 2021թ. մայրաքաղաքում գրանցվել է ՃԵԿ խախտման հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 625 դեպք, որը 15.5%-ով ավելի է նախորդող տարվա համեմատ, իսկ մահվան ելքով դեպքերը եղել են 64-ը՝ 2020թ. 59 դեպքի դիմաց: Որոշ չափով աճել է այս բնույթի հանցագործությունների բացահայտման մակարդակը՝ կազմելով 85.1%, նախորդ տարված 79.8%-ի դիմաց:

Արթուր Դավթյանը դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր նման քրեական գործով օպերատիվ կերպով պարզել ՃՏՊ-ի պատճառները և նպաստած գործոնները և բոլոր այն դեպքերում, երբ դրանք պայմանավորված են իրավասու մարմինների գործառույթների, դրանց թերի կատարման հետ, այդ մարմիններին պարտադիր ներկայացնել դրանց վերացմանն ուղղված՝ առարկայական լուծումների առաջարկներ պարունակող միջնորդագրեր:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևան քաղաքի դատախազության հետ արդյունավետ հաղորդակցություն է հաստատվել: Դրա արդյունքում դատախազությունից ստացել են այնքան տեղեկատվություն, որը թույլ է տալիս բավարար վերլուծությունների հիման վրա հասցեական միջոցառումներ իրականացնել մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա նաև մանրամասներ է ներկայացրել քաղաքապետարանի կողմից երթևեկության կազմակերպման ոլորտում նախաձեռնված բարեփոխումներից, որոնք մի մասով ուղղված են նաև ՃԵԿ իրավախախտումների արձանագրման առավել ճկուն համակարգի ներդրմանը:

Թեև ընդհանուր առմամբ հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով իրավասու մարմիններին կամ սուբյեկտներին Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից միջնորդագրեր ներկայացնելու ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է, սակայն գլխավոր դատախազը դա բավարար չի համարել: Նա նշել է, որ այդ գործառույթի իրականցումը իրավիճակի փոփոխմանը միտված դատախազական ներգործության ամենաազդեցիկ միջոցներից է, և այդ գործիքը պետք է կիրառվի բոլոր անհրաժեշտ դեպքերում: Ընդ որում՝ նա հանձնարարել է նախաձեռնողականությունն ավելացնել ոչ միայն միջնորդագրերի ներկայացման, այլ նաև դրանցով գործնական արդյունքների ապահովմանը հետամուտ լինելու հարցում: Արթուր Դավթյանը շեշտել է, որ ինչպես այս, այնպես էլ նախնական քննության արդյունավետության, լրիվության և բազմակողմանիության ապահովման նպատակով նախաքննության մարմիններին արդյունավետ ցուցումներ, օպերատիվ-հետախուզական մարմիններին առարկայական հանձնարարություններ տալու դատախազական գործառույթի իրականացման ցուցանիշը դառնալու է դատախազների խրախուսման, առաջխաղացման հարցի քննարկման հիմնական բաղադրիչներից մեկը:

Այս առումով Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ Երևան քաղաքի դատախազության և մայրաքաղաքի վարչական շրջանների դատախազների կողմից ներկայացվել է ընդհանուր 421 միջնորդագիր և հաղորդում, իսկ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնին տրվել է 1919 ցուցում, հետաքննության մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու 842 հանձնարարություն, որոնք ևս կրկնակի ավելի են նախորդող տարվա համեմատ:

Դրանից բացի՝ դատախազների կողմից նախնական քննության օրինականության ապահովման համատեքստում վերացվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 127, քրեական գործի վարույթը կարճելու մասին 262, ինչպես նաև քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 418 որոշում: Նրանց կողմից նաև հաստատվել է 1869 քրեական գործով մեղադրական եզրակացություն, այդ գործերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակարանային գողությունների դեպքերի նվազմանը, դրան միտված դատախազության նախաձեռնությունների շարունակմանը, Երևանի ժամանցային վայրերում գիշերային ժամերին տեղի ունեցող խուլիգանությունների դեմ պայքարի միջոցների կոշտացմանը, Երևանի խոշոր առևտրի կենտրոններում տեղի ունեցող գողությունների դեմ պայքարի արդյունավետությանը: Մանրամասն քննարկվել են նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում Երևան քաղաքի դատախազության կողմից նախաձեռնված ոլորտային ծավալուն ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները:

Ամփոփելով՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է խորհրդակցության արդյունքներից բխող կոնկրետ այլ հանձնարարություններ ևս:

Նա շնորհակալություն է հայտնել դատախազներին՝ 2021թ. ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրությունների օրինականությունը, քաղաքացիների ընտրական ազատ կամարտահայտությունն ապահովելու հարցում դրսևորած հետևողականության, պետության կայունության տեսանկյունից վճռորոշ ժամանակահատվածում բացարձակ քաղաքական զսպվածություն և պետական ծառայողին հարիր անկողմնակալություն ցուցաբերելու համար:

Նա շեշտել է, որ դատախազության ստորաբաժանումները հիմնական առաջնահերթություն պետք է դարձնեն նաև քաղաքացիների հետ ուղիղ հաղորդակցության ձևավորումը, քաղաքացիների, դատավարության մասնակիցների հետ ինչպես վերջիններիս, այնպես էլ հենց դատախազների նախաձեռնությամբ ընդունելությունների կազմակերպումը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28