Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քննարկում ենք նաև դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը»

Փետրվար 23,2022 15:56

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը անդրադարձ է կատարվել  Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իրավիճակը գնում է կայուն նվազման: «Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի, նոր դեպքերը 946-ն են: Ցավոք, ունենք 24 մահ: Այս պահին Հայաստանում շրջանառվում է «օմիկրոն» շտամի Բ1 և Բ2 ենթաշտամերը: Մենք ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում: Եվ, կարծես, «դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել «օմիկրոն» շտամի ազդեցության ներքո:

 Ընդհանուր առմամբ, իհարկե, մենք տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն: Բայց, միևնույն է, այն քաղաքացիների մոտ, ովքեր պատվաստված չեն, ունեն քրոնիկ հիվանդություններ, լինում են  նաև ծանր դեպքեր և, ինչպես տեսնում եք, ունենք մահվան դեպքեր: Այնպես որ, պետք է պատվաստման առումով մեր զգոնությունը շարունակենք պահպանել և մանավանդ՝ տարեց քաղաքացիների և քրոնիկ հիվանդություններով քաղաքացիների պատվաստումներն օր առաջ կազմակերպենք: 65-ից բարձր քաղաքացիների պատվաստումների մասով մենք ունենք արդեն 40 տոկոս ցուցանիշ, որը վերջին 1-2 ամսում բավական աճել է, բայց մենք բոլոր ջանքերը ներդնում ենք այդ ցուցանիշն ավելացնելու: Մենք այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 080715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47.9 տոկոսը և երկրորդ դեղաչափը ստացած, այսինքն՝ ամբողջությամբ պատվաստված 905 624 քաղաքացի, որը կազմում է 40 տոկոսը: Իրականացնում ենք նաև 3-րդ խթանիչ դեղաչափով պատվաստումներ: Ունենք արդեն 20 169 քաղաքացի, որոնք ստացել են բուստեր դեղաչափ»,-ասել է նախարարը: Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ հաջորդ շաբաթվանից կնախատեսվեն  հիվանդանոցների հետծավալման և մահճակալների կրճատման աշխատանքներ:

Վարչապետի խոսքով՝ հիմնական նորությունն այն է, որ առկա է ամենօրյա թվերի հաստատուն նվազում, վերջին շաբաթվա ընթացքում՝ մի փոքր ավելի. «Ես ուզում եմ հիշեցնել, որ «օմիկրոնի» մուտք գործելու դեպքում, ինչպես և սպասում էինք, օրական աննախադեպ թվեր ունեցանք, մինչև 4500-ի կարգի: Բայց դրանից հետո, մեր թվերը կայուն նվազում են: Մասնագետները ասում են, որ այդ թվերի նվազման տեմպը շարունակվելու է:  Հիմա փաստորեն մենք քննարկում ենք նաև դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը: Այսինքն՝ նույնիսկ փակ տարածքներում մենք պարզապես դիմակը ոչ թե պարտադիր կրման ռեժիմում կունենանք, այլ խորհուրդ կտրվի ուղղակի կրել դիմակ»:

Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ հիմնվելով  տվյալների վրա և վերարատադրողության ցուցանիշի վրա կանխատեսվում է, որ  առաջիկայում ևս հիվանդացության դեպքերի նվազման տեմպը պահպանվելու է: «Մեր սահմանափակումները նաև դիտարկում ենք  այլ երկրներում հակահամաճարակային կանոնների վերանայումներին,  մասնագիտական, ԱՀԿ-ի և այլ խորհրդատվություններին համահունչ: Այս շաբաթվա ընթացքում տենդենցի պահպանման շրջանակում մենք,  վերանայելու ենք որոշ սահմանափակումներ: Դիմակների կրումը որոշ հաստատություններում, ինչպիսին, օրինակ՝ բժշկական կենտրոններն են, կմնան պարտադիր, որովհետև այնտեղ ունենք բարձր ռիսկայնություն: Ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունը կլինի խորհրդատվական բնույթի, որ քաղաքացիները պահպանեն դիմակների կրումը, երբ գտնվում են այլոց հետ փակ տարածքում՝ շատ մարդկանց շրջանում: Բայց կրելու պարտադիր բնույթը վերանայվելու է»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Պետական աջակցություն կտրամադրվի  սահմանամերձ համայնքների բնակիչներին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 155,205.8 հազար դրամ հատկացնել՝  ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման և բնակավայրերին աջակցություն տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման համար:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը սահմանամերձ և սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներին կոմունալ ծախսերի և անշարժ գույքի  հարկի գծով որոշակի փոխհատուցում տալու մասին է։ Սանդղակները նախկինում գործել են, հիմա  հանգամանքների բերումով շահառուների թիվն ընդլայնվել է, և մենք ուղղակի լրացնում ենք, որպեսզի սահմանամերձ գյուղերում բնակվող մեր հայրենակիցներին աջակցենք կոմունալ ծախսերի գծով, ինչը կարևոր է նաև ընդհանուր այս գնաճային ֆոնի վրա»:

Մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 435 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի  իրականացման  համար

Գործադիրի որոշմամբ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին կհատկացվի 1,435,428.6 հազար դրամ՝ համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացն ապահովելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գումարը հատկացվելու է 13 համայնքներում շուրջ 15 սուբվեցիոն ծրագրեր իրականացնելու նպատակով: «Բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզում` 4 մլն, Արարատի մարզում` 42.5, Արմավիրում` 28 մլն, Գեղարքունիքում` 145, Լոռու մարզում` 38, Շիրակում` 23 և Սյունիքի մարզում 1 ծրագիր է, բայց 1 մլրդ 181 մլն դրամ արժողությամբ: Վերջինս վերաբերում է Քաջարանի բազմաբնակարան 25 շենքերի էներգախնայողության բարձրացմանը: Այս խոշոր ծրագրին  կառավարությունը մասնակցում է 70 տոկոսով, մնացած 25 տոկոսը հատկացվում է ՄԱԿ–ի զարգացման ծրագրերով, և միայն  5 տոկոսը կտրամադրի համայնքը, որի կեսը` 2.5 տոկոսը տրամադրելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` որպես համայնքի հովանավոր»,-ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծրագրերին, նշել է, կառավարությունն այս որոշմամբ սուբվենցիոն ծրագրերի հերթական ֆինանսավորումն է իրականացնում: Այդ համատեքստում  վարչապետն ընդգծել է աշխատանքները որակով կատարելու անհրաժեշտությունը. «Իհարկե, մենք տարբեր մարզպետարանների, տեսչական մարմինների միջոցով որակի վերահսկողություն իրականացնում ենք, բայց, այնուամենայնիվ, երբ մենք կոնկրետ ծրագրերի մասին բարձրաձայնում ենք, դրանով նաև հանրության ուշադրությունն ենք հրավիրում դրանց վրա և հանրային վերահսկողության որոշակի մեխանիզմ ենք գործարկում»:

Մասնավորապես, Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում իրականացվել է փողոցների արտաքին լուսավորության ծրագիր, Արարատի մարզի Վարդաշեն համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցը կբարելավվի, Արտաշատում Օգոստոսի 23-ի փողոցի մի շարք շենքերի տանիքներ են հիմնանորոգվել: Մասիս քաղաքում ճանապարհի և մայթերի կառուցման ծրագիր է իրականացվել՝ 42 միլիոն դրամանոց, Գեղարքունիքի մարզում՝ Ծովինար համայնքում, խմելու ջրագծի կառուցում՝ 149 միլիոն դրամի, շինարարությունն ընթացքի մեջ,  Գեղարքունիք համայնքում խմելու ջրագծի հիմնանորոգում: Իրականացվել են Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կառուցման աշխատանքներ:  90 տոկոսով ավարտվել են Ճամբարակի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների և Լոռու մարզի Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրի զբոսայգու վերանորոգման աշխատանքները: Ջրաշեն համայնքում կառուցվել է 20 կիլովատ հզորությամբ եռաֆազ ֆոտոլարային արևային կայան, համայնքի ճանապարհային էներգաարդյունավետ լուսավորության համակարգ,  Սարամեջ համայնքում գազիֆիկացման ծրագիր է իրականացվել: Հիմնանորոգվել են Շիրակի մարզի Լուսակերտ համայնքի 6-րդ և 7-րդ փողոցները,  Ափի համայնքի Աղվորիք, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ գյուղական բնակավայրերում կառուցվել է ջրագիծ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Քաջարան համայնքում՝ էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված աշխատանքներին, նշել է, որ այն  չափազանց կարևոր ծրագիր է՝ նաև  մարդկանց սոցիալական վիճակի բարելավման առումով. «Մենք օգնում ենք, որ քաղաքացին կոմունալ վարձերի գծով խնայողություն ունենա: Մենք պայմանավորվել ենք, որ էներգաարդյունավետության ծրագրերը պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն և որտեղ հնարավոր է պետք է այդպիսի ծրագրեր  իրականացվեն»:

Գնել Սանոյանը տեղեկացրել է նաև, 2022 թվականին երկու-երեք թիրախ է ընտրվել ու վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք արդարացված են: Խոսքը մանկապարտեզների կառուցման, խմելու ու ոռոգման համակարգերի, ճանապարհների մասին է. «Ամենաշատը այս երեք ուղղությունների վերաբերյալ են  հայտեր ստացվել: Ընդհանուր առմամբ 457 հայտ է՝ 78,2 մլրդ դրամի:  Իհարկե, այս թիվը վերջնական չէ»:  ՏԿԵ նախարարը նշել է, որ մանկապարտեզների մասով առկա է 173 հայտ, որից 38-ը կառուցման, մնացածը՝ հիմնանորոգման, վերանորոգման և բարեկարգման:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը խնդիր է դրել մինչև 2026 թ.-ը 500 մանկապարտեզ կառուցել. «Հաշվի առնելով այս ծրագիրը, պետական բյուջեով և հիմնադրամներով նորոգվող մանկապարտեզները՝ մինչև 2026 թվականն ակնհայտորեն 500-ից ավելի մանկապարտեզ կկառուցենք: Այսինքն՝ մանկապարտեզների կառուցման նախընտրական խոստումի իրականացումն արդեն դրվում է ռելսերի վրա»:  Վարչապետը նշել է նաև, որ հիմնանորոգված դպրոցներում և   մանկապարտեզներում պետք է բացառվի  օգտագործված գույքերի առկայությունը: «Ծրագրերը քննարկելիս այս բոլոր նրբությունները պետք է հաշվի առնենք: Մենք չպետք է ունենանք  հիմնանորոգված դպրոց,  մանկապարտեզ, երեխաների հետ կապված որևէ շինություն, որտեղ կլինի օգտագործված որևէ բան: Սա ուղղակի դպրոց չէ, սա ուղղակի մանկապարտեզ չէ, սա պետական ռազմավարական ծրագիր է և այդ ռազմավարական մոտեցումը պետք է ամեն անկյունում երևա: Կարելի է մեկ-երկու միլիոն դրամ ավելի ծախսել և ստանալ լիարժեք, ամբողջական պատկեր»,-ասել է կառավարության ղեկավարը:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ այս պահի դրությամբ առկա է շինարարական մրցույթում գտվող  25 դպրոցների և 9 մանկապարտեզների հայտ, նախագծման փուլում՝  28 դպրոցների և 14 մանկապարտեզների հայտ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  2022 թվականի արդյունքներով պետք է ունենանք 100 նոր դպրոց, այդ թվում՝  այն դպրոցները, որոնց շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին. «Մենք արձանագրում ենք, որ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրն իրատեսական  է և չպիտի որևէ բան խանգարի դրանց լիարժեք իրականացմանը»:

 ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է նաև, որ համայնքների խոշորացումը նպաստում է սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Օրինակ՝ Նաիրի խոշորացված համայնքում միայն 600 մլն դոլարի ասֆալտապատման ծրագիր է իրականացնում, Հրազդան համայնքի մի շարք բնակավայրերում՝ 700 մլն դրամի:

Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ խոշորացված համայնքներին առաջիկայում միջինում 300 մլն դրամի լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի՝ քաղաքների համար անհրաժեշտ, հիմնականում տեխնիկայի, գնումներ իրականացնելու համար:

Մինչև տարեվերջ կավարտվեն  Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

 Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն  ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի: «Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում  բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին», – ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շուրջ 15 նոր փոքր ջրամբար կառուցելու անհրաժեշտության մասին խոսվել է նաև նախընտրական շրջանում. «Մենք հիմա այդ ծրագրի ուղղությամբ էլ որոշակի առաջընթաց ունենք: 2022թ. բյուջեով  2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծման համար: Սկսում ենք նաև  Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները: Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել, որ մենք, ինչպես նախկինում պայմանավորվել ենք, այս նախագծման աշխատանքների ընթացքում, դիտարկում ենք նաև էներգետիկ հնարավորությունները, թե ինչքանով կարող են այդ ջրամբարները էներգետիկ պոտենցիալ ունենալ: Այսինքն՝ ջրամբարների կամ հոսքերի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու, տեղադրելու նպատակահարմարությունը»:

Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամաս կկառուցվի

Կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի  հատկացնել 31,800.0 հազ.դրամ՝ Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքներն իրականացնելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Աշոտաբերդ թաղամասը կառուցվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Թաղամասում առկա են թվով 24 բազմաբնակարան փայտյա շենքեր՝ 296 բնակարաններով, որոնք շահագործման են հանձնվել 1989 թ.-ից և հատկացվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին: Նախորդ տարիներին ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից հավաքագրված տվյալների համաձայն նշված բնակարաններից 126-ը սեփականաշնորհված բնակարաններ են, իսկ  170-ը՝ համայնքային սեփականություն հանդիսացող: Այդ շենքերի համար նախատեսված է եղել 25 տարվա շահագործման ժամկետ: Բացի այդ նշված շենքերի պահպանման համար պարտադիր պայման է հանդիսացել փայտյա կոնստրուկցիաների պաշտպանիչ միջոցառումների իրականացման աշխատանքների ապահովումը, որը չի կատարվել և տարիների շահագործման ընթացքում վերոհիշյալ շենքերի բնակարանները դարձել են բնակվելու համար ոչ պիտանի: Ըստ այդմ՝ վթարային այդ շենքերի բնակիչների կյանքի անվտանգության ապահովումը գնահատվում է որպես օրակարգային խնդիր: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է 2022թ. Աշոտաբերդ համայնքում թվով 10 բազմաբնակարան նոր շենքերի կառուցման  նախագծային աշխատանքների մեկնարկ և ֆինանսավորում, որը հիմք կհանդիսանա 2023 թ. շինարարական ծրագրի փուլային իրագործման համար:

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարությունը բավարարել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել  պտուտակավոր (Twist Off)   կափարիչների տեսականի, ինչպես նաև թիթեղյա տարաների արտադրության համար։ Ստացված արտադրանքը իր ուրույն տեղն է գտնելու հայկական շուկայում և հնարավորության դեպքում արտահանվելու է նաև Ռուսաստան, Վրաստան և այլ երկրներ։ Արդեն իսկ իրականացվել է 25 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 380 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 22 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30.1 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև  «Էլմա շուզ» ՍՊԸ-ն: Ներմուծվող հումքն ընկերությունն օգտագործելու է կոշիկի արտադրության համար: Արդեն իսկ իրականացվել է 16.8 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 340 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ` մինչև 168,000 դրամ միջին աշխատավարձով։ Ընկերությունը վերջին 3 տարիների ընթացքում արտադրանքի զգալի մասը արտահանում է ՌԴ։ Ներկայումս ծրագրով նախատեսված արտադրանքի 80 և ավելի տոկոսը նախատեսվում է արտահանել նաև ԵՄ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 336.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 19 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու թույլտվություն է տրամադրվել նաև «Էմ Էռ Ինվեստ» ՍՊԸ-ին: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել  խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ հիմնման համար։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում։  2018 թ. հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3.2 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է մինչև 2024 թ. ստեղծել 40-50 նոր աշխատատեղ` մինչև 204 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 353 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23.5 մլն դրամ:

Միջազգային համագործակցություն

 Գործադիրը հավանություն է տվել 2018 թվականի հունիսի 6-ին ստորագրված՝ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման, ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործումը և կատարելագործումն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության բարձրացման և դրանց միջև փոխգործակցության կապերի կազմակերպման նպատակներով: Համաձայնագրի շրջանակում համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմական նշանակության կապի ժամանակակից տեսակների, ինչպես նաև արբանյակային կապի համակարգերի ուղեծիրային խմբավորման օգտագործումը:

Հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետության  և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը։ Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունը ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար։

Այլ որոշումներ. կբարձրացվի օդային տրանսպորտի բնագավառում քաղաքականության արդյունավետությունը

 Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգում, որը կանոնակարգում է ՀՀ օդային տարածքում ու աերոդրոմներում քաղաքացիական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու գործընթացը: Ըստ այդմ` նախատեսվում է  քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից հաստատված ընթացակարգերի և դրանցով սահմանված պահանջների փոփոխություններ: Մասնավորապես, ուժը կորցրած են ճանաչվել Եվրակոնտրոլ կազմակերպության Էս Էյ Ար Ար (ESARR) կանոնակարգերը՝ պայմանավորված  քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող Եվրամիության կանոնակարգերի (EU Regulation) ընդունման հետ, ինչպես նաև սահմանվել են լրացուցիչ պահանջներ աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման հետ: Միաժամանակ, հստակեցվել են թույլտվություն տալու և թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների իրականացման գործընթացների շրջանակում իրականացվող ուսումնասիրությունների ժամկետները։

Գործադիրը հավանություն է տվել  «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում  լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը: Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով ՀՀ շուկայում նոր արտադրատեսակների առկայությունը,  անհրաժեշտություն է առաջացել վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը` ներառելով այդ արտադրատեսակների  կարգավորումը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28