«Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը Հայաստանի վրա լրջորեն ազդեցություն է ունենալու եւ մի քանի ուղղություններով է դա լինելու»,-Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը` խոսելով այն մասին, թե ինչ հնարավոր հետեւանքներ կարող է ունենալ ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի վրա:
«Ամենաառաջին ազդեցությունը լինելու է տնտեսական առումով. Հայաստանի տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 առեւտրային գործընկերն է, մեր առաջին արտահանման վայրը, հետեւաբար ռուսական տնտեսության թուլացումը եւ կաթվածահար լինելը միանշանակ ազդելու է Հայաստանի տնտեսության վրա: Պատկերավոր ասած` եթե Ռուսաստանի տնտեսությունը թեթեւ մրսում է, Հայաստանի տնտեսությունը հիվանդանում է, քանի որ մեր երկրի տնտեսության կախվածությունը բավականին մեծ է Ռուսաստանի տնտեսությունից:
Նվազելու են Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները, որովհետեւ ռուսական ռուբլին սրընթաց գահավիժում է, անկում է ապրում ամենօրյա ռեժիմով: Այնպես որ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքները նաեւ Հայաստանն իր մաշկի վրա է զգալու»,-հավելեց քաղաքագետը:
Արմեն Վարդանյանի խոսքով, հնարավոր է, որ անվտանգային առումով եւս որոշակի խնդիրներ ունենանք. «Եթե Ռուսաստանը շատ թուլանա Արեւմուտքի հետ դիմակայության ընթացքում, չի բացառվում, որ Ադրբեջանն օգտվի ստեղծված իրավիճակից եւ Արցախում նոր սադրանքներ, ընդհուպ մինչեւ նոր պատերազմ հրահրի»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Մեդիա կենտրոնի